Ապրիլի 29-ի Սուրբ Հարության խորհրդով ուխտերթը և ՛ անհատական, և՛  ընդհանրական շերտ ունի․․․ Տեր Մակար քահանա Գալամդարյան

Գյումրիում՝ Ապրիլի 29-ին, Ս. Հարության խորհրդով նախատեսվող ուխտերթի մասին arjeq.am-ը զրուցել է Տեր Մակար քահանա Գալամդարյանի հետ։

  • Ապրիլի 29-ին Հարության Ոգեկոչման խորհրդով Ուխտերթ է նախատեսվում Գյումրիում։ Կարելի է՞ սա դիտարկել ավելի գլոբալ պայքարի համատեքստում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում պայքար է գնում Արարչագործ մարդու և սպառող, նյութապաշտ մարդու միջև, այսինքն Աստծո և Չարի համակարգի միջև։

— Ապրիլի 29-ի Սուրբ Հարության խորհրդով ուխտերթը և ՛ անհատական, և՛  ընդհանրական շերտ ունի. անհատական դարձով, մեղքերի  գիտակցումով, դրանից զերծ ապրելու որոշումով պիտի գա նաև ընդհանուր մեղքի և չարիքի դեմ   հաղթանակը։ Մարդը, ինքը գիտակցելով իր մեղքը, պիտի դառնա Աստծուն և ապրի Աստծո պատվիրաններով, այսինքն՝ սեփական ապահովությունն ու հարմարավետությունը ավելի  չգերադասի, քան Աստծո պատվիրանները, եսի բարեկեցությունն ավելի չգերադասի, քան Աստվածատուր Հայրենիքը։

  • Շատերն են խոսում, որ մենք առաջինը պարտվեցինք Հոգևոր դաշտում, հետո նոր ռազմադաշտում։ Ինչու այդպես եղավ։

— Հոգևոր պարտությու՞ն. կարելի է և այդպես ասել, քանզի երբ եսդ ավելի ես կարևորում, քան Հայրենիքդ, դա արդեն հոգևոր թերացում է։ Երբ ժողովրդի կյանքում բաժանություններ բերելու մեխանիզմներն ու ամեն բան քաոսի վերածելն ավելի արդյունավետ է գործում, քան միավորվելը, դա հոգևոր թուլության արդյունք է։ Ինչու՞ է այդպես. դժվար հարց է, բայց որ մեր հոգևոր համակարգի թուլացման համար տարիներ շարունակ ամեն բան արվել է, դա փաստ է։

  • Հարության Ոգեկոչման Ուխտերթի կապակցությամբ, ի՞նչ կոչով կդիմեք մեր ժողովրդին։

— Դառնանաք դեպի Աստված և մեր Տիրոջը ոչ միայն շուրթերով, այլ առավելաբար պաշտենք մեր կյանքով, հայրենիքը սիրենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Լինենք միասնական մեր Տեր Հիսուս Քրիստոսով։

Զրուցեց՝ Անահիտ Հովհաննիսյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *