Եթե պահենք մեր ուղղափառ հավատքը, ապա Քրիստոսի իջման վայր, Բելին հաղթած Հայկի հայրենիք Սրբազան Հայաստանը երբեք չենք կորցնի: Սամվել Գրիգորյան

Գյումրիում՝ Ապրիլի 29-ին, Ս. Հարության խորհրդով նախատեսվող ուխտերթի մասին arjeq.am-ը զրուցել է պրոֆեսոր, դպիր Սամվել Գրիգորյանի հետ։։

  • Ապրիլի 29-ին Ս․ Հարության խորհրդով Ուխտերթ է նախատեսվում Գյումրիում։ Ինչու՞ և ովքե՞ր կարող են մասնակցել Գյումրու Ուխտերթին։

Այս ապաշխարության հոգով ու միասնական աղոթքով անցկացվելիք Ուխտերթը մի փոքրիկ ուխտագնացություն է, որին ցանկացած քրիստոնյա հայ մարդ նվիրաբերելով իր ժամանակը, ներդնելով իր ջանքերը կարող է մասնակցել՝ հայտնապես վկայելով իր հավատը առ Տեր Հիսուս Քրիստոս: Ավետարանում Տեր Հիսուսն Ինքն է մեզ պատգամում. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»: Հետևաբար Իր անունով հավաքված հավատացյալ ժողովրդին անտեսանելի կերպով առաջնորդելու է հենց մեր Տերը: Իր առաջնորդությամբ մենք մեր քայլերն ուղղելու ենք դեպի մերօրյա փրկության տապանը՝ Մայր Եկեղեցին: Փորձություններով լեցուն այս ծանր ժամանակներում, երբ հասարակությունը պառակտված է, երբ չարի որոգայթները ամենուր են, մեր ազգի միաբանման միակ առանցքը կարող է լինել մեր Փրկիչն ու Տերը՝ Հիսուս Քրիստոսը: Սա գոյաբանական խնդիր է Նոր Ուրտի Աստծո ընտրյալ ժողովրդի՝ հայի համար: Եթե մենք պահենք մեր Ուղղափառ հավատքը, ապա Քրիստոսի իջման վայր, Բելին հաղթած Հայկի Հայրենիք Սրբազան Հայաստանը չենք կորցնի մինչև վերջին ժամանակները՝ Քրիստոսի երկրորդ գալուստը: Ուստի, ով ունի այս համոզմունքը, կարող է մասնակցել Ուխտերթին, որի համար պետք է ունենալ զղջացող սիրտ ու խոնարհ հոգի, որը Աստված չի արհամարհում: Էլ ու՞մ կարող ենք մենք դիմել այս ծանր պահին, եթե ոչ մեր Ամենազոր Երկնավոր Հորը, Ով Իր Հարությամբ մեզ անսպառ Հույս է ներշնչում:

  • Պարոն Գրիգորյան Դուք պրոֆեսոր եք, բազմաթիվ գրքերի, գիտական աշխատանքների հեղինակ, բայց միաժամանակ Դպիր եք և ծառայում եք եկեղեցում։ Այսօր ձևավորված մակերսային կարծրատիպերից ինչպե՞ս եք կարողացել ազատվել։

Աստծուն և մտերիմին սիրելը ամենակարևոր պատվիրաններն են, որից կախված են բոլոր մյուսները: Հետևաբար, մեր կյանքը պետք է փորձենք կառուցել այդ վեմի վրա: Այլապես, երբ հիմքը սխալ ես դնում, հայտնվում ես այլ իրականության մեջ, աշխարհը իր նյութական առաջնահերթություններն է դնում քո առջև, մղում հեշտասիրության, ծուլության, անտարբերության, պղծության ու դարձնում մրցակից ու սպառող: Ի դեպ, կարծրատիպը միայն վատ իմաստ չունի: Եթե խոսքը վերաբերվում է մեր հավատի նախանձախնդրությանը, Մայր Եկեղեցուն, Սրբազան Հայրենիքին, հոգևոր-ազգային արժեքներին և ավանդույթներին, ապա մենք պետք է ունենանք հստակ վերաբերմունք ու կարծրատիպեր: Մեր ազգային դիմագիծը դարերի ընթացքում շաղկապվել է քրիստոնեական արժեհամակարգով: Մեր պատմությունը վկայում է, երբ վասն հավատո և վասն հայրենյաց համախմբվում ենք, ապա Աստված մեզ հաղթանակներ է շնորհում՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, իսկ երբ հեռանում ենք մեր հավատքից, Մայր Եկեղեցուց, արմատներից, դավանում օտար արժեքներ՝ մոլորվում ենք, ունենում կորուստներ, պատուհասվում, դառնում գաղթական:

  • Այսօր սահմաններից զատ, կարծես առաջին հերթին թիրախավորված է մեր հոգևոր անվտանգությունը, ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդն ունակ է վերադառնալ առ Աստված։ Եվ ի՞նչ է առաջին հերթին պետք։

Հոգևոր արժեքները առաջնահերթ են, քանի որ հոգին առավել է քան մարմինը: Եթե խարխլվում են ազգի հոգևոր սյուները, անտեսվում է սրբության և արդարության գաղափարը, մարդիկ հեռանում են Աստծո պատվիրաններից, ապա դա անխուսափելիորեն անդրադառնում է նյութական կյանքի վրա: Ազգովի առ Աստված վերադառնալու համար պետք է դարձ ու ապաշխարություն: Սակայն, շատ կարևոր է Աստծուն հավատարիմ մնացորդաց մասի մշտական առկայությունը, որի շնորհիվ երկիրը կպահպանվի: Տաս արդարի պարագայում Սոդոմը կարող էր խնայվեր ու չկործանվել: Աստված մեզ տարբեր ձևերով հայրաբար հանդիմանում է, որ խրատվենք, որ նորոգվենք: Եթե վստահենք Աստծուն անկախ ամեն ինչից, փնտրենք Իր կամքը ու հնազանդվենք, հրաժարվենք չարությունից, ստից, սին հպարտությունից, ագահությունից, նյութապաշտությունից և այլ մեղքերից, ապա մեր հավաքական կյանքում շատ բան կփոխվի: Ուխտերթը մի հոգևոր զորահավաք է, որին անկեղծ զղջումով ու աղոթքով մասնակցությունը կարող է բերել հոգևոր արթնության, իրավիճակի սթափ գնահատման, Քրիստոսի շուրջ համախմբման ու միաբանման, Տիրոջ կողմից ողորմության ու արհավիրքների կանխման: Ընտրությունը մերն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *