Ապրիլի 29-ի Սուրբ Հարության խորհրդով ուխտերթը և ՛ անհատական, և՛ ընդհանրական շերտ ունի․․․ Տեր Մակար քահանա Գալամդարյան
Գյումրիում՝ Ապրիլի 29-ին, Ս. Հարության խորհրդով նախատեսվող ուխտերթի մասին arjeq.am-ը զրուցել է Տեր Մակար քահանա Գալամդարյանի հետ։
- Ապրիլի 29-ին Հարության Ոգեկոչման խորհրդով Ուխտերթ է նախատեսվում Գյումրիում։ Կարելի է՞ սա դիտարկել ավելի գլոբալ պայքարի համատեքստում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում պայքար է գնում Արարչագործ մարդու և սպառող, նյութապաշտ մարդու միջև, այսինքն Աստծո և Չարի համակարգի միջև։
— Ապրիլի 29-ի Սուրբ Հարության խորհրդով ուխտերթը և ՛ անհատական, և՛ ընդհանրական շերտ ունի. անհատական դարձով, մեղքերի գիտակցումով, դրանից զերծ ապրելու որոշումով պիտի գա նաև ընդհանուր մեղքի և չարիքի դեմ հաղթանակը։ Մարդը, ինքը գիտակցելով իր մեղքը, պիտի դառնա Աստծուն և ապրի Աստծո պատվիրաններով, այսինքն՝ սեփական ապահովությունն ու հարմարավետությունը ավելի չգերադասի, քան Աստծո պատվիրանները, եսի բարեկեցությունն ավելի չգերադասի, քան Աստվածատուր Հայրենիքը։
- Շատերն են խոսում, որ մենք առաջինը պարտվեցինք Հոգևոր դաշտում, հետո նոր ռազմադաշտում։ Ինչու այդպես եղավ։
— Հոգևոր պարտությու՞ն. կարելի է և այդպես ասել, քանզի երբ եսդ ավելի ես կարևորում, քան Հայրենիքդ, դա արդեն հոգևոր թերացում է։ Երբ ժողովրդի կյանքում բաժանություններ բերելու մեխանիզմներն ու ամեն բան քաոսի վերածելն ավելի արդյունավետ է գործում, քան միավորվելը, դա հոգևոր թուլության արդյունք է։ Ինչու՞ է այդպես. դժվար հարց է, բայց որ մեր հոգևոր համակարգի թուլացման համար տարիներ շարունակ ամեն բան արվել է, դա փաստ է։
- Հարության Ոգեկոչման Ուխտերթի կապակցությամբ, ի՞նչ կոչով կդիմեք մեր ժողովրդին։
— Դառնանաք դեպի Աստված և մեր Տիրոջը ոչ միայն շուրթերով, այլ առավելաբար պաշտենք մեր կյանքով, հայրենիքը սիրենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Լինենք միասնական մեր Տեր Հիսուս Քրիստոսով։
Զրուցեց՝ Անահիտ Հովհաննիսյանը