Տրոյական ձին Երևանում է և սարդարապատյան զանգեր պետք է հնչեցվեն հենց Երևանից…

ARJEQ.am-ը Հայաստանում ստեղծված իրավիճակի և ելքերի մասին զրուցել է «Հայաստանի ժողովրդական շարժում» նախաձեռնության անդամ Վազգեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, այսօր, այս ճակատագրական հանգրվանում մեզ մատուցվում, պարտադրվում է տոտալ կապիտուլյացիայի օրակարգ, որը կարծես ամբողջովին տեղավորվում է իշխանությունների գործունեության տրամաբանության մեջ: Կա՞ իրական այլընտրանք՝ պրագմատիկ քաղաքականությամբ փաթեթավորված ամբողջական պարտությանը:

-Նախ և առաջ պետք չէ մեղադրել նրան, ով իր ցանկությունները պարտադրում է այլոց, այլ պետք է մեղադրել նրան, ով համաձայնել է այդ պարտադրանքներին։ Ուստի գլխավոր և միակ մեղավորը այսօրվա Հայաստանի հանրապետության իշխանություններն են, ովքեր ժողովրդին զինելու և պատրաստելու փոխարեն միայն ձևացնում են, թե «գործ» են անում։ Միջազգային իրավունքի տեսակետ անկեղծորեն գոյություն չունի, դրանք բոլորը գեղեցիկ նախադասություններ են, որոնք ուժ են ստանում միայն այն ժամանակ, երբ դու կարողանում ես դա պարտադրել քո հակառակորդին։ Սրա վառ օրինակները մեր օրերում շատ են՝ Կիպրոսի գրավումից մինչև Բալկաններ, մինչև Կենտրոնական Ամերիկայի մայրցամաք։ Այնպես որ, թողեք միջազգային իրավունքը, և միասին որոշենք՝ ուզո՞ւմ ենք կառուցել հզոր և ուժեղ պետություն  բացարձակապես բոլոր բնագավառներում, այդ ժամանակ տեսնեմ՝ ո՞վ կարող է մեզ խանգարել։ Այսօրվա իշխանավորներն իրենց ամբողջ թիմով պարտվել են, և իրենք պարտավոր են հեռանալ ցանկացած ձևով։
Եթե 1918 թվականի մայիսին հայությունը ստիպված եղավ զանգեր հնչեցնել Սարդարապատում, այսօր այն պետք է հնչեցնել Երևանում․ Տրոյական ձին այստեղ է արդեն։

— Հայտարարում եք զանգեր հնչեցնելու մասին, որը ենթադրում է մերօրյա Սարդարապատ, վճռական ճակատամարտ: Բայց մի անգամ կապիտուլյացիա ստորագրած, դրանից հետո էլ անընդհատ տարածքներ հանձնած, երկու տարվա ընթացքում սահմանների ամրացման ուղղությամբ գրեթե ոչինչ չարած և վերջապես՝ «խաղաղության դարաշրջան» քարոզող իշխանությունների հետ հնարավո՞ր է գնալ վճռական ճակատամարտի:

— Նախ և առաջ պատերազմում հաղթելու համար պետք է ունենալ հմուտ և բանիմաց հրամանատարական կազմ՝ ունակ պատերազմ մղելու։ Ինչպես նշեցիք, երկիրը պարտությունների տարած այս ղեկավար կազմի հետ հաղթանակների մասին խոսելն արդեն դառնում է ավելորդ։ Սրանց հետ պատերազմ կամ ճակատամարտի գնալուց միայն կարելի է խոսել Եռաբլուրի և նահատակների պուրակների ընդլայնման մասին։ Այնպես որ, այսօր, երբ խոսում ենք Սարդարապատի զանգերը ղողանջելու մասին, ասում ենք, որ երկիրը պետք է ներսից մաքրել, ու հետո գնալ պատերազմի դաշտ, որպեսզի թիկունքդ ամուր լինի։

-Լավ, ինչպե՞ս է կոտրվելու հասարակության գիտակցությունն ու վարքագիծը կաշկանդող այն կեղծ թեզը, որ խնդիրը սահմանին է, իսկ պատերազմական իրավիճակում բոլորը պետք է կանգնեն իշխանության կողքին, այլապես թուլացնում ենք դիմադրությունը:

-Նորից եմ կրկնում, պատերազմ մղելու և հաղթանակներ արձանագրելու համար, առաջին և հիմնական խնդիրը հմուտ ղեկավարներ ունենալն է, որոնք կարողանում են ռազմական, դիվանագիտական, արտադրական, ֆինանսական հարցեր լուծել։ Այս իշխանավորները լուծում են միայն ու միայն իրենց ֆինանսական խնդիրները պարգևավճարների տեսքով։ Ամեն ամիս միլիարդավոր դրամներ իրար մեջ պարգևավճար են բաժանում, իսկ զինվորի համար լավ զրահաբաճկոն առնելու գումար չկա, զինվորի համար լավ սաղավարտ առնելու գումար չկա, Հայաստանում ԱԹՍ֊ների արտադրելություն ֆինանսավորելու գումար չկա․ մի խոսքով, փող չկա բանակը զինելու, իսկ միևնույն ժամանակ փող կա ամեն անբան պատգամավորի կամ նախարարի՝ ոչինչ չանելու դիմաց ամսական մի քանի միլիոն պարգևավճար տալու համար։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պետք չէ քննադատել այս կառավարությանը, քանի որ պատերազմական վիճակում է երկիրը, գիտակցաբար կամ անգիտակցաբար ջուր են լցնում մերօրյա դավաճանների ջրաղացին, ու պատճառ են դառնում մի քանի ամիսը մեկ մի քանի հարյուր երիտասարդի զոհվելուն, վիրավորվելուն, անհայտ կորելուն, և դրանով դառնում են այն ազերիներից մեկը, ովքեր գնդակահարում էին հայ գերուն։

-Անկեղծ, Դուք հավատում ե՞ք ազգային դիմադրության պոռթկմանը: Եվ արդյո՞ք կա իրական ծրագիր, ճանապարհային քարտեզ, որը մեզ դուրս է բերելու այս վիճակից, կամ ուղղորդելու է դեպի վճռական ճակատամարտ:

-Ի՞նչ է նշանակում ազգային ծրագիր, մեր ազգն արդեն ունի մի քանի հազար տարվա պատմություն, ուստի ունի իր ազգային ծրագիրը, որն է՝ ստեղծել հզոր և խելացի պետություն, դրա համար միայն պետք է հստակեցնել ևս մի 50 տարի հետոյի ծրագրերը, ու գնալ առաջ։ Սա բարդ չի, սրա համար միայն հարկավոր է հավատալ սեփական ուժերին ու ժողովրդին։ Սրանով արդեն ամեն ինչ ասված է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *