Հետաշխարհաժողովյան հարցազրույց . Հրայր Աղինյան

 —Պարոն Աղինյան, Դուք մասնակցեցիք Գյումրիում կազմակերպված Աշխարհաժողովին,  կկիսվե՞ք Ձեր տպավորություններով:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ազգային Արժեք» ակումբին ծավալած անշահախնդիր ազգանվեր գործունեության համար, ընդհանրապես և բարձր մակարդակով կազմակերպված Աշխարհաժողովի համար մասնավորապես։ Ազգային դաշտում գործող քաղաքական, հասարակական թիմերի և անհատների մի սեղանի շուրջ նստելն օրվա հրամայականն է, քանի որ ազգի առջև այսօր ծառացած մարտահրավերները հաղթահարել հնարավոր է միայն միասնական, համախմբված գործելով։ Բուն հանդիպումը անցավ շատ լավ, գործնական մթնոլորտում, քննարկումները շատ արդյունավետ էին և ճանաչողական` միմյանց տեսակետներն ու կատարած աշխատանքներն իմանալու մասով և միմյանց հետ կապերի հաստատման, վերականգնման առումով։ Հատուկ ուզում եմ շեշտել բոլոր մասնակիցների դրսևորած զսպվածությունը` 7 ժամ տևած քննարկման ընթացքում ոչ մի անգամ թեման անձնական դաշտ չտեղափոխելը հաճելիորեն զարմացրեց ու հույս առաջացրեց, որ ազգային դաշտն ունակ է մի բռունցքով գործել։

Դուք բանախոս էիք օրակարգային հարցերից մեկին՝ ազգային հարստության վերադարձ և զարգացում։ Ձեր գաղափարները կմանրամասնե՞ք, և ինչու՞ այս հարցը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։

— Նախ ազգային հարստության մասին մի երկու խոսք` ազգային հարստությունը միայն նյութական արժեքները չեն։ Մեր գենոֆոնդը, հայ ընտանիքը, մշակույթը, լեզուն, պատմությունը, պատմական հայրենիքը ազգային հարստության ամենաարժեքավոր մասն են։ Եթե նյութական մասով ճիշտ քաղաքականություն վարելով` Հայաստանի ( այստեղ կարևոր է շեշտել, որ Արցախի հետ միասին) բնական ռեսուրսների, ռազմավարական նշանակության կառույցների ազգայնացմամբ, ճիշտ հարկային ու մաքսային քաղաքականությամբ հնարավոր է տնտեսական, սոցիալական հարցերում համեմատաբար սեղմ ժամկետներում լուրջ առաջընթաց ունենալ, ապա մեր ինքնության երաշխիքները` գենոֆոնդը, հայ ընտանիքը, լեզուն, մշակույթը մսխվում են շատ մեծ տեմպերով, համակարգված ձևով ու այստեղ հրատապ անելիքները շատ են։ Ցավոք տևական ժամանակ կրթական համակարգն աշխատել է այնպես, որ մեր ազգակիցների մեծ մասը դարձել են օտար, հաճախ այլասերված պսևդոարժեքների կրող, ինչը շատ բարդացնում է խնդիրը։ Միայն անմնացորդ նվիրմամբ, օրուգիշեր աշխատանքներ տանելով է հնարավոր այս ճակատում ջախջախումից խուսափել ու ինչու չէ, դառնալ աշխարհի մակարդակով աշխարհակարգ թելադրող։

Աշխարհաժողովի օրակարգը խիստ հագեցած էր և առողջ քննարկում ծավալվեց բազմաթիվ անհատների ու խմբերի մասնակցությամբ։ Ի՞նչ եք կարծում, ազգային առջնահերթությունների շուրջ լայն կոնսիլիդացիա հնարավո՞ր է։

-Կոնսոլիդացիա իհարկե հնարավոր է, այն անհրաժեշտ է, այլ տարբերակ չունենք։ Աշխարհաժողովի մասնակիցներից մի քանիսի հետ հասցրել եմ զրուցել այս օրերի ընթացքում և բոլորն էլ կարևորում են քննարկումների պարբերականությունն ու շարունակական լինելը։ Կարծում եմ երկրորդ հանդիպում քննարկումն իրեն երկար սպասել չի տա։

Ձեր ուղերձը Արժեք.ամ կայքի հետևորդներին։

Կարճ. Մի պահ մտածեք, դուք ի՞նչ եք նախընտրում, ձեր թոռները կոչվեն հայ թե հայաստանցի՞: Քանի որ ճնշող մեծամասնության պատասխանն ակնհայտ է, ուրեմն մի նստեք, սպասեք, որ հեռուստաէկրաններից անընդհատ գովազդվող «քաղաքական գործիչները« ձեր ցանկությունն ի կատար կածեն, կանգնեք, ուս ուսի տանք ու տեր կանգնենք մեր երկրին, փրկենք մեր ազգը, ապրենք այնպես, որ հայը դադարի գոյատևման պայքար մղել, այլ հզորանանք ու գրավենք մեր արժանի տեղը արևի տակ, մենք քաղաքակրթություն կերտող ազգ ենք, մեր գործն ուրիշը չի կարող անել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *