Պահպանողականության ընդհանուր նկարագիրը

Հեղինակ՝ Մարիամ Մարգարյան

 

Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:

Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։
Պահպանողականության պատմությունը սկսվում է 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից: Այդ ժամանակներից սկիզբ են առնում պահպանողականության երկու դասական մոտեցումները։ Առաջինի հիմքը դրել են ժ. դե Մեստրը (1753-1821) և Լ. դե Բոնալդը (1754-1840), իսկ երկրորդը կապված է անգլիացի Է.Բերքի (1729-1797) անվան հետ: Եթե անգլոսաքսոնյան երկրներում առավել տարածված է պահպանողականության բերքյան տարբերակը, ապա մայրցամաքային Եվրոպայի երկրներում` դրանց յուրահատուկ համադրույթը:

«Կոնսերվատիզմ» հասկացությունն առաջին անգամ քաղաքական բառարան մտավ որպես լուսավորության գաղափարների և 1789թ. Ֆրանսիական հեղափոխության նկատմամբ ֆեոդալների և ազնվականների կողմից հակադարձվող արձագանքի արտահայտություն։

Առաջին անգամ «կոնսերվատիզմ» տերմինն օգտագործեց ֆրանսիական գրող և քաղաքական գործիչ Ֆ. Շատոբրիանը: 1815 թվականից իր կողմից հրատարակվող ամսագիրը Շատոբրիանը կոչեց «Կոնսերվատոր» և, հարելով պահպանողական գաղափարների, կարևոր խնդիր համարեց Բուրբոնների դինաստիայի վերականգնումը:

Եվրոպական լուսավորության և Ֆրանսիական հեղափոխության կողմից առաջ քաշվող անհատականության, առաջընթացի և ռացիոնալիզմի գաղափարներին պահպանողականության հիմնադիրները հակադրեցին պետական իշխանության, մասնավորապես թագավորական իշխանության` աստվածային բնույթի մասին գաղափարը։

Պահպանողականության կարևորագույն հասկացություններից Է «բնական արիստոկրատիան», որի մեջ, ըստ Բերքի, ընդգրկվում են ոչ միայն ազնվականները, այլ նաև հարուստ գործարարները, կրթված անձինք, գիտնականները, դերասանները և այլն: Հեղափոխական «անհեթեթություններից» խուսափելու համար, ըստ Բերքի, պետությունը ղեկավարելու իրավունքը պատկանում է ազնվականությանը (ոչ միայն փողով), այլ ոչ թե «սափրիչներին»: Մարդկանց մտավոր և ֆիզիկական զարգացման աստիճանների բնական անհավասարությունը պահպանողականությունը համարում է քաղաքականության աքսիոմ:

Այդ ժամանակաշրջանին է վերաբերվում նաև պետության օրգանական տեսության մշակումը։ Համաձայն դրա, պետությունը համեմատվում Է անհատներից անկախ գոյություն ունեցող և նրանց վրա իշխող էակի հետ:

Պահպանողականության փիլիսոփայության ելակետն է այն դրույթը, ըստ որի մարդու ճակատագրի վրա իր հետքն Է թողել նրա «առաջին մեղքը»: Մարդը չի գիտակցում «լավի» և «վատի» միջև տարբերությունները: Նա ոչ միայն ընդունակ չէ վերափոխել հասարակական կյանքն, այլ նաև չպետք Է ձգտի դրան։ Այդ ձգտումը պահպանողականները համարում են բռնության գործադրում հասարակական զարգացման բնական օրինաչափությունների նկատմամբ: 20-րդ դարի հայտնի պահպանողական Ռ.Կերկը գտնում էր, որ մարդու էությանը պատճառած նման վնասվածքների հետևանքով հնարավոր չէ աշխարհը վերափոխել նրա իսկ քաղաքական գործունեությամբ: Անհատն, ըստ պահպանողականների, ինքնուրույն կերպով արժեք չի ներկայացնում և ամբողջությամբ կախված է պահպանողական կարգ ու կանոնի օժանդակությունից: Պահպանողականների կարծիքով, քաղաքական սկզբունքները պետք է հարմարեցնել ազգային ավանդություններին, սովորույթներին և հասարակական-քաղաքական ինստիտուտների արդեն արմատավորված ձևերին: Բերքի խոսքերով, հասարակության նպատակն է ոչ թե թվացող ազատությունների հորինումը, որը հանգեցնում է համընդհանուր անարխիայի, այլ արդեն գոյություն ունեցող, ավանդությունների վրա հիմնված ազատությունների պահպանումը: Պահպանողականների կարծիքով, նախապատվությունը պետք է տալ ոչ թե անգամ կատարյալ թվացող տեսական սխեմաներին, այլ գոյություն ունեցող ինստիտուտներին: Նրանք գտնում էին, որ բնական և օրինական է համարվում միայն այն հասարակությունը, որը հիմնված է հստակ ձևավորված աստիճանակարգության (հիերարխիա) վրա: Վերջինը կոչված է ապահովելու հասարակական օրգանիզմի ամբողջականությունն ու կենսունակությունը:

Պահպանողականության հիմնաքարերից է կրոնի քաղաքական դերի բարձրացման մասին գաղափարը: Քաղաքական և հոգևոր ոլորտների հավասարակշռության հաստատումը Մեստրը հնարավոր էր համարում միայն թեոկրատական մոտեցման կիրառման դեպքում: Բոնալդը, առաջնությունը չտալով ո՛չ աշխարհիկ, ո՛չ էլ հոգևոր իշխանությանը, առաջ քաշեց քաղաքական և կրոնական ոլորտների դաշինք ստեղծելու գաղափարը:

Ի տարբերություն լիբերալիզմի ու սոցիալիզմի, որոնք ձևավորվել են որպես համապատասխանաբար բուրժուազիայի և բանվոր դասակարգի գաղափարաքաղաքական հոսանքներ, պահպանողականությունն ավելի բարդ երևույթ է: Նա արտահայտում է այն դասակարգերի, ֆրակցիաների և սոցիալական խմբերի գաղափարներն ու կողմնորոշումները, որոնց համար պատմական և սոցիալ-տնտեսական զարգացման օբյեկտիվ միտումները (հասարակական փոփոխությունները) որոշակի սպառնալիք են պարունակում: «Պահպանողականություն» հասկացությունն ընդգրկում է հասարակության մեջ արմատավորված, ժամանակի փորձություններով անցած այն արժեքները, որոնք պայմանավորում են բնակչության զգալի հատվածների հոգեբանությունն ու մտածելակերպը:

Պահպանողական արժեքներն ու նորմերն իրենց համախոհներն են գտնում մարդկանց տարբեր խմբերում։ Այսպես, պահպանողականությանը կարող են հարել ֆերմերների, խանութպանների, արհեստավորների և գյուղական բնակչության այն ներկայացուցիչները, որոնք մտահոգված են անորոշ ապագայի հեռանկարով և իրենց սոցիալական կարգավիճակը չեն ցանկանում փոխել հեղափոխությամբ, որը քայքայում է քաղաքական կարգը։ Այս առումով պահպանողականությունը հանդես է գալիս դասակարգային էությունից զուրկ` կրոնական, սոցիալական փիլիսոփայության տեսքով։

Պահպանողականության իմացաբանական նախադրյալն է այն հանգամանքը, որ հասարակական-քաղաքական գործընթացն ունի երկակի բնույթ: Դրա հիմքում մի կողմից ընկած է էվոլյուցիան` հնի հետ կապերի խզումը և նորի ստեղծումը, իսկ մյուս կողմից` նախկին համակարգի կենսունակ տարրերի փոխանցումը նորին: Պատմական փորձը ցույց Է տալիս, որ անգամ արմատական սոցիալական հեղափոխությունները (ֆրանսիական և ռուսական) պահպանեցին ազգային ավանդությունների, սովորույթների զգալի մասը, որը կազմում Էր ազգային գիտակցության հիմքը: Ինչպես գրում է բրիտանացի տեսաբան Գելները` «19-րդ և 20-րդ դարերի մարդը ոչ թե ուղղակի ինդուստրալիզացվեց, այլ ինդուստրալիզացվեց որպես գերմանացի, ռուս կամ ճապոնացի…»:

Պատմությունը արդեն գոյացածի և դրան զուգահեռ առաջացող տարրերի միասնությունն է: Պահպանողականներն այդ երկու գործընթացներից նախապատվությունը տալիս են առաջինին։ Պահպանողականությունն ընդունում է իրականությունը` հիմնական շեշտը դնելով ավանդական կանոնների, նորմերի, սոցիալական և քաղաքական կառուցվածքների ու ինստիտուտների պահպանման անհրաժեշտության վրա:

Պահպանողականների ավանդական վերաբերմունքը դրսևորվում է նաև բարեփոխումների անցկացման հարցում: Դրա համաձայն` բոլոր բարեփոխումներն ու փոփոխությունները չպետք է խախտեն բնականոն զարգացման ընթացքը, այլ ուղիներ պետք է մշակեն արդիականացման համար։ Այդ կապակցությամբ, պահպանողականությունը բարեփոխումները բաժանում է երկու խմբի`

Ավանդական իրավունքների և սկզբունքների վերականգնմանն ուղղված բարեփոխումներ:
Հեղափոխության կանխմանն ուղղված բարեփոխումներ:
Ընդ որում, հաճախ առանձնացվում են «բարեփոխում» և «վերափոխություն» հասկացությունները: Վերափոխումն, ըստ պահպանողականների, ձևափոխում Է օբյեկտի էությունը, իսկ բարեփոխումը, համարվելով անխուսափելի, չի դիպչում օբյեկտի արմատներին: Բարեփոխումը պահպանողականությունը գնահատում է որպես «անխուսափելի չարիք», որն անհրաժեշտ է անցկացնել «վերևից»` աստիճանաբար և առանց շտապողականության, այլ ոչ թե «ամբոխի մեթոդներով»` «ներքևից»:

19-րդ դ. երկրորդ կեսից պահպանողականության զարգացման հիմնական միտումը բնորոշվում Է դրամատերերի և ազնվականության միջև կնքված դաշինքով: Դրա հետ մեկտեղ աոաջ է գալիս պահպանողականների մի խումբ, որը ձգտում է ընդլայնել այդ գաղափարախոսության սոցիալական հիմքը` տարածելով այն գյուղացիների, արհեստավորների և առևտրականների միջավայրում: Սոցիալական ուղղվածությամբ աչքի են ընկնում 1841-1846թթ. Անգլիայի պահպանողական կառավարության ղեկավար Ռ.Փիլի, Գերմանիայի կանցլեր Օթթո ֆոն Բիսմարկի բարեփոխումները: Նրանք համարում էին, որ պահպանողականներն ավելի հեշտությամբ կարող են հաղթահարել սոցիալական պրոբլեմները, քան լիբերալները: Սակայն սոցիալական քաղաքականությունն իրենց կողմից դիտվում էր ոչ թե որպես սոցիալական ապահովության համակարգի ստեղծում, այլ` պետության բարեգործություն: Այս ժամանակաշրջանում որոշ գաղափարների ընդունումով (ազատ շուկայական հարաբերություններ, ներկայացուցչական համակարգի զարգացում, իշխանության մարմինների ընտրություն, պառլամենտարիզմ, քաղաքական և գաղափարախոսական պլյուրալիզմ, անհատականության զարգացում և այլն) պահպանողականությունն ընդհուպ մոտեցավ դասական լիբերալիզմին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահպանողականության միջազգային կենտրոնը Եվրոպայից տեղափոխվեց ԱՄՆ։ Պահպանողականության զարգացման խնդիրն այստեղ իր վրա վերցրեց մտավորականների մի խումբ, որը պատկանելով ակադեմիական միջավայրին` սերտ կապերի մեջ էր գործարար աշխարհի ու քաղաքական ոլորտի գործիչների հետ: Այս խմբի մեջ էին մտնում ԱՄՆ ապագա պետքարտուղար Հ.Քիսինջերը, հայտնի քաղաքական գործիչ Ռ.Բաթլերը և ուրիշներ:

Ցանկանալով հաղթանակած դուրս գալ սառը պատերազմից և «ձախ» հեղափոխական ուժերի դեմ պայքարից` ամերիկյան պահպանողականները կրկին վեր հանեցին Է.Բերքի ժառանգությունը: Բավական տարածված դարձավ այն դրույթը, ըստ որի համաշխարհային հեղափոխության վտանգը պետք է հաղթահարել ոչ թե դիմելով ավելի ձախ քայլերի կամ ծայրահեղ աջ հակազդեցության, այլ պահպանելով և ամրապնդելով արևմտյան հասարակությունների ազատ հաստատությունները: Ըստ այդ գաղափարի կողմնակիցների, համաշխարհային հեղափոխությունից դուրս մնացած երկրներն ազատությունը պահպանելու ճանապարհով միայն կարող են մրցակցել ստեղծված ամբողջատիրական ռեժիմների հետ և թուլացնել դրանք։

Կոմունիզմի տարածման վտանգի աոջև Բերքի կոնսերվատիզմը, լինելով ավելի ճկուն, հնարավորություն տվեց որոշակի շփման եզրեր գտնել լիբերալիզմի հետ: Դրանով հիմք դրվեց այդ երկու գաղափարախոսությունների հետագա համաձայնությանը:

Միաժամանակ, այս շրջանում Է, որ պահպանողականներն ազատ շուկայի պայմաններում ընդունեցին պետության կարգավորիչ դերի անհրաժեշտությունը, կոնկրետ պայմաններից ելնելով արդյունաբերության որոշ ճյուղերի ազգայնացման հնարավորությունը, սոցիալական սպասարկման ոլորտի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև փորձեցին արդեն բանվոր դասակարգի միջոցով ընդլայնել պահպանողական կուսակցությունների սոցիալական հիմքը:

20-րդ դարի 70-ականներին բարձրացավ ավանդական կողմնորոշում ունեցող աջ պահպանողականության դերը: Արևմտյան գաղափարախոսության թեքումը դեպի աջ տեղի ունեցավ ձախերի` կոմունիստների, սոցիալ-ժողովրդավարների և ձախ լիբերալների գաղափարախոսության ճգնաժամի պայմաններում: Դրա հիմնական պատճառը 1973-1974թթ. տնտեսական ճգնաժամն էր, որը պատրանքի վերածեց տնտեսական գործընթացների կարգավորման հնարավորության գաղափարը:

Այդ ժամանակաշրջանում Եվրոպայի մի շարք երկրներում առաջացան պահպանողական կուսակցություններ: Այն, որ բնակչության լայն զանգվածներն ընդունում էին պահպանողականության գաղափարներն ու սկզբունքները, վկայում են Ռ.Ռեյգանի հաղթանակները ԱՄՆ նախագահական ընտրություններում, Անգլիայի պահպանողական կուսակցության ղեկավար Մ.Թետչերի կառավարության երկարատև իշխանությունը, խորհրդարանական և տեղական իշխանության մարմինների ընտրությունների արդյունքները ԳՖՀ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում:

Ընդհանրապես, պահպանողականության կարևորագույն տարրերից է արմատական գաղափարախոսությունների և հասարակական տեսությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքը: Մատնանշելով պահպանողականների այդ մոտեցումը` քաղաքագետները նկատի ունեն այն, որ պահպանողականները աբստրակտ սխեմաներին նախընտրում են պրագմատիզմը և կոմպրոմիսը: Նրանք դեմ են բոլոր տեսակի գաղափարախոսությունների բացարձակացմանը, հատկապես` գործնականում դրանք կուրորեն կիրառելուն:

ժամանակակից պահպանողականության, հատկապես նրա աջ թևի բնորոշ գծերից Է հավատարմությունը կրոնական ավանդականությանը: Արդի հասարակության բացասական երևույթների հիմնական պատճառը նրա կողմից ավանդական արժեքների անտեսումն էր, որոնցից կարևորագույնը կրոնական արժեքն էր: Պահպանողականության ներկայացուցիչների պնդումով, դրա թերագնահատումը ստիպեց հրաժարվել մարդու «սկզբնական մեղքի» հայեցակարգից և դիտել այն որպես «բոլոր երևույթների չափանիշ»` ընդգծելով մարդու միայն բարի բնույթը: Քանի որ, ըստ պահպանողականների, միայն ֆիզիկական և զգացմունքային աշխարհը համարվեց միակ իրականը, սկսվեց կրոնի անկումը և, դրան զուգահեռ, մատերիալիզմի և ռացիոնալիզմի ազդեցության աճը: Հանդես գալով ավանդականության վերականգնման օգտին` պահպանողականներն այդ գործընթացի միջանկյալ ինստիտուտներ են համարում ընտանիքը, համայնքը, եկեղեցին:

Սակայն ավանդական արժեքները ժամանակակից պահպանողականության կողմից տարբեր երկրներում մեկնաբանվում են տարբեր կերպ: Այսպես, ԱՄՆ պահպանողականների մեծամասնությունն իրեն համարում է բողոքական ֆունդամենտալիզմի կողմնակից, մոլեռանդ է և թշնամանքով է ընդունում այլախոհությունը: Որոշ արևմտաեվրոպական երկրների պահպանողականներ հարում են այլ դիրքորոշման: Օրինակ, Գերմանիայի և Ֆրանսիայի շատ պահպանողականներ իրենց խնդիրը համարում են հնագույն Եվրոպայի ոգու վերածնունդը, որում միահյուսվել էին հունական, լատինական, կելտական, գերմանական և սլավոնական մշակույթները: Վերադարձը հնին դիտվում է որպես հեթանոսական Եվրոպայի արժեքների վերակենդանացում: Նրանց կարծիքով, քրիստոնեական մոնոթեիզմը հավասարեցնում է բոլոր հավատացյալներին, հեղափոխական երանգներ տալիս եվրոպական գիտակցությանը: Հեթանոսությունը գայթակղում է իր պոլիթեիզմով, որը, պահպանողականների կարծիքով, հիմք է հանդիսանում պլյուրալիզմի համար:

Ի տարբերություն լիբերալների, որոնք մարդուն դիտում են որպես շղթայված, բայց ազատության արժանի էակ, պահպանողականները գտնում են, որ քաղաքացիական ազատությունները պետք է խարսխվեն հենց ավանդությունների և պատմական հաջորդականության շղթաների վրա: Պահպանողականների աչքում պետությունը օրենքի և բարոյականության պաշտպանն է: Առանց ուժեղ պետության` հասարակությունը կարող է հայտնվել անարխիայի գրկում: Սակայն ուժեղ պետությունը կարող է գործիք դառնալ անհատական ազատությունը ճնշելու համար: Այդ պատճառով պահպանողականության տեսաբաններն ընդգծում են մարդկանց ավելի փոքր միավորումների ձևավորման կարևորությունը, որոնք կազդեն պետության վրա: Միաժամանակ, նրանց կարծիքով, հասարակական կազմակերպությունները չպետք է աչքի ընկնեն բարձր քաղաքական ակտիվությամբ և դրանով հակադրվեն կուսակցություններին կամ խորհրդարանին: Սակայն անհրաժեշտ է ընդլայնել այդ կազմակերպությունների լիազորություններն իրենց գործունեության ոլորտներում, որպեսզի տվյալ բնագավառները հնարավորինս զերծ մնան պետության միջամտությունից:

Ըստ պահպանողականների, մարդու իրավունքները կրում են միաժամանակ բնական և սոցիալական բնույթ: Բնական` որովհետև մարդը ստեղծված է Աստծո կողմից որպես բնության կարևորագույն տարրերից մեկը և սոցիալական` որովհետև իր իրավունքները մարդը կարող է օգտագործել միայն կազմակերպված հասարակության շրջանակներում:

Այն դեպքում, երբ պահպանողականները կանգնում են անհատ կամ հասարակություն երկընտրանքի առջև, նրանք նախապատվությունը տալիս են երկրորդին: Նրանց կարծիքով, առանձին անհատի իրավունքները երաշխավորված են այնքանով, որքանով որ նա պատկանում է այս կամ այն (պատմական, էթնիկական և այլն) հանրույթին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *