Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հետազոտող՝ Ասյա Կիրակոսյանի հետ

arjeq.am-ը Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Ասյա Կիրակոսյանի հետ (ԱԿՎԱ Ա մակարդակի հետազոտող):

Հարգելի Ասյա, խնդրում եմ ներկայացրեք Ձեր հետազոտական ուղղությունը։

ԱԿՎԱ-ի շրջանակներում ուսումնասիրում եմ հոգևոր անվտանգության ապահովման խնդիրներն ու սպառնալիքները, վերջինս դիտարկելով ազգային անվտանգության համատեքստում։

Ազգային անվտանգությունը ինքնին բազմակոմպոնենտ հասկացություն է, որում առանցքային նշանակություն ունի հոգևոր անվտանգությունը (ՀԱ)։ Հոգևոր անվտանգության միջոցով են գործառվում ու փոխառվում անվտանգության բոլոր բաղադրիչները։ Ըստ մեր տեսակետի՝ հոգևոր անվտանգությունը օբյեկտիվ իրականության և սուբյեկտիվ գիտակցության մեջ գոյություն ունեցող համակարգ է, որը արտահայտվում է ազգային ինքնագիտակցության արժեհամակարգային ու արժեգոյաբանական ինքնաիրացումով, հիմք հանդիսանալով հասարակության առողջ բարոյահոգեբանական զարգացման ու ստեղծարար համագործակցության համար։ Մենագրության շրջանակներում առավել մանրամասն ներկայացրել ենք ՀԱ-արգումենտները վերջինս ամբողջացնելով մեր կողմից առաջարկված նոր բանաձևով։

Սամանենք, որ եթե Մայր Հայաստանը մեր բնօրրան մայր-հայրենիքն է, ապա Հոգևոր Հայաստանը մեր հոգևոր-հայրենիքը։ Հետևապես, որքան որ կարևոր է պահպանել Մայր Հայրենիքի ֆիզիկական անվտանգությունը նույնքան էլ գերկարևոր է ապահովել Հոգևոր Հայրենիքի անվտանգությունը։

Ի՞նչ դեր ունի կրոնը հոգևոր անվտանգության ապահովման գործում։

‌Մեզանում թերի է ըմբռնված հոգևոր անվտանգության էութենական և ֆունկցիոնալ բաղադրիչները։ Հասարակության մոտ կա թյուր կարծիք, ըստ որի հոգևոր անվտանգությունը նույնականացում է միայն կրոնական գործոնի հետ։ Իհարկե, կրոնական գործոնը այստեղ առանցքային նշանակություն ունի, բայց այն համադրվելով տարաբնույթ բաղադրիչների հետ կազմում է բարդ համակարգ։ Հետևապես կրոնը-հավատամքային բաղադրիչը՝ հոգևոր անվտանգությունը բաղադրիչներից միայն մեկն է։ Ինչպես նշում է Մ. Մարգարյանը՝ հոգևոր անվտանգության մաս կազմող կրոնական գիտակցությունը տարբեր կերպ է անդրադառնում անհատի և հասարակության կյանքի զարգացման վրա։ Այն կարող է լինել և՛ կայունության հիմք, և՛ բարձր բարոյականության և մարդասիրության հենակետ, և՛ միաժամանակ հակամարտության պատճառ։ Այս համատեքստում առաջնային նախապայման ենք համարում ազգի բարոյական, հոգևոր միասնության և համախմբվածության, ինչպես նաև ազգային ինքնության ու ինքնուրույնության պահպանման և արդիականացման ապահովումը ,որը ըստ մեր դիտարկման պետք է արտահայտվի (մշտապես արտահայտվել է) հայոց ազգային եկեղեցու ու քրիստոնեական վարդապետության շուրջ նույնականացմամբ։

Ազգային ներուժի կենսունակությունն ապահովելու տեսանկյունից եկեղեցին հանդես է գալիս, որպես կարևորագույն ակտոր։ Հայ Առաքելական հավատքից դուրս ցանկացած այլ դավանաբանական ձև կարող է ոչ միայն խաթարել համակեցության լիարժեքությանն անհրաժեշտ մտածելակերպի և կենցաղավարության հիմքերը, այլև զրկել քաղաքակրթական ինքնատիպությունից։

 

Որո՞նք են հոգևոր անվտանգության ապահովման հիմնական սպառնալիքները։  

‌Մեր համոզմամբ հայկական պետության ու հասարակության առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերներն արտահայտվում են հետևյալ իրողություններով՝

• աղանդավորների պրոգրեսիվ աճով,

• հայկական մշակույթի օտարացմամբ,

• հայկական ընտանիքի բարոյալքմամբ։

Հայ հասարակության բարոյահոգեբանական ներկայիս խորը ճգնաժամի պատճառները պայմանավորված չեն միայն վերը թվարկված գործոններով, սակայն դրանք այն ոլորտներն են, որոնց վերաարժևորման և վերականգնման համար առաջնային է՝ ազգային եկեղեցու դերակատարումը։ Ազգային աշխարհաքաղաքական ներուժի կենսունակությունն ապահովելու տեսանկյունից եկեղեցին հանդես է գալիս որպես՝ կարևորագույն դերակատար՝ ակտոր և միաժամանակ անդրազգային կազմակերպությունների գլխավոր թիրախը՝ որոնց վերջնանպատակը՝ տարածքի ու բնակչության տոտալ վերահսկողությունն է։ Ազգային եկեղեցու ուծացումը կհանգեցնի ազգային անվտանգության վերջնական կազմաքանդմանը, որին և ուղղված են անդրպետական կառույցների առկայությունն ու գործունեությունը՝ ի դեմս աղանդների։ Խնդրո առարկան առավել մանրամասն քննարկել ենք մենագրության շրջանակում, դիտակետում ունենալով՝ աղանդների գործունեության տարածաժամանակային և պատճառահետևանքային կապերի ուսումնասիրումը։

Հարցազրույցը վարեց՝ Ելենա Հովհաննիսյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *