Պետք է համազգային մոբիլիզացիա, ոչ թե տոտալ կապիտուլյացիա

Arjeq.am-ը Հայաստանում ստեղծված վիճակից ելքերի մասին զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

-Սրբազան Հայր, ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք բավականին կոշտ գնահատական տվեցիք ԼՏՊ-ի կողմից մեր իրականության վերաբերյալ մեկնաբանություններին՝ ըստ էության հենց լևոնիզմը համարելով հայրենիքի սահմանների փոքրացման պատճառ: Բացի զգայական գնահատականից, կա՞ իրական այլընտրանք լևոնիզմի կողմից պարտադրվող լիակատար կապիտուլյացիային:

-Այո կա, և դա համազգային, համապարփակ մոբիլիզացիան է։ Համապարփակ մոբիլիզացիա ասելով, իհարկե, նկատի չունենք բոլորին ի զեն։ Իհարկե անհրաժեշտության պարագայում համապարփակ ռազմականացումը պետք է, բայց այս պահին խոսում եմ ներուժի համախմբման մասին՝ ռազմական, տնտեսական, գիտական, մշակութային, կրթական և այլն։ Համազգային ասելով չպետք է անգամ սահմանափակվել մեր երկրի ներսում առկա միջոցներով, այլ պետք է ի մի բերել ամբողջ աշխարհի հայության ներուժը։ Սա է այլընտրանքը տոտալ կապիտուլյացիայի։ Թշնամին պետք է հասկանա, որ իր դեմ ուժ է կենտրոնացած։

-Կապիտուլյացիայի փոխարեն մոբիլազացիա իրականացնելու համար ո՞րը պետք է լինի Հայոց եկեղեցու դերը: Եկեղեցին այսօր պատրա՞ստ է արդյոք լծվել ազգային դիմադրության իմունիտետը վերականգնելու գործին:

-Հայոց եկեղեցու դերը պետք է լինի այնքան, որքան հասարակությունը պատրաստ է ընդունել և առաջարկել։ Ցավոք, հայոց եկեղեցին, մեր հասարակության անփութության, անտարբերության և անգիտության պատճառով,  չունի այն հզորությունը, որը պետք է ունենար։ 30 տարիների ընթացքում ոչ պետությունը ու ոչ հասարակությունը եկեղեցու հզորացման ուղղությամբ չաշխատեցին՝ մերժելով մեր մոտեցումներն ու թողնելով եկեղեցուն բախտի քմահաճույքին։ Այնուամենայնիվ, անգամ այս կարողունակության սահմաններում, հայ առաքելական եկեղեցին պատրաստ է  իր դերակատարությունը ստանձնել, որովհետև Հայոց եկեղեցին միշտ էլ իր պատասխանատվությունը վերցրել է հայրենիքի ու ազգի ճակատագրական պահերին:

-Փաստորեն եկեղեցին պատրա՞ստ է գնալ գործուն քայլերի։

-Էլի եմ կրկնում, ցանկացած դերակատարություն, Հայոց եկեղեցին պատրաստ է ստանձնելու, եթե հասարակությունը այդ վստահությունը կունենա և այդ դերակատարությունը կվստահի եկեղեցուն։ Եկեղեցին ուղղակիրորեն միայն մեկ ասպարեզ չի կարող լիարժեքորեն մտնել, դա ռազմական ասպարեզն է, պատերազմն է։ Պատերազմ վարելը, վերջիվերջո, եկեղեցու գործառույթը չէ։

—Իսկ պատերազմ վարողները պե՞տք է համախմբվեն եկեղեցու շուրջ։

-Համախմբվել պետք է քրիստոնեության ու Քրիստոսի շուրջ՝  հայ եկեղեցվո մեջ։

-Այժմ շատերն են խոսում զանգեր հնչեցնելու անհրաժեշտության մասին, ինչպես ժամանակին՝  Սարդարապատից առաջ։ Ո՞րն է նմանությունն ու տարբերությունը ներկա եւ 100 տարի առաջվա իրավիճակների միջև:

-Տարբերությունը խիստ էական է։ Այն ժամանակ մենք չունեինք պետականություն, և միակ կայացած ինստիտուտը հայ եկեղեցին էր։ Ավելին, այդ տարիներին եկեղեցին ավելի կայացած էր, քան՝ այսօր։ 1918 թ․-ին գյուղ չկար, որ եկեղեցի չունենար, եկեղեցի չկար, որ քահանա կամ զանգ չունենար։ Ու այդ ժամանակ, երբ եկեղեցին հնչեցրեց բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը, ժողովուրդը համախմբվեց։ Այսօր գյուղերի մեծամասնությունում եկեղեցիներ չկան, եթե կան էլ՝ զանգեր չկան, եթե եկեղեցի ու զանգ կա՝ քահանա չկա։ Սա, ինչպես նախորդիվ ասացի, եկեղեցու նկատմամբ պետության ու հասարակության անլուրջ վերաբերմունքի արդյունք է։ Հայ մարդը, պետական կամ հասարակական գործիչն այս 30 տարիների ընթացքում այնքան խոհեմություն չունեցան, որ վերականգնեին գոնե 1918 թվականի եկեղեցու կարգավիճակը։ Եւ հետևաբար, այսօր մեզ համար շատ ավելի դժվար է այդ համազգային համախմբումն իրականացնել, քան 1918 թվականին։ Բայց, չնայած դժվարություններին, դարձյալ եկեղեցու զանգեր հնարավոր է հնչեցնել, գոնե վիրտուալ, չէ որ մենք այսօր վիրտուալ իրականությունում ենք։

—Եթե պետությունը ներկայացնող իշխանությունը տարել է ու տանում է ամբողջական պարտության, երբ պետություն կարծես չկա ու չի աշխատում հայ ժողովրդի օգտին, եկեղեցին ազգի ու հայրենիքի հանդեպ իր պատասխանատվությունը վերցնու՞մ է, թե՝ ոչ։

-Իր ուժերի սահմաններում՝ այո և երբեք եկեղեցին դժվարությունների ժամանակ չի հրաժարվել պատասխանատվությունից: Երբ ես ժամանակին իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ պետականությանը սպառնացող վտանգի պարագայում, եկեղեցին պետք է հզոր լինի՝ կանխելու համար ազգային աղետը, ծիծաղեցին ու հեգնեցին։ Այսօր, ցավոք սրտի, հասել է այդ վիճակը՝ պետականությունը փլուզման եզրին է և եկեղեցին չունի այն ներուժը, որ պետք է ունենար, բայց անգամ այս վիճակում պատրաստ է մտնել բեռի տակ ու ժողովրդին հանել այս փոսից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *