Մհերի քարանձավից դուրս գալու ժամանակն է… Իսկ դա հնարավոր է, երբ կձևավորենք ՀԱՅՔԸ, մեր իրական Հայերնիքի հոգևոր դրսևորումը
ARJEQ.am-ը, ստեղծված ապարժեքային ճգնաժամի, առկա ելքերի և մեր անելիքի մասին զրուցել է համահայկական մշակութային <12-ին խորհուրդ> նախաձեռնության անդամ, ռեժիսոր, մտավորական՝ Խաչիկ Չալիկյանի հետ
Հարց․ Պարոն Չալիկյան, որպես արվեստագետ, որպես մտավորական Դուք առաջինն եք զգում տեղի ունեցող արժեքային փոփոխությունները։ Համաձայն ե՞ք այն գնահատականին, որ մարդկությունը և Հայաստանը՝ մասնավորապես, հայտնվել են ապարժեքային ճգնաժամում։
Նպատակային բնութագրման համար սկսեմ մեր էպոսից։ Եվ այպես, ինչպես գիտենք, Հայոց էպոսի վերջին ճյուղի հերոսը՝ Փոքր Մհերը, ըմբոստանում է անհերոս չնչին իրականության ու մանրացած մարդու դեմ, փակվում է քարանձավում, ուխտելով այնտեղից դուրս գալ այնժամ, երբ աշխարհը կվերագտնի իր մասշտաբը։ Եվ ահա, Մհերի տագնապները լիովին բնութագրում են նաև այսօրվա համընդհանուր քաղաքակրթական ճգնաժամի բուն էությունը։
Ինչպես ամեն երևույթ, այնպես էլ քաղաքակրթական ճգնաժամը նախ դրսևորվում է հոգևոր հարթությունում, մասնավորապես՝ արվեստում։ Վերջին տասնամյակներում արվեստը անհուսորեն հեռացել է իր բուն կոչումից։ Բազում մասնագիտական նրբություններ շրջանցելով, որոնց շուրջ ցանկալի է առանձին խոսակցություն, առանձնացնենք արդի արվեստի թերևս հիմնարար թերացումը։ Արվեստի ցանկացած գործ իր ժամանկի բացառիկ բնութագիրն է։ Իսկ վերջին տասնամյակներում այն դադարել է կրել ժամանակի ոգին արտահայտելու թերևս իր կարևորագույն առաքելությունը։ Էական չէ, թե երաժշտությունը, ֆիլմը, գրական երկը, կերպարվեստի գործը, նույնիսկ նորաձևության նմուշը երբ է ստեղծվել. Միևնույն ոգին է, ճշգրիտ՝ ոգու բացակայությունը։ Իսկ ճշմարիտ արվեստը ժամանակի հետ համահունչ, այսինքն՝ իմաստավորված ապրելու հզորագույն խթանն է առանց որի մենք օտարվում ենք նաև անցյալի արժեքներից… Իսկ իրական արժեքները անցյալ չեն դառնում։ Այսպես մենք մեզնից օտարել ենք երկինքը, որը երեկվա չի լինում։
Այսօրվա ոգու թելադրանքը հստակ է. դա նոր քաղաքակրթական համակարգի արվեստի կայացման հզոր պատվերն է։ Իսկ ո՞րն է այն ոգին, որի ներշնչանքով պիտի արարվի արդի արվեստը։ Ես իհարկե չեմ հավակնի խոսել այդ մասին, դա համատեղ քննարկման, փորձի փոխանակման, համատեղ փնտրտուքի և ոգևոր գործունեության հսկայական դաշտ է… Բայց համարձակվում եմ ներկայացնել գուցե և վիճահարույց որոշ նկատառումներ։
Կարծում եմ, միանշանակ է, որ նոր արվեստի կենտրոնում նորից պիտի վերագտնել մարդուն։ Այստեղ կարևոր դեր ունի ժողովուրդների մշակութային ժառանգության փոխճանաչողությունն ու վերարժևորումը, քանի որ ինչպես նշվեց, իրական արժեքները անցյալ չեն դառնում… Մի՞թե Նոր մարդու ազդակները չեն կրում նույն փոքր Մհերը, Դոն Կիխոտը, որի իռացիոնալ կռվի վեհագույն խորհուրդը անընկալելի է այսօրվա ռացիոնալ մտքին։ Պատահական չէ, որ Դոն Կիխոտին հաղթում է միայն հայելիների ասպետը, որը ցույց տալով նրան իրականությունը, սպանում է նրա երազանքը։ Այդ հայելիների ասպետը այսօր ներխուժել էյուրաքանչյուրիս տուն էկրանների տեսքով և սպանում է մեր մեջ դոնկիխոտներին, նոր մարդուն։
Արվեստում, ինչպես և կադրերի պատրաստման հարցում աղետալի հետևանքների է հանգեցնում պրոֆեսիոնալիզմի կեղծ պատկերացումը։ Մասնագիտական հմտությունները, տեխնիցիզմի տիրապետումը ընդամենը հիմնականը բացահայտելու միջոց են միայն, ոչ ավելին։ Իսկ այդ հիմնականի ընկալումը իսպառ վերացել է։ Հավակնեմ ասել միայն, որ արվեստի ամեն արարվող գործ այդ հիմնականի հայտնագործումն է յուրովի, իսկ այդ հորինվածքը կենդանի օրգանիզմ է, ուր ստել չի կարելի։
Առանձնակի խոսակցության նյութ է ռեալիզմ հասկացությունը։ Ապոլիները ուշագրավ մի դիտարկում ունի։ Ըստ նրա կյանքն ու արվեստը իրար հարաբերվում են ինչպես մարդկային ոտքն ու անիվը։ Իհարկե, մասնակիորեն դա ճշգրիտ մոտեցում է։ Բայց արվեստի և իրականության հարաբերակցությունը միանշանակ և պարզունակ չէ։ Երևույթը ուսանողներին ներկայացնում եմ այսպես. Ժողովրդի մոտ պահպանվել է պատկերացում, որ կա յոթ աշխարհ, յոթ երկինք… Առաջինը մեր տեսանելի կենսաշխարհն է։ Հետո հաջորդաբար առավել կատարյալները, իսկ ամենակատարյալ յոթերորդը՝ դա Աստծո տիրութն է։ Մինչդեռ կա նաև ութերոդ առավել կատարյալը. Դա այն կենսոլորտն է, ուր ապրում ենք մենք … Եվ դա իհարկե նույն առաջինը չէ։ Մեր իրողության մեջ ամեն ինչում կատարյալն ու աստվածայինը տեսնելը նաև արվեստի խնդիրն է, ինչի միջնորդը հենց ժամանակի ոգու ընկալումն է։
Ինչպես բնության մեջ, այնպես էլ արվեստում գործում է տեսակի պահպանման օրենքը։ Ժանրերի առանձնահատկությունը բացահայտելու բանալին նույնպես գտնվում է նրանց ձևավորման ակունքներում։ Արիստոտելը գտնում էր, որ բարձրագույն ժանրը արվեստում ողբերգությունն է, որը վեհացնում, մաքրագործում է մարդուն։ Ճշմարիտ է նաև, որ ամեն երևույթ իր մեջ կրում է իր անտիպոդը։ Սակայն ողբերգության հակառակը կատակերգությունը չէ։ Համարձակվում եմ պնդել, որ կատակերգությունը արհեստական ժանր է։ Ողբերգության անտիպոդը՝ ուրախությունն է։ Լիարժեք, մասշտաբային չէ այն ողբերգությունը, որը իր մեջ ուրախություն չի թաքցնում։ Ահա իմ կարծիքով շեքսպիրյան ողբերգության ապրեցնող ուժը։ Նոր արվեստի հիմքում ինձ հստակ տեսանելի է ուրախության ժանրը… Ստեղծագործության կենդանի հոգին նախ հայտնաբերվում է լռության խորքում… Լռություն, որն իր մեջ հզոր ռիթմ է կրում… Այստեղ ևս ի հայտ եկողն ու արարման մղողը ժամանակի ոգին է… Չծավալվելու համար հարկ է այս պահին լռել․
Մհերի քարանձավից դուրս գալու ժամանակն է…
Հարց․ Պարոն Չալիկյան, այս պարագայում, ի՞նչ է պահանջվում մեզանից, որ պատկերովոր ասած, Մհերը դուրս գա քարանձավից կամ հաղթահարենք այս ճգնաժամը և վերադառնանք մեր իրական կենսազարգացման ծիր։
Իրո՛ք, պահը պատմական է, ճակատագրական… Ամեն խնդիր իր մեջ որպես հակադարձում կրում է այն հաղթահարելու ազդակները։ Մենք շնորհակալ պիտի լինենք, որ մեզ է վիճակված այս ահռելի սպառնալիքներին որպես հակադարձում տեսնել մեր ազգային երազը իրականություն դարձնելու բացառիկ հնարավորությունը։ Եվ դա, եթե մեկ բառով բնութագրենք ՀԱՅՔ-ն է։ Ի՞նչ է Հայքը… Անշուշտ, դա մեր պատմական Հայրենիքն է, իրական Հայրենիքը։ Այսօր այն առավելապես վաղվա Հայրենիքի տեսիլն է մեր մեջ… Դա Չարենցի ու Տերյանի Երկիր Նաիրի ցնորքն է, մորմոքը… Այն լուսե երազը, որը մեր մեջ ճչալով չի թողնում հաշտվել դավադրորեն մեզ մատուցվող այսօվա Հայաստան կոչվածի հետ։
Հայքը գաղափար է, արժեհամակարգ… Այն վերատիրանալու համար նախ պիտի կրել այդ հավատամքը, ապրել որպես Հայքի քաղաքացի, մեծագործություններով արժևորել այդ հավատամքը։
Նախ, պատմական ընդգրկումով փորձենք հազարամյակների ընդհանրացմամբ դիտարկել, թե փաստացի ի՞նչ ունենք այսօր։ Ունենք բարոյական հաղթանակներից ու անբարո պարտություններից զոհասեղանի չափ ու զոհասեղանի վերածված մի պատառ հայրենիք, թվացյալ պետականություն և հազարամյակների փորձն ու արժեհամակարգը կրող աշխարհասփյուռ մեծաթիվ հայություն. Համընդհանուր ճգնաժամ ապրող նորացող աշխարհում նոր արժեհամակարգ կայացնելու հրաշալի նախապայման և բացառիկ հնարավորություն։ Գիտակցենք մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու, աշխարհին ինքնուրույն քաղաքակրթական խոսք ասելու մեզ ընձեռված պատմական պահը։
Մեր ամենամեծ պարտությունը, որը հղի է մեծագույն աղետներով, դա համատարած ատելության, չարացածության, հուսահատ ինքնամերժման մթնոլորտն է, ուր իսպառ մոռացության ենք մատնել երկնքիի գույնը…
Դա հայերեն չէ։ Ինչ խոսք, այս աննախադեպ անկմանը հասցրած անմեղսունակ մեղսունակները պիտի րոպե առաջ հեռանան։
Մեր սպասումները չդառնացնենք նախկինների վերադարձի նվաստ վախով։ Դա բացառվող, դավադիր մոլորություն է …
Որպեսզի սա մեր վերջը չլինի, պիտի լինի Սկիզբը… Սկիզբը Նոր, լավագույն երկրի կայացման, որպես հակադարձում մեզ անբարո դասեր տվող քաղաքակիրթ հորջորջվող աշխարհի, հանուն իրենց իսկ փրկության, այլապես համաշխարհային ցեղասպան համակարգը դառնում է իրողության տերը։
Անհասկանալի, աններելի է հոգևոր հզոր ժառանգության և մարդկային մտքի մեծագույն նվաճումների պայմաններում շարունակել պահպանել մարդու մեջ մարդուն ոչնչացնող այսօրվա ամոթալի աշխարհակարգը, հատկապես, երբ այն արդեն բացահայտորեն ընթանում է մարդուն ոչնչացնելու ուղիով։ … Ո՞ւր է հազարամյակներ շարունակ իր ինքնության համար մաքառող լուսակիր հայ մարդու երազներին տեր կանգնող Հայ հավաքական միտքն ու կենդանի հոգին… Համընդհանուր աղետը այլևս անխուսափելի է, եթե մարդկությունը չգտնի համակեցության քաղաքակրթական նոր ուղենիշը։ Ահա Հայքի մի կարևոր առաքելություն ևս։ Ինչ խոսք, սերը, բարությունը, արդար գործի ծառայելու մղումը միջոց է, ոչ թե ինքնաբավ նպատակ… Իսկ նպատակը՝ մեր մեծագույն գերխնդիրների իրականացման հզոր պատվերն է ուղղված նոր ձևավորվելիք վերնախավին, բոլոր ոլորտներում։ Իսկ այդ, նաև՝ քաղաքական վերնախավը կարող է ձևավորվել միայն համահայկական ներուժի համախմբմամբ… Մենք լիուլի ունենք այդ ներուժը։ Ավելին, այդ առումով արդեն իսկ բավական գործ արված է…
Մեր իրական Հայրենիք Հայքը, ինչպես ցանկացած խնդիր նախ ձևավորվում և իրականանում է հոգևոր հարթությունում, այսինքը՝ մեր մեջ։
ՀԱՅՔԸ պատմական Հայքի հոգևոր դրսևորումն է, համայն հայության միասնական գործելու համակարգը, փաստացի՝ ՀԱՅՔԸ նոր աշխարհում նոր տիպի պետական–կառավարման համակարգ է։
Հայքը ընկալում ենք որպես սեփական ինքնության վրա բարձրագույն արժեհամակարգ ձևավորած ապագայի քաղաքակրթական մոդել, որպես համայն հայության իդեալները կրող առաքելական նախաձեռնություն, Որպես համայն հայությանը ներկայացնող աշխարհին ներկայանալի իրական սուբյեկտ և ակնկալում նրա իրականացման հարցում համայն հայության գործուն մասնակցությունը:
Հայքն այսօր նոր քաղաքակրթական համակարգ պայմանավորող համաշխարհային հոգևոր կայսրություն է։ Եվ այն կառուցելու ջանք ու ժամանակ չի պահանջվում. Պարզապես պիտի արթնանալ Հայքում։
Ի տարբերություն նոր պետականություն կայացնելու այլ ծրագրերի, Հայքը նրանց այլընտրանք ու հակադրություն չի։ Ավելին, այն նաև նախադրյալ է և անհրաժեշտ նախապայման ցանկացած ծրագրի … Այն հայոց բոլոր տեսիլների ուղեկիցն ու բնութագիրն է։ ՀԱՅՔ՝ այսինքը մեր իրական ինքնության վրա հիմնված Հայրենիքի շինարարությանը կոչված աշխարհասփյուռ հայության միասնական կամք ու ներուժ…
Ելնելով խնդրի հրատապ անհրաժեշտությունից, նաև՝ ողջունելով Հայոց տարբեր շրջանակներում արդեն իսկ գործող ազգի ապագայով մտահոգ տարաբնույթ նախաձեռնությունների գործունեությունը, ՀԱՅՔԸ համախմբման իր ուղերձն է հղում քաղաքական, հասարակական, ազգանպաստ բոլոր կառույցներին և հայրենապաշտ անձանց առանց հապաղելու խորհրդակցություններ սկսել իրենց հայրենանվեր ջանքերի միավորման շուրջ… Ամենակարևորն ու հրատապը. Միավորվելը պետք է լինի կոնկրետ ծրագրերի իրականացման շուրջ… Դրա անհրաժեշտությունն ու ոգևոր աշխատանքի հնարավորությունը կա կազմաքանդված բոլոր ոլորտներում։ ՛
Հարց․ Պարոն Չալիկյան, այս ուղղությամբ Դուք արդեն քայլեր ձեռնարկում եք, խոսքը՝ «12 -ի խորհրդի» մասին է։
Այո՛, որոշակի ծրագրերի իրականացում արդեն իսկ սկսված է վերջերս ձևավորված համահայկական մտավորականության «12 -ի խորհրդի» ջանքերով։ Մենք գտնում ենք, որ օրվա հրամայականն է՝ Հռչակել ՀԱՅՔ համահայկական համակարգը և տեր կանգնել մարդկության լուսե երազներին… Ավելի նվաստ խնդիր վեր է մեր ուժերից։ Մեզ պարտադրվելիք կեղծ, հին, սպառված լուծումները դատապարտված են…
Երկրներն ու աշխարհը կառավարող համակարգի հանդեպ բացարձակ անվստահության պայմաններում, կարևորագույն խնդիր է վերածնունդ նախանշող համամարդկային վստահելի հարթակի ստեղծումը։
Քաղաքակրթական ճեղքում ապահովելու հարցում որպես առաջին քայլ, առաջարկում ենք առաջիկայում Հայաստանում՝ ավելի ճիշտ՝ ՀԱՅՔ -ում, Արարատ լեռան ստորոտին կյանքի կոչել ամենամյա «Արարատ քաղաքակրթական համաշխարհային ֆորումներ»… Օրակարգում Նոր քաղաքակրթության, համակեցության նոր արժեհամակարգի կառուցման հրամայականն է և միաժամանակ՝ այն անհապաղ իրականացնելու գործընթացը։ Ֆորումի օրերին ցանկալի է նաև իրականացնել քաղաքակրթական ճեղքում նախանշող արվեստի փառատոն…
Այս աննախադեպ պատմական շրջադարձում ներգրավենք նաև այլ ժողովուրդների փորձն ու իմաստությունը…
Ճանապարհը մի դեպքում է իմաստավորված՝ եթե գիտենք՝ ուր ենք գնում: Իսկ տեղ հասնլու համար նախ պիտի այնտեղ լինել։
Կա Մեծ Հայքը, Կա Երկիր Նաիրին… Յուրաքանչյուր հայ իր մեջ կրում է երկիր դրախտավայրի իր տեսիլը: Միավորենք մեր երազները, արթնանանք այս մղձավանջից իրական Հայրենիքում…
Հարց, Ձեր ամփոփիչ ուղերձը մեր հետևորդներին․
Վերջերես, մենք ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ դիմեցինք հստակ ուղերձով։ Հետևաբար, նրա բովանդակության շեշտադրումն էլ թող լինի իմ ուղերձը ARJEQ.am-հետևորդներին։ Եվա այսպես, բոլորս պետք է գիտակցենք, որ Քաղաքակրթական համընդհանուր ճգնաժամ է… Համաշխարհային աղետաբեր գործընթացներ են… Եվ Հայաստանը հայտնվել է Աշխարհի հզորների դավադիր ծրագրերի կիզակետում։
Եվ այս օրհասական պահին՝ «Հայաստանը» ներկայացնող, աշխարհի հետ հարաբերվող, հայոց անունից խոսող որևէ իրական սուբյեկտ չկա…
Հայոց անլռելի զանգակատան ճիչ–հրամայականը դարձյալ նույնն է.
Համայն Հայությունը պետք է ներկայանա որպես Միասնական Սուբյեկտ։
Սակայն համախմբման կոչեր հնչեցնելն այլևս խաբկանք է, ժամանակի կորուստ։
Հապաղելը կարող է Հայոց համար անդառնալի հետևանքներ ունենալ… Մինչդեռ,
Համայն հայությանը ներկայացնող Սուբյեկտը միշտ եղել է և՝ ԿԱ…
Կա որպես ՀԱՅՔ… Ինքնություն, Ոգի… հզոր Կամք։
Այն չտեսնելն ու նրան տեր չկանգնելը այլևս աններելի է…
Շնորհակալությամբ ողջունելով նման մտահոգությամբ արդեն իսկ գործող բազում կառույցներին, հավաստում ենք. Հայ Ոգու, Ջոջաց Տան, Հայոց Աստվածների Հրամայականը միանշանակ է. Պատասխանատվությամբ հռչակել, որ ՀԱՅՔՆ արդեն գործում է որպես Հայոց իրական օրակարգ թելադրող հարթակ…
Նախաձեռնողը մենք չենք, այլ ՀԱՅՔԸ՝ նրա սրբազան խորհուրդը։ Այս ճակատագրական պահին «12 -ի ԽՈՐՀՈւՐԴԸ» ընդամենը բարձրաձայնում է պահի հրամայականը և փորձում կանխել Հայության շուրջ խմորվող դավադիր հաշվարկները։ Յուրաքանչյուր հայրենատեր թող համարի, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակն ու շահառուն…
Միաժամանակ շեշտենք, որ ՀԱՅՔԸ գնահատում է յուրաքանչյուրի ինքնուրույն գործելու իրավունքը, գաղափարական ու ծրագրային սկզբունքները… Ավելին, նպատակ ունի փոխադարձ վստահությամբ բազմապատկել նրանց զորությունը։
ՀԱՅՔԻ թափուր լիազորություններին տեր կանգնելու համար՝ կոչով դիմում ենք Համայն հայությանը. ազգային կառույցներին, իրոք անկախ ազգային կուսակցություններին, անհատ գործիչներին, հայրենապաշտ յուրաքանչյուր հայի. Հավաստեք Նոր Հայքի անունից խոսելու Ձեր պատրաստակամությունը։
ՀԱՅՔ -ում ներգրավվելու պայմանը մեկն է. Լինել անկախ ու Հայակենտրոն։
Չի բացառվում և ցանկալի է, որ գործելուն զուգընթաց ժամանակի ընթացքում անհրաժեշտություն առաջանա համատեղ ջանքերով ամբողջացնել գործունեության իրավական, կառուցվածքային, գաղափարական, կանոնադրական, ծրագրային հենքը… Ակնկալում ենք, որ իրենց ոլորտներում մեծագործությունների կոչված մեր հայրենակիցները կմիավորվեն նաև կոնկրետ գործերի, ծրագրերի շուրջ, հանուն միասնական, իրական ՀԱՅՔԻ…
Սպասում ենք ձեր առաջարկներին և շահեկան մասնակցությանը։
Այս նախաձեռնությունը նաև իրական հայրենասիրության, օտարին չծառայելու որոշակի բացահայտիչ է…
Հավաստի՛ր Հայրենիքին տեր կանգնելու քո հավատամքը…