Մենք կոչ ենք անում ազատ հային՝ իր ժամանակի և կարողությունների մի մասը դնել ազգային արժեքների կայացմանը և Համահայկական Վերնախորհրդի-Աշխարհաժողովի կայացմանը

ARJEQ.am-ը, Հայաստան-սփյուռք փոխգարծակցության և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի մասին զրուցել է Համահյակական Վերնախորհրդի համակարգող՝ Արամ Մկրտչյանի հետ։

Հարց․ Պարոն Մկրտչյան կներկայացնենք ի՞նչ ընթացքում և ի՞նչ հանգրվանում են գտնվում Ձեր կառույցի գործերը։

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից ևս մեկ անգամ հակիրճ տեղեկացնեմ մեր   համակարգի իրավաքաղաքական աշխատանքային ընթացքի և ուղղությունների մասին։ Գործունեությունը սկսել ենք 2000 թվականին, մեր հիմնական նպատակն էր ձևավորել արևմտահայության իրավաքաղաքական կառույցը և այդ կառույցի օգնությամբ հասարակության գիտակցության մեջ ամրացնել հայոց անժամանցելի հայրենատիրության իրավունքը։ 2011 թվականի փետրվարի 4-ին «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը»  Փարիզում հռչակեց «Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության գործունեության սկիզբը։ Հռչակագրի նախաբանում մասնավորապես ասված է.

«ԿԸ ՀՌՉԱԿԷ Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝ Արևմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը։  ․․․․»։

Հռչակագրի հոդված երրորդի երկրորդ կետը սահմանում է՝․

«2. Արևմտեան Հայաստանի հայոց անունով հանդէս գալու իրաւունքը կը պատկանի բացառապէս Արևմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեանը»։

2013 թվականին Փարիզում հանդիպում ունեցանք  Բագրատունյանց Տան ներկայացուցիչ  երջանկահիշատակ  Ռոլադ ֆոն Բագրատունու հետ և եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել հայոց միապետական իրավունքը ներկայացնող կառույց։ 2016 թվականին ձևավորվեց   «Հայոց Մեծաց տան թագադիր գերագույն խորհուրդ» և Բագրատունյաց «Անգեղաց Տուն» ասպետական միաբանությունը։ Այսօր արդեն Բագրատունյանց Տունը հանդես է գալիս որպես հայոց միապետական իրավունքի կողմ։ Մենք խնդիր ենք դրել նաև վերաճանաչել իշխանական տների ժառանգական իրավունքները։ Նախապատրաստում ենք նաև 2024 թվականին նեկայացնել  օծման  Բագրատունյաց թագը և գահը։

2017 թվականին սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ Համահայկական Վերնախորհրդի (Սենատ) հիմնադիր համագումարը։ Մեզ հաջողվեց ԱՄՆ -ում, ՌԴ-ում ԵՄ-ում և ՀՀ -ում ձևավորել  կայուն աշխատանքային միջավայր, ինչը հնարավորություն տվեց մեզ բոլորիս 2021թվականի դեկտեմբերին Երևանում ստորագրել «Եզրափակիչ Ակտ» նաև «Աշխարհաժողովի» անդամների ակտիվ մասնակցությամբ։ Ձևավորում ենք Համահայկական Վերնախորհրդի ընտրական հանձնաժողովը, կազմված  ԱՄՆ-ի, ՌԴ-ի ԵՄ-ի, ՀՀ-ի  տարածքներում գործող հասարակական, քաղաքական գործիչներից։ Ըստ ծրագրի մայիսի վերջին ընտրական հանձնաժողովի կազմը կհրապարակվի, իսկ հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի կունենա իր ծավալներով և լուծումներով աննախադեպ առցանց ընտրություններ։ Ընտրություններին կմասնակցեն ազգությամբ հայ  մինչև 350 000 ընտրողներ՝ աշխարհի տարբեր երկներից։ Ընտրություններին կարող են մասնակցել նաև բոլոր ցանկացողները՝ անկախ իրենց ազգային պատկանելիության։ Նոյեմբեր ամսին  տեղի կունենան ընտությունների ամփոփումը։

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների սկսած սիրախաղը Թուրքիայի հետ։

Այս թեման ակնկալում է առավելագույն անկողմնակալ մոտեցում՝  պատմական, քաղաքական և իրավական կտրվածքներով։ Հիշեցման կարգով 1804 թվականից մինչև 1830թվական Ռուսական կայսրությանն է միացել մոտ 90 000 քառակուսի կիլոմետր հայկական հողեր, որից անվիճելի  հայկական է ճանաչվել՝ 61 հազար քառկմ։ Նշենք այդ տարածքները՝ Կարսի նահանգ և Սուրմալուի մարզ, Երևանի Նահանգ, Նախիջևանի Խանություն, Արցախի Խանություն, Ջավախք։ 1919 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը  ի լուր աշխարհի ներկայացրեց «Միացեալ Հայաստանի Անկախութեան  Յայտարարման Ակտը»։ Սակայն տարբեր դեպքերի զարգացումների հետևանքով  հայկական կողմը չկարողացավ իրականացնել այնպիսի քաղաքական գործունեություն, որը կնպաստեր հայկական տարածքների  61 հազար քառ․կմ պահպանմանը՝ Արևելյան Հայաստանի ձևաչափով։ Հայաստանի Խորհրդայնացման արդյունքում 1920 թվականին հայոց վերահսկողության տակ մնաց միայն 31հազար քառ․կմ տարածք։

Այս հանրապետությունը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը, ըստ 1991 թվականի Անկախության Հռչակագրի առաջին կետի «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»: Ըստ էության այս հանրապետությունը ներկայացնում է արևելահայության կամ ռուսահայության իրավունքները և տնտեսական շահերը։ Այս հանրապետությունը չունի մանդատ ներկայացնելու հավաքական հայության հայրենատիրության իրավունքը։

Այս հանրապետության  ղեկավարները սկսված 1991 թվականից փորձել են հարաբերություններ հաստատել Թուրքիայի Հանրապետության հետ։

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչվել է 1991թվականին, սակայն դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։  1993թ. Լ․ Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրղութ Օզալի թաղման արարողությանը: 1993 թվականին Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները Թուրքիան փակել է միակողմանիորեն, այնուհետև օդային սահմանը վերաբացել է 1995 թվականին: 1998թ. հունիսի 5-ին Լ․ Տեր-Պետրոսյանը Յալթայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում նորից հանդիպեց Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։ 2008 թվականին Ս․ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ջերմացնում է հայ-թուրքական հարաբերությունները: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրում են հայ-թուրքական երկու արձանագրությունները:  2015 թվականին Ս․Սարգսյանը հետ է կանչում արձանագրությունները Ազգային ժողովից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դադարեցնում է դրանց կնքման ընթացակարգը:

Վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանը մայիսի 10-ին իր ելույթում նշում է․ «Այդ ի՞նչ թեմա է՝ թուրքը մեզ թշնամի է, թե ոչ։ Դա հայտարարությունների եղանակով չի որոշվում։ Դա պատմական իրողություն է։ Թշնամանքը պետք է կառավարելի լինի, և մենք այդ ճանապարհով ենք գնալու։ Չի կարելի թույլ տալ չկառավարվող թշնամանք»։ Պետք է նկատի ունենենաք, որ այս իշխանությունները Թուրքիայի Հանրապետության հետ բանակցություններում շարունակում են  առաջին, երկրորդ և երրորդ նախագահների որդեգրած քաղաքականության շրջանակներում։ Առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ճանաչել գործող սահմանը որպես միջպետական։

Համայն հայության արտաքին և ներքի բոլոր խաղացողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը իրավասու է ստորագրել փաստաթուղթ միայն իր անունից և  ՀՀ միայն ՀՀ քաղաքացիների  համար։ Մենք հետևում  ենք  Թուրքիայի Հանրապետության  հետ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանի գործունեությանը և կարծում ենք, որ պարոն Ռուբինյանը խորապես գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունը լիազորված չէ արևմտահայության կողմից Թուրքիայի  Հանրապետության հետ բանակցություններում։ Մենք նոտաներ ենք փոխանցել Շվեցարիայի ԱԳՆ, ՀՀ ԱԳՆ և իրազեկել, որ Արևմտյան Հայաստանի հայրենատիրության շուրջ Թուրքիայի Հանրապետության հետ բանակցային կողմ է հանդիսանում Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը։

Հարց․ Անկասկած, Ձեր գործունեությամբ նոր բովանադակություն եք բերում ինչպես սփյուռքի կազմակերպմանն ու գործունեությանը, այնպես էլ սփյուռք Հայաստան փոխհարաբերություններում։ Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր տեսլականն այս համատեքստում։

Մինչև իմ տեսլականի շարադրելը մեր ընթերցողներին հակիրճ ներկայացնեմ Հայաստան-Սփյուռք անցած ճանապարհը։ Հայաստան-սփյուռք փոխհարա- բերությունները հիմնադրվել է  1931թվականին՝ որպես ՀԽՍՀ ժողկոմխորհրդի ներգաղթի հանձնաժողով-կոմիտե։ 1944 թվականին ձևավորովեց Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը։ 1964 թվականին «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության» հիմքի վրա ձևավորվեց «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն»։Կոմիտեի գլխավոր խնդիրներն էին  հայրենասիրական աշխատանքի կազմակերպումը սփյուռքահայության շրջանում և Խորհրդային Հայաստանի քաղաքական, տնտեսական նվաճումների լուսաբանումը, արտերկրներ հայկական կազմակերպությունների և  հայրենակցական միությունների միջոցով։

 1992 թվականին «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն» զրկվեց պետական ֆինանսավորումից և փաստորեն զրկվեց իր կանոնադրական խնդիրները կատարելու հնարավորությունից։ 1998 թվականին  կոմիտեն վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը։ 2008 թվականին կառավարության որոշումով ստեղծվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ 2019 թվականին լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որի հետևանքով նախարարության գործառույթների մի մասը կցվեց  Կրթություն, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ լիազորությունների մեկ այլ մաս տրվեց  նոր ձևավորված  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին։ Ինչպես նկատեցիք,  1931թվականից մինչև 2019 թվականը Հայաստան-սփյուռք ձևաչափով գործող բոլոր կառույցները հիմնականում իրականացրել  են կրթամշակութային և քաղաքական գործառույթներ, հստակ տեսանելի է, որ բացակայում է իրավաքաղաքական մասը։

Ըստ մեր տեսլականի՝ Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների հիմքը հանդիսանում է Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի պատմական և քաղաքական փաստը և արևմտահայության հայրենազրկման և հայրենատիրության իրավունքի կենսագործման հանգամանքը։ 2017 թվականին սեպտեմբերին Երևանում մենք կայացրեցինք Համահայկական Վերնախորհրդի (Սենատ) հիմնադիր համագումարը։ Մեր գերխնդիրն է իրականացնել Համահայկական Վերնախորհրդի 501 սենատորների  ընտրությունները։ 501 սենատորներից 120-ը ներկայացնելու են ՀՀ, Արցախը, Նախիջևանը և Ջավախքը, իսկ 381-ը ներկայացնելու են Եվրոմիությունը, ԱՄՆ-ը, ՌԴ և նախկին ԽՍՀՄ երկրները, ինչպես նաև Անգլիան, Իրանը, Սիրիան, Լիբանանը, Թուրքիան, Կանադան, Ավստալիան, Լատինական Ամերիկայի և այլ երկներ։ Ընտությունները անցկացնելու համար վերակազմավորվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը  հասանելի կլինի մայիսին։  Մեր հաշվարկներով ընտրություններին կմասնակցեն հայ աշխարհի մինչև 350 000 ընտրողներ՝ տարբեր երկներից։ Այս ընտրությունները Համահայկական Վերնախորհրդին օժտելու  են  բացառիկ  լիգիտիմությամբ, ըստ էության արտերկրի հայությունը այս ընտրություններով դառնում է  հասցեատեր, իրավատեր և հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գործընկերը։ Մեր նպատակն է ընտրովի Սենատի կողմից դատական հայց ներկայացնել ԱՄՆ ֆեդերալ դատարան, պահանջելու՝ կենսագործել 1920 թվականի  նոյեմբերի 22-ին   Արբիտրաժային՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» որոշումը՝ արևմտահայության իրավունքների կենսագործման նպատակով։

Հարց․ Ի՞նչ ամփոփիչ ուղերձ ունեք arjeq․am-ի հետևորդներին։ Պարոն Մկրտչյան։

Մենք՝ արտերկրում ապրող հայերս խիստ կարևորում ենք arjeq․am թիմի, այսինքն՝ Գյումրու «Ազգային Արժեք Ակումբ»-ի հետ համագործակցությունը։ Մենք համարում ենք, որ «Ազգային Արժեք Ակումբ»-ը  Հայաստանում  գործող ազգային այն եզակի կառույցներից մեկն է, որն ունի  կոնկրետ պետական կառուցողական մոտեցումներ և գտնվում  է գործնական դաշտում։ Մեր կարծիքով հայության անհավաքականության սինդրոմը աստիճանաբար դուրս է մղվում քաղաքական դաշտից։ Դանդաղ բայց կայուն կերպով մարմնավորվում  է հայության հավաքականությունը նաև «Ազգային Արժեք Ակումբ»-ի և նրա հետևորդների ջանքերով։ Ազգային պետականաշինության  ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն հետևորդների մեծ բանակով և երեք սերնդի համագործակցությամբ նաև վերականգնելով ազգային ինստիտուտները, որոնցից ամենակենտրոնականը՝ Աշխարհաժողովն է։ Մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները միայն այն դեպքում, երբ Հայաստան-սփյուռք կապը տեսականից կմտնի գործնական և իրավական տարածք։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են  «Ազգային Արժեք Ակումբ»-ին։ Դուք օգնում եք մեզ կայացնելու ազգային պետություն,  որը գործելու է ի շահ յուրաքանչյուր հայի և ապահովելու է  հայ ազգի  կենսագոյությունը և ազգային գենոֆոնդի վերականգնումը։ Անցած տարիների ընթացքում  մենք կարողացանք մեր ձևավորած կառույցների միջոցով  վեր հանել հայոց իրավունքները և որպես մեկ ամբողջական իրավական փաթեթ ներկայացնել հայ հասարակությանը։ Մենք կոչ ենք անում ազատ հային՝ իր ժամանակի և կարողությունների մի մասը դնել ազգային արժեքների  կայացմանը և Համահայկական Վերնախորհրդի-Աշխարհաժողովի կայացմանը։

Համահյակական Վերնախորհուրդ

 Ա․ Մկրտչյան

01․04․ 2022թ․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *