Շնորհավո՜ր տոնդ, Գյումրիս ՄԱՍ 1
Սերս գաղտնի թող մնա…
Շնորհավո՜ր տոնդ, Գյումրիս…. Գիտեմ՝ սիրո՝ հիացմունքից արբեցած տարաբնույթ ու բազմաոճ խոստովանություններ է լսելու քաղաքս…. Արժանի է… Գյումրիս վայելելու է զգլխիչ սիրո շռայլ խոստավանությունները… Սակայն օրվա խորհրդով պայմանավորված՝ ուզում եմ վաղ մանկությանս ժամանակ տատիկիցս՝ Օֆելյա Ալանակյանից լսած գաղտնի սիրո աննախադեմ մի պատմություն բացահայտել, որը դրսևորել է իր հայրենի քաղաքի նկատմամբ Գյումրվա հանրահայտ տոհմերից մեկը:
Ալանակյանները Հնդկաստանից շատ մեծ, կարելի է ասել՝ ահռելի ժառանգություն են ստանում, հավաքվում են գերդաստանի ավագները՝ խորհրդակցելու՝ ինչպես վարվեն…. որոշում են՝ գերդաստանի՝ այդ ժամանակվա ավագագույնը՝ Արամ Ալանակյանը /տատիկիս հորեղբորորդին. ի դեպ, հանրագիտարանում զետեղված է նրա անունը/ ներկայացնելու է իրենց որոշումը. իրենք հրաժարվում են ժառանգությունից՝ հօգուտ իրենց բնօրրանի զարգացմանն ու ծաղկմանը: Պայման են դնում, որ Գյումրիում կառուցելու են Մոսկվայի մարզադաշտի կրկնօրինակը, փողի մյուս մասը ծախսելու են Գյումրի –Ղարս երկաթգծի կառուցման վրա, իսկ մնացյալը՝ կարծեմ ամենամեծ հատվածը, նվիրաբերելու են խորհրդային երկրին… Ընդ որում, ոչ մի հայտարարություն, ոչ մի տարփոխում… մարդիկ լռելյան սիրել են իրենց քաղաքը… Կարծում եմ՝ իսկական սերն ու նվիրումն այսպիսին է … Հատկապես այսօրվա մարդու տրամաբանությամբ միգուցե դժվարընկալելի է այդպիսի հայրենասիրությունը, ոմանց կողմից կարող է որակվել իբրև խենթություն կամ միամտություն, բայց միևնույնն է. սերը ենթադրում է նաև խենթ նվիրում…. խենթացնող զոհաբերություն….
Հ.Գ. Պայմանի առաջին երկու կետը մինչ օրս իրականացված չէ…. Հուսամ՝ երրորդ հատվածը խորհրդային իշխանությունները ծախսել են ժողովրդի բարեկեցության վրա…
Հոդվածի հեղինակ՝ Հայրապետյան Աստղիկ Հրաչի- բանասիրական գիտությունների թեկնածու, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Շիրակի Պետական Համալասարանի դասախոս: