Դասավանդման հայկական փորձը և գրաբարի ուսուցման կարևորությունը

Այսօր անընդհատ շահարկվում են ժամանակակից կրթահամակարգում կատարվող բարեփոխումներն ու դրանց արդյունքները: Անշուշտ, չափազանց  կարևոր է ժամանակակից պահանջներին համահունչ ընթանալ` հետ չմնալով ընդհանուր համաեվրոպական ծրագրերից, սակայն այս պարագայում արժևորում ենք նաև ուսուցման ու ուսումնառության նպատակային ուղղվածությունը և ազգային դաստիարակությունը, որը, ի դեպ, վերջերս առանձին դեպքերում անտեսվում է: Նկատենք, որ դեռևս հնագույն ժամանակներից հայ մտավորականներին հուզել են հայեցի դաստիարակությունն ու ազգային կրթության խնդիրները:

Այսպես` Գրիգոր Մագիստրոսի համար առաջնային մտահոգություն է եղել «բազում ուսումնական սերունդների ջանքերով ստեղծուած հայոց Արամեան մեծահարուստ դպրութիւնը յանկարծ մոռացութեան չմատնուի երբեւէ, այլ, ընդհակառակը, հայեցի դպրութեան ջահը պէտք է միշտ վառ մնայ բոլոր ժամանակներում» : Ապա հետագա հայ ուսումնական սերունդների համար առաջնային նշանակություն տալով աւանդական ` հայեցի դաստիարակությանը` մեծանուն գիտնականը գտնում է, որ այնտեղ են ամբարված ստեղծագործական մտքի նվաճումները, որոնք ամուր պատվանդան են դառնալու հայ ուսումնականի համար գիտությունների ճիշտ ճանապարհով ընթանալիս: Օգտվելով եվրոպական միջնադարյան կրթական համակարգից` Գ. Մագիստրոսը կազմել է ուսումնական նոր ծրագիր` ուսուցումը տանելով համեմատաբար դյուրընկալելի առարկաներից ավելի բարդերին` առաջարկելով Սուրբ գրքի ուսուցում, առասպելավարժություն, հունական դիցաբանության ընտիր նմուշներ, թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, քերականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն: Նկատենք, որ առարկաների թեմատիկ բովանդակությունը կուրորեն չի պատճենվել, այլ պարբերաբար վերանայվել է, ըստ անհրաժեշտության ենթարկվել փոփոխության:

Փաստորեն, «եթե եվրոպական դպրոցներում նոր գրագետ դարձած սաներին միանգամից սովորեցնում էին քերականություն, ապա Գ. Մագիստրոսը հանձնարարում է այդ ծանր, դժվարին դասընթացը նրանց սովորեցնել ավելի հեշտընկալ, դյուրին առարկաների ուսուցումից հետո»: Ավելի ուշ Հովհաննես Իմաստասերը (1047-1129) ընդհանրացրել և համակարգել է վարդապետական ուսումնական ոչ միայն ծրագրերը, այլև հանձնարարելի գրականության ցանկը, ինչպես նաև «դպրությունն ու գիտությունը հարստացրեց երևույթների ու իրողությունների հետազոտման` փորձաքննական մեթոդով՝ պնդելով, որ փորձն է հաստատուն և աներկբայ» (10) , որը, ինչ խոսք,մեծ առաջընթաց էր:

Ուսուցման ընթացքում առաջնային խնդիրներից էր ուսուցման լեզվի մատչելիության հարցը, որի վերաբերյալ տարաբնույթ, հաճախ հակասական կարծիքներ են արտահայտվել: Օրինակ` Գր. Պահլավունին կողմ էր խրթին, մանվածապատ լեզվին, ինչը բխում էր նրա մանկավարժական հայացքներից:

Նախ` նա գտնում էր, որ իր խոսքն ուղղված է ոչ թե ծոյլ եւ համբակ, թերուս ու տգէտ ընթերցողներին , այլ տեսական մտածողության դրոշմն ունեցող, գաղափարների ու հայացքների անսահմանության եթերում ճախրող գիտնականներին: Ինչպես  նաև  նմանատիպ գրելաոճը նա ծառայեցնում էր իբրև խթան` փորձելով արթնացնել հետաքրքրություն ուսման նկատմամբ: «Անշուշտ կամաւ այնպիսի խրթին ոճ մը բանեցուցեր է, որպէս զի ծոյլերը մեկդի ձգեն իրենց թուլությունը, եւ ջանան հասկնալ իրենց ուղղված Թուղթը, յորում իրենց վարդապետին հանճարը կ’երեւնար»: Անդրադառնալով մեր օրերին` նշենք, որ գրաբարի արդյունավետ դասավանդման համար նախևառաջ կարևորում ենք գրաբարի դասավանդման ծրագրային հստակեցումը, որի համար ելակետային ենք համարում ավագ դպրոցում ժամանակակից գրական արևելահայերենի դասավանդման ծրագրային առանձնահատկությունները, առանց որի անհնար է պատկերացնել գրաբարի ուսուցումը:

Առավել քան համոզված ենք, որ ժամանակակից հայերենի դասընթացին զուգահեռ՝ պետք է տանել գրաբարի ուսուցումը` ծրագրային համապատասխանություն ստեղծելով: Այսպես, գրաբարի ուսուցումը ենթադրում է առաջին հերթին նախնական գիտելիքներ տալ հին հայերենի հնչյունական համակարգի և ընթերցանության կանոնների վերաբերյալ, ապա քերականական իրողությունների դասավանդմանն անդրադառնալ:

 

 

Հոդվածի հեղինակ ՝ Հայրապետյան Աստղիկ Հրաչի —  բանասիրական  գիտությունների թեկնածու, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Շիրակի Պետական Համալսարանի  դասախոս:

E-mail: a_hayrapetyan@list.ru

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *