․․․Ուխտերթի նպատակը ապաշխարության գիտակցումով և աղոթական նվիրումով մեր քայլերը դեպի եկեղեցի, դեպի Աստված ուղղելն է։ Արմեն Սարկավագ

Գյումրիում՝ Ապրիլի 29-ին, Ս. Հարության խորհրդով նախատեսվող ուխտերթի մասին arjeq.am-ը զրուցել է Արմեն Սարկավագ Իսահակյանի հետ։

  • Հարգարժան Արմեն Սարկավագ, ապրիլի 29-ին Ս. Հարության խորհրդով ուխտերթ է նախատեսվում Գյումրիում։ Ո՞րն է բուն նպատակը։

Ուխտերթի նպատակը ապաշխարության գիտակցումով և աղոթական նվիրումով մեր քայլերը դեպի եկեղեցի, դեպի Աստված ուղղելն է, Տիրոջից ամենագութ ողորմությունը հայցելը, Նրա Հայրական սերը Իր անառակ զավակների հանդեպ վերագտնելը: Երբ Մեծ պահքի ապաշխարության շրջանում էինք գտնվում, այն հույսն ու համոզումն ունեինք, որ մեր սուգը և տրտմությունը պետք է վերափոխվի ուրախության՝ Աստծո փրկչական տնօրինության շնորհիվ: Այժմ վերապրում ենք Տիրոջ հրաշափառ Հարության ուրախությունը և ցնծում Տիրոջ հաղթանակով: Միաժամանակ տրտմում՝ տեսնելով, թե որքան քիչ է Հարության լույսը դիպել մեր սրտին և ազգային կյանքին: Դրա համար մենք դուրս ենք գալիս գովաբանելու Տիրոջ հրաշափառ Հարությունը և մեր ազգին կոչ անում Հարության լույսով լցվելու և փրկելու վիրավոր հայրենիքն ու մեր մոլորված անձերը:

  • Ովքե՞ր կարող են մասնակցել և ի՞նչ է անհրաժեշտ մասնակցության համար։

Քանի որ ուխտերթը համազգային դարձի կոչ է, այդ հրամայականով ուխտերթին կարող է մասնակցել յուրաքանչուր ոք, իսկ այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ մասնակցության համար, կասենք՝ կամք և նաև գիտակցում, թե որքան կարևոր է Աստծուն ուղղված և Նրան խոնարհվելու պատրաստ մեր հավաքական աղերսը: Գիտեք, որ անձնական աղոթքը շատ կարևոր է, բայց ընդհանրական աղոթքն` էլ առավել: Նինվե քաղաքը չփրկվեց մեկ կամ երկու հոգու աղոթքի շնորհիվ, այլ մի ամբողջ քաղաք հայացքը ուղղեց դեպի Աստված, իսկ մեր այս դժվարին օրերին առավել քան կարիք ունենք ազգովի միակամ և միասիրտ մեր խոնարհումը Աստծուն բերելու:
Ուխտերթի ճանապարհը կարճ չէ. այն սկսվում է Գյումրու ծայրամասից՝ 58 թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց դեպի քաղաքի սրտում բաբախող, քաղաքը հոգեպես կենդանի պահող Ս. Յոթվերք Մայր եկեղեցի: Հավատացյալների թափորն, անցնելով քաղաքի գլխավոր ճանապարհներով, կոչ է անում յուրաքանչյուր հայորդու անտարբեր չլինել, միաբանվել և աղոթակից դառնալ մեզ հետ: Ուխտերթի ընթացքում բազմաթիվ անգամներ կհնչի Տիրոջ Փրկչական Սուրբ Հարության ավետիսը՝ մեր սիրելի հայրենակիցներին բարձրաձայնելով, որ Քրիստոսն է մեր Փրկիչը, Նա է մեր ազգի հույսն ու ապավենը, ով Հարություն է առել մեռելներից և ճշմարիտ կյանք միայն Նրանից կարելի է ականկալել:

  • Հարգարժան Արմեն Սարկավագ, հիմա Ազգի Հոգևոր դարձը որքանո՞վ է կարևոր

Եկեք մեր հայացքը ուղղենք մեզ շրջապատող միջավայրին. արդյոք Աստծո ներկայությունը կգտնե՞նք այնտեղ: Մենք ու՞մ ենք դավանում, ինչի՞ վրա ենք մեր հույսը դրել և ու՞մ ենք ապավինում: Մենք մեր կյանքից այնքան ենք հեռացրել Աստծուն, որ եկող պատուհասների, փորձանքների ժամանակ չենք կարողանում հասկանալ այս կամ այն պատուհասի պատճառը: Մարդկային բնությանը հատուկ չէ մեղքը, նույնիսկ այն դեմ է դրան: Բայց երբ արմատավորվում է այն մարդու կյանքում, կարծես դառնում է նրա տերը և մոռացնել է տալիս Աստծուն այն աստիճան, որ մարդիկ սկսում են կյանքը պատկերացնել արդեն առանց Աստծո, սակայն առանց մեղքի, ոչ: Չեն գիտակցում, որ մեղքը նրանց համար մահ է, ոչ թե կյանք: Աստծո հանդեպ ունեցած հարաբերությունը կառուցված է Նրանից խնդրանքներ ստանալու հենքի վրա: Իսկ երբ մեր կյանքում ինչ որ բան ձախողվում է, ասում ենք մեզ խաբեցին, մենակ թողեցին և այլն: Զարմացած նայում ենք վերև՝ հարցնելով, թե ով Տեր, ինչու՞մ սխալվեցի, նմանվելով այն հիմար մարդուն, ով իր տունը ավազի վրա է կառուցում: Իսկ երբևէ մեզ հարց տվել ենք, թե մենք Աստծո՞վ էինք առաջնորդվում այդ պահին, թե կառուցելիս Աստծուն մոռացել էինք: Ուրեմն, սիրելիներս, մեր պատմական անցյալից գիտենք, թե Աստծո հետ ինչ սխրանքներ ենք գործել և թե Աստծուն թողնելիս ինչ պատուհասների ենք հանդիպել: Ինչպես նշում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է», իսկ ում շուրջ միախմբվենք եթե ոչ Աստծու, որովհետև Աստված ժողովող է, իսկ չարը` ցրող:
Այսպիսով՝ գտնվելով Հինանց շրջանում, որը մեր Տիրոջ հրաշափառ Հարության և աշակերտներին երևալու խորհուրդն ունի, չնմանվենք նրանց, ովքեր Աստծուն խաչը բարձրացնելով փորձում էին մնալ իրենց մեղավոր կյանքի մեջ: Նմանվողը դառնանք առաքյալներին, ովքեր մարմնավոր տկարությունների պատճառով թեկուզև չկարողացան հավատարիմ մնալ Տիրոջը, ինչպես Պետրոս առաքյալը, որը ուրացավ Ուսուցչին, մնացածները Տիրոջը մենակ թողեցին դեպի խաչելություն տանող ճանապարհին և փախան, բայց հետո զղջացին: Պետրոսի պես զղջալով մենք ևս դառնապես լաց լինենք, ասելով ՝ Տեր, մենք ևս Քեզ թողեցինք, մենք ևս Քեզ ուրացանք: Դու, որ մեր մեղքերը Քեզ վրա վերցնելով խաչ բարձրացար և մահվան խայթոցն ընդունեցիր, Քո հրաշափառ Հարությամբ հաղթեցիր մահը և մեզ նոր կյանք պարգևեցիր: Այժմ եկել ենք Քո Սուրբ Հարությունը փառաբանելու, մեծարելու և խնդրելու, որ ինչպես Հարությունից հետո առաքյալներին երևացիր և վերստին հավատքի մեջ ամրացրիր, մեզ` հոգով մեռածներիս, դեպի Քեզ դառնալու լույս շնորհիր, մեր վիրավոր Հայրենիքը բժշկիր: Արցախ աշխարհը թող անձռնմխելի մնա, մեր սրբությունները՝ վերադարձած, որպեսզի մեր հայրենյաց հողում ամուր կանգնած կարողանանք փառաբանել Քո փրկագործ տնօրինությունը, ասելով՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Զրույցը վարեց՝ Անահիտ Հովհաննիսյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *