Միակ ճանապարհը՝ համազգային մոբիլիզացիան է… Ու այստեղ իր ուրույն դերը պետք է ունենա Հայ Առաքելական եկեղեցին

Ajeq.am-ը հոկտեմբերի 9-ին Գյումրիում նախատեսվող Ուխտերթի նպատակների մասին զրուցել է «Աշխարհաժողով» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Սրտաշյանի հետ:

-Պարոն Սրտաշյան, Գյումրիում խաչերթ է կազմակերպվում: Կմանրամասնե՞ք ինչի մասին է խոսքը:

-Փառք Աստծո, վերջապես մեր ժողովրդի շրջանում հասունացել է այն միտքը, որ մեր դժբախտությունների պատճառը գալիս է մեզանից, ոչ թե՝ օտարներից։ Մենք ենք հիմնական մեղավորը՝ մեր թուլություններով ու մեղքերով, Աստծուց ու սեփական ազգի առաքելությունից հեռանալու պատճառով։ ՈՒ այսօր կարծում ենք, որ աշխարհիկ հաղթանակների համար, նախևառաջ, պետք են հոգևոր հաղթանակներ։ Ազգային զղջումը, ապաշխարությունը ու դեպի ճշմարտացի հավատք դարձը կարող են դառնալ  այն գործոնները, որոնցից կսկսվի ազգային վերելքը։

-Շատերն են ասում, որ հիմա եկեղեցու եւ աղոթքի ժամանակը չէ: Մեզ պետք է պայքար: Ձեր տեսակետը

-Այո, կան այդպիսի մարդիկ, բայց եթե հետևել եք մեր տարածած հայտարարություններին, մենք առաջարկում ենք Խաչ վերցնելուց զատ, նաև սուր վերցնել՝ Խաչ և սուր, սուր և Խաչ։ Որովհետև վտանգված է Հայրենիքը: Զղջումից ու ապաշխարությունից հետո պետք է նաև կոնկրետ գործողությունների գնալ՝ Աստծո կամոք համապարփակ մոբիլիզացվել և բանաձևը հստակ է՝ հանուն Ազգի, Պետության և Աստծո:

-Այժմ օրակարգ է բերված տոտալ կապիտուլյացիայի պահանջը, եւ ոչ մեկը՝ լինի նախկիններից, թե ներկաներից, կարծես չի փորձում հակառակվել, բացի զգայական գնահատականներից, ոչ մի իրական քայլ չի արվում: Ի՞նչ եք կարծում, դեռ կա՞ ազգային դիմադրության հնարավորություն:

Կարծում եմ ազգային դիմադրության հնարավորություն հիմա ամենաշատը կա։ Մարդկանց համար  պայթեցին բոլոր միֆերը, խաբկանքները։ Մարդիկ հասկացան, որ սեփական անվտանգությունն ու խնդիրները պետք է լուծել սեփական ուժերով, ոչ ոք, բացի մեզանից, դա չի անելու։ Հիմա ձևավորվում է հենց համազգային ուժերով սեփական խնդիրները լուծելու տրամաբանությունը։ Հենց վերջնականապես սա գիտակցեցինք ու անցանք սեփական հնարավորությունները մոբիլիզացնելու գործին, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Իհարկե դժվար է լինելու, քրտինք ու արյուն ենք թափելու, սակայն սրա այլընտրանքը ազգային խայտառակությունն է լինելու, ամոթը ու պարտությունների անվերջանալի շարքը։

Աշխարհաժողով նախաձեռնությունը հանդես է գալիս խորքային կառույցների, խորքային Հայաստանի կերտման գաղափարով: Դա ապագայինն է, որի անհրաժեշտությունը ոչ-ոք չի քննարկում: Իսկ մոտ ապագայի համար արդյո՞ք կա ռեալ ծրագիր, ճանապարհային քարտեզ, որը մեզ դուրս է բերելու այս վիճակից, որ կարողանանք Հոգեւոր Հայաստանը իրական կյանքի կոչել:

-Այո կա, ու ինչպես նախորդիվ նշեցի, դա համազգային մոբիլիզացիան է՝  ռազմական, տնտեսական, ֆինանսական, մշակութային և այլ ոլորտներում։ Ու այստեղ իր ուրույն դերը պետք է ունենա Հայ Առաքելական եկեղեցին։ Եկեղեցին այսօր Հայաստանում միակ լեգիտիմ ազգային կառույցն է, որը պարտավոր է տեր կանգնել իր ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ՝  Սարդարապատի նախաշեմին։ Եկել է զանգերը հնչեցնելու և ազգային համախմբման ժամանակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *