Աշխարհաժողովն այս համընդհանուր արժեքային քաոսում հիմնարար քար դնելու, մեր քարը դնելու և ազգային իղձերի համար նշաձող սահմանելու փորձ է, որպեսզի չկործանվենք․․․
Պարոն Ներսիսյան, արդեն մի քանի օր է` համացանցում, և ոչ միայն, տպավորիչ տեսահոլովակն ազդարարում է Գյումրիում նախատեսվող Աշխարհաժողովի մասին, որը նախաձեռնել է «Ազգային Արժեք Ակումբը»։ Ինչի մասին է խոսքը։
— Այո՛, սեպտեմբերի 20-ին, անկախության տոնի խորհրդով, ակումբը նախաձեռնել է, մեր իրականության մեջ եզակի միջոցառում՝ Աշխարհաժողով։Եզակիությունը վերաբերում է և՛ բովանդակությանն ու գաղափարին, և՛ ձևին։ Հետանկախացման շրջանում թերևս առաջին անգամ փորձ է կատարվում վերքաղաքական նպատակադրմամբ, ազգային առաջանահերթությունների վերաբերող ամբողջական օրակարգով, հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ հավաք կազմակերպել։ Իսկ նպատակը շատ հստակ է․այսօր խիստ հրատապ է իրեենց ազգային համարող ուժերի(լինի քաղաքական, հասարակական, մշակութային կամ անհատ) կողմից առաջ քաշվող օրակարգերի և առաջնահերթությունների համարընդհանուր հիմք ձևավորելը։ Եվ այդ հիմքը՝ Հայկական քաղաքակրթությունն է ու դրա վրա Հայկական Երազի սահմանումը։ Այսինքն, անկախ նրանից, թե ազգային ինչ առաջնահերթության համար ենք կենսագործում, պետք է ձգտենք միասնական երազին և առնվազն չխանգարենք իրար։ Ընդ որում,հատուկ շեշտենք, որ մեր քաղաքակրթության ինքնատիպությունը մենք այլևս գիտականորեն ապացուցված փաստ ենք համարում։
Լավ,ինչու՞ է անհրաժեշտ ընդհանուր հիմքը։
-Ստացվում է այնպես, որ ազգային դաշտում գործողներս մեզ ազգայինի հետ ասոցացնում ենք, երբ կենսագործում ենք մեր քաղաքակրթության առանձին բաղադրիչների համար, լինի դա հայրենիք, թե ազգային ընտանիք, լեզվամտածողություն, թե ազգային կրթակարգ, հավատք, թե ազգային մշակույթ, ազգային գեն, թե ազգային պետություն։Իսկ այդ բոլորը մեր քաղաքակրթության համակարգաստեղծ բաղադրիչներն են, որոնք ոչ թե մեկուսի են, հակադրվում են, այլ ընդհակառակը՝ փոխլրացնում են և կենսագործելի են ամբողջության մեջ։ Կարճ ասած, եթե կանք ազգային որևէ թեմայի մեջ, վերջ, ազգային ենք ու մնացածը չի հետաքրքրում։ Իհարկե, որ կենսագործում ենք, թեկուզև առանձին բաղադրիչի համար, դա լավ է, բայց պետք է միասնական հիմք, որպեսզի դա չվերածվի անիմաստ մրցակցության, ի վերջո՝ հակադրության և թշնամանքի։ Ինչին շատ հաճախ ականատես ենք եղել, հիմա էլ տեսնում ենք։ Բոլորս գիտենք, որ ազգային դաշտը միասնական չէ, եթե մեղմ արտահայտվենք, իսկ ավելի դիպուկ՝ այնբզկտված է։
Դրան հակառակ, իրենց ազատական, լիբերալ, կոսմոպոլիտ, հակազգային(բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով) համարող ուժերն առավել կոնսոլիդացված են, առավել համախմբված են։ Պատճառները բազմաթիվ են, սկսած գլոբալ մասշտաբով, ազդեցությունից ու սնուցումից, վերջացրած առավել պրիմիտիվ, գռեհիկ արժեքներ ստեղծելու անհամեմատ հեշտ աշխատանքով։ Դա քննարկման այլ թեմա է։
Արդյունքում քաոս է, ու ոչ միայն մեզ մոտ, այլև՝ ամբողջ աշխարհում։ Հաճախ ենթագիտակցորեն, ողնաշարով զգում ենք պրոբլեմը, փորձում ենք պայքարել, բայց տարանջատված, հաճախ ինքնանպատակ։ Դրա համար մեզ պետք է ընդհանուր Երազ, որը բացառապես քաղաքակրթական հիմք պետք է ունենա։ Մեզ պետք է այս տուրբուլենտ հոսանքներին դիմակայելու համար հաստատուն ամրակներ։ Եվ Աշխարհաժողովն այս համընդհանուր արժեքային քաոսում հիմնարար քար դնելու, մեր քարը դնելու և ազգային իղձերի համար նշաձող սահմանելու փորձ է, որպեսզի չկործանվենք։ Ու ամենակարևորը, մենք ասում ենք, որ դա բոլորովս պետք է անենք, ովքեր իրենց համարում են ազգային։
-Իսկ ինչու՞ եք մտածում, որ Ձեր նախաձեռնությանը բոլորը կմիանան։ Չէ՞, որ կան ազգային ուժեր, կուսակցություններ որոնք ավելի ազդեցիկ են, իրենց ավելի հեղինակավոր են համարում, ավելի հարուստ են, ինչու՞ պետք է գան Գյումրի
Նախ, հարցը սխալ է ձևակերպվում, Աշխարհաժողովին մասնակցելը չի ենթադրում միանալ Ակումբի նախաձեռնությանը։ Ավելին՝ Աշխարհաժողովն ինքնին ենթադրում է հասարակության բոլոր շերտերի նախաձեռնություն, հետևաբար՝ այն չի կարող լինել մեկ ուժի, թեկուզև ուղեղային կենտրոնի նախաձեռնություն։ Աշխարհաժողովը բոլոր մասնակիցներինն է, մենք միայն կազմակերպական մասն ենք ապահովում։
Երկրորդ․ Աշխարահաժողովն իր բնույթով վերքաղաքական միջոցառում է, և բոլորը՝ լինի քաղաքական կազմակերպություն, անհատ, թե ակումբ, հարցին պետք է մոտենան այս դիրքից, այս բարձրունքից։ Այլապես, եթե այս ամենում քաղաքական շահ են կամ քաղաքական ինտրիգ են տեսնում, ապա դա փաստում է վերջիններիս դիտակետն ընդհանրապես ազգային հարցերի ու օրակարգերի նկատմամբ։ Այսինքն, այդ ուժերի կողմից բարձրացված հարցերը հստակ քաղաքական շահ են հետապնդում և չեն կարող վերքաղաքական հարթությունում կենսագործել։ Ավելին, ակումբն ինքն ապաքաղաքակական կառույց է, չի եղել, չկա ու չի լինի քաղաքական պրոցեսների մեջ։ Աշխարահաժողովի օրակարգն էլ բացառապես ազգային առաջնահերթություններից է բխում և ամբողջական է՝ քաղաքակրթական է։
-Ի՞նչ է ասել օրակարգն ամբողջական է
Մեզ մոտ ստացվել է այնպես, որ ազգային կոչվողուժերի համար կան որոշակի տաբուներ։ Աբսուրդ է, բայց օրինակ կան ռուսամետ ազգայիններ, որոնք ազգային ամենին, ինչից կարող են խոսել, բացառությամբ ասենք Արցախի միացումից, կամ նեոգաղութային իրողություններից, որովհետև դա հակասում է պատվիրատուի շահերին։ Կամ ձևավորվել են այսպես կոչված արևմտամետ ազգայնականներ, որոնք առաջնահերթ են համարում Արցախի միացումը և ապագաղութացումը, բայց երբեք չեն կարող խոսել օրինակ ազգային ընտանիքի, ազգային հավատքի կամ ազգային կրթակարգի մասին։ Չեն կարող դեմ արտահայտվել, հակաազգային լանցարոտյան, ստամբուլյան կամմարաքեշյան կոնվենցիաներին։ Ավելին, որպեսզի արդարացնեն իրենց տաբուները, սկսում են պիտակավորումները՝ սրանք «սորոսականներ են», կամ «ԿԳԲ-ի ագենտներ են»։ Եվ քանդված ազգային դաշտն էլ ավելի են բզկտում։ Այն, որ ազգային դաշտում ներդրված <<ագենտներ>> ու ականներ կան, մենք չենք բացառում։ Բայց Աշխարհաժողովը նրանց համար չէ, Աշխարհաժողովն անկախականների համար է, որտեղ օրակարգը քաղաքական չէ, այլ միայն քաղաքակրթական է։ Մեզ համար գոյություն չունեն տաբուներ, մեզ համար չկան սևեր ու սպիտակներ, մեզ համար չկան Հայաստանից ու հայկականությունից դուրս կենտրոններ, որովհետև քաղաքական պրոցեսների չենք մասնակցելու։ Մենք համոզված ենք, որ փրկությունը միայն ներսից է լինելու։ Մենք կաշկանդված չենք որևէ մեկի հետ հարաբերվելուց։ Իհարկե խոսքը չի վերաբերում ազգայինի տակ թաքնված կամ թաքնվող այն կլաններին (կարող եք կուսակցություններ անվանել), որոնց գործունեությունն ավելի քան ապազգային էր և արժեզրկեցին ազգային ամեն ինչ։ Եվ հիմա էլ արժեզրկում են, թեկուզև միայն իրենց դեմքով ազգային առաջնահերթություններից են խոսում։
Ի՞նչ ակնկալիքներ ունեք աշխարհաժողովից կամ ե՞րբ կհամարեք կայացած
Աշխարհաժողովի գաղափարը, նրանում առաջ քաշված օրակարգերը, դրանց շուրջ քննարկումները և գաղափարների էլ ավելի բյուրեղացումն արդեն արդյունք է և ակնկալիքների բավարարում։ Որովհետև սահմանվում են հասարակական մտածողության և կենսագործունեության նշաձողեր, որով մենք շարժվելու ենք դեպի Հայկական Երազ։