Գյումրիում կփորձենք տեղի ունեցող դավադրության դեմ պայքարի համատեղ քայլեր նախագծել և այդ ուղղությամբ կոչ ուղղել ժողովրդին․․․ Մերուժան Միքայելյան

Մարտի 23-ին Գյումրում նախատեսվող ազգային ուժերի հանդիպմում-քննարկմանն ընդառաջ Arjeq.am-ը զրուցել է Հայոց Ազգային Գվարդիայի ներկայացուցիչ Մերուժան Միքայելյանի հետ։

ՄԱՍ 2-րդ

․ Հայոց Ազգային Գվարդիայի ներկայացուցիչները վերջերս հրապարակումներ են անում, որ կարծես թե իրական ազգային ուժերի համախմբում է ուրվագծվում։ Ի՞նչի մասին է խոսքը։

Այս տարիների ընթացքում, Հայոց Ազգային Գվարդիան մեծաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ազգայնական տարբեր խմբերի և ինետելեկտուալ անահտների հետ:   Այդ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև անցած երեք տարիների հակաիշխանական պայքարի փորձն ու բացթողումների մեր վերլուծությունը բերեցին այն համոզման, որ այսպես կոչված «ընդդիմություն-իշխանություն» պայքարի ֆորմատը ճիշտ չի արտացոլում ներկա իրավիճակի և իրողությունների բովանդակությունը: Այդպիսի բովանդակությամբ պայքարն անհաջողության է մատնված: Ներկա փուլի պայքարի բովանադկությունը կազմում է նրա ազգային-ազատագրական բնույթը, որն ամենևին էլ չի կարող հենվել կուսակցություններ կոչված ինստիտուտների վրա, առավել ևս, որ բացի մեկ-երկուսից, նման կառույցներ իրականում գոյություն չունեն: Մեր շփումների և հանդիպումների ընթացքում հաջողվեց տարածել ապակուսակցական հենքի վրա ազգային-ազատագրության ու արդարության վերականգնման համար պայքարի գաղափարն ու անհրաժեշտությունը: Հուսադրողն այն է, որ իրապես ազգայնական ուժերից շատերի մոտ նույնպես հասունացել էր այդ գաղափարը և այն հեշտորեն էր ընկալվում ու ընդունվում:

Հաջողվեց նաև տարածել շարժման համակարգման մեջ առնվազն մի քանի հարյուր կարողունակ անձանց ներգրավելու և նրանցից 50-70-ի կազմով ազգային խորհուրդ ձևավորելու, շարժումը կառուցվածքավորելու գաղափարները, պայքարը համաժողովրդական դարձնելու հնարավորության տեսակետը:                                        Ավելին, հաջողվեց նաև օրակարգից հանել շարժման հենց սկզբում լիդերի կամ անցումային կառավարության կազմը հայտարարելու անհրաժեշտության  վերաբերյալ արհեստական ու վնասակար թեզը: Բնական գործընթացը հենց պայքարի ընթացքում այդպիսի անհատների ի հայտ գալու մեջ է:

Իսկ երբ հենց նման մոտեցումների հենքի վրա մենք մշակեցինք մեր առաջարկները պայքարի գաղափարական հիմնադրույթների և նրա իրականացման կազմակերպական սխեմայի ու քայլերի շուրջ, պատկերն էլ ավելի հասկանալի ու ընդունելի դարձավ շատերի համար, ինչն էլ նախադրյալներ ստեղծեց արդեն ավելի գործնական ու կառուցողական համագործակցության համար:

Փաստորեն այժմ առկա է պայքարի գաղափար, իրագործման ծրագիր, այն համակարգող ու առաջնորդող կառույցների սխեմա,  համակողմանի նախապատրաստական աշխատանքների ծրագիր:

Մեր վերլուծությունների հիման վրա ենթադրում ենք, որ պայքարին մասնակից կարող են դառնալ հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ աջակիցներ՝ միլիոնները: Միայն պայքարի համակարգման մեջ ներգրավվելու են հարյուրավոր մտավոր և գործնական կարողություններով օժտված անձինք, որոնցից էլ պայքարի մեջ ի հայտ կգան առաջնորդները:

Ընդորում, պայքարին մասնակցել չի նշանակում հարյուր հազարավորների ամեն օր փողոցներ դուրս բերել: Դա կարվի միայն անհրաժեշտ պահերին: Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա իր անելիքների կոնկրետ դաշտը և ամենօրյա ռեժիմով զբաղվի դրանով՝ անկախ նրանից, նա իր աշխատավայրում է, տանը, արտերկրում, թե պայքարի կոնկրետ ակցիաների մեջ:  Սպասվում է մեծածավալ աշխատանք անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, քարոզչության, դավադիր ռեժիմի անդամներին բարոյահոգեբանական ճնշման ենթարկելու, իրավապահների ապօրինի գործողություններին հակազդելու և բազմաթիվ այլ ուղղություններով գործողությունների համար:

․ Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք ազգային ուժերի մասնակցությամբ Գյումրիում նախատեսվող հանդիպումից։

  1. Լսել ազգի և պետականության ճակատագրով մտահոգ ու պայքարի համար պատրաստ, մտավոր ու գործնական բարձր կարողություններով օժտված, երկրին նվիրված բազմաթիվ խմբերի ու անհատների կարծիքներն ու առաջարկները՝ ՀԱՅՔ շարժման կողմից մշակված և ներկայացված ազգային նոր պետություն հիմնելուն ուղղված գաղափարաքաղաքական փաստաթղթերի բովանդակության և բանաձևումների վերաբերյալ: Մասնավորապես, ՀԱՅՔ շարժումը 09.03.2024թ. Երևանում իր կազմակերպած միջոցառման ժամանակ մասնակիցներին ներկայացրել էր ազգային պետականությանն անցում կատարելու թեզիսների, դրանց կենսագործմանն ուղղված սկզբնական դեկրետների, մեր ազգային ինքնության պահպանմանն ուղղված  բանաձևումների և համազգային ու համապարփակ մոբիլիզացիա իրականցնելու ուղեցույցի նախագծեր:
  2. Ցանկացած հանրային շարժում կամ հանրային համախմբում կամ հանրային գործ անհաջողության է դատապարտված, եթե այն չունի տեսականորեն և համակողմանի մշակված բավարար գաղափարական հենք, դրա վրա կառուցված նպատակներ և դրանց հասնելու ծրագիր ու գործողություոնների պլան: ՀԱՅՔ շարժման կողմից ազգային նոր պետականություն հիմնելուն ուղղված տեսական մշակումներն այս փուլի համար բավարար գաղափարական հենք է, որի հիման վրա կարելի է կազմակերպել ազգային-ազատագրական պայքար, առաջիկայում որոշակիացնել այդպիսի պայքարի ռազմավարությունը և իրականացման ճանապարհային քարտեզը:
  3. Փաստորեն ՀԱՅՔ շարժման և Հայոց Ազգային Գվարդիայի մշակած մոտեցումներն ամբողջովին նույն գաղափարական հենքի և նույն արժեհամակարգի վրա են կառուցված և ըստ էության համարժեքորեն փոխլրացնում են միմյանց: ՀԱՅՔ շարժման մշակումները պայքարի գաղափարական հենքի մանրամասնեցումներն ու հիմնավորումներն են առավելապես տեսական, ակադեմիական հարթության վրա, իսկ Հայոց Ազգային Գվարդիայի մշակումներն իրենցից ներկայացնում են այդ գաղափարական հենքի իրագործման ծրագրային մասը, պայքարի կազմակերպման և դավադիր իշխանությւնների հեռացման և նոր պետականության հիմնման նախապատրաստական աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը: Այս ամենը Գյումրիի առաջիկա հանդպիման մասնակիցների ուշադրությանը կներկայացվի, կստանանք նաև նրանց կարծիքները, առաջարկներն ու մոտեցումները և որքան թույլ կտա ժամանակը, կիրականացվեն դրանց համատեղ քննարկումներ: Ենթադրում ենք, որ կհաջողվի բոլոր մասնակիցների ներկայացուցիչներից կազմավորել համատեղ աշխատանքային խումբ, որն այնուհետև կընդհանրացնի առկա մշակումներն ու առաջարկները և բոլորի համար կմշակվի պայքարի ընդհանուր գաղափարական ու կազմակերպական պլատֆորմ, որն էլ հիմք կհանդիսանա ազգայնական մյուս ուժերի հետ համախմբման գործընթացն էլ ավելի դյուրացնելու, այդ գործընթացի արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար: Այլապես, գոյացել է զուտ հատվածային մտքերի ու չհամակարգված տարանջատ գործողությունների մի խառնաշփոթ, որում ժողովրդի լայն  զանգվածները կողմնորոշվելու հնարավորություն չունեն:
  4. Արդյունքում ակնկալում ենք ունենալ ազգային-ազատագրական շարժման հստակ քաղաքական օրակարգ, պայքարի կառուցվածքավորում և ազգովի անցնել կոնկրետ գործի, որի մեջ ենթադրվում է մասնակից դարձնել հարյուր հազարավոր անձանց և հասնել միլիոնների աջակցությանը: Հավատացած ենք, որ մեր ազգի ճնշող մեծամասնությունը նվիրված է իր ազգային արմատներին ու արժեքներին, իր հայրենիքին, իր երազանքն է հասնել արդարության վրա խարսխված հայկական հզոր և զարգացած  պետականության  ստեղծմանն  ու նրանում մեր սերունդների անվտանգ, խաղաղ ու արարող կյանքի ապահովմանը՝ օրինակ դառնալով նաև մյուսների ազգերի համար:
  5. Հանդիպման մասնակիցները, բնաականաբար, չեն կարող անտարբեր անցնել նաև Տավուշի մարզի գյուղերը թշնամուն հանձնելու քպ-ական իշխանությունների հերթական դավադրական գործողության հանդեպ: Բազմաթիվ են վերլուծություններն ու գնահատկանները՝ այդ դավադրության աղետալի հետևանքների վերաբերյալ: Սակայն, մեր գնահատմամբ, այդ հետևանքներն ու սպառնալիքները լիովին գիտակցված չեն: Մենք կփորձենք էլ ավելի խորքային ու համակողմանի ներկայացնել այդ դավադրության, որպես պետական դավաճանություն լինելը՝ իրավական հարթությունում, քանի որ գերագույն դավադիրը պարզապես խաբում է ժողովրդին, հայտարարելով, թե այդ գյուղերը ՀՀ տարածքի կամ Տավուշի մարզի մաս չեն կազմում:  Կներակայցնենք այդ դավադրության հետևանքները՝  ՀՀ ռազմական անվտանգության համակարգը խարխլելու և գոյաբանական վտանգները՝ ընդհանրապես  պետականության  կործանման առումով:

Կփորձենք այդ դավադրության դեմ պայքարի համատեղ քայլեր նախագծել և այդ ուղղությամբ կոչ ուղղել ժողովրդին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *