Ինչպե՞ս սկսեցի ստեղծագործել. Էմմա Տեր-Հովհաննիսյան

Սիրելի ստեղծագործող դե ինչ պատմիր քո ճանապարհը դեպ ստեղծագործական աշխարհ ո՞րտեղից սկսվեց
-Ողջույն, ես Էմման եմ, 19 տարեկան։ Սկսել եմ ստեղծագործել 12-13 տարեկանից, անկեղծ ասած սկզբում գրում էի հատուկ առարկաների կամ մարդկանց նվիրված գործեր, շատ էի գրում ուսուցիչներիս մասին։Մի անգամ Ֆիզիկայի ուսուցչուհու՝ իմ շատ սիրելի Ընկեր Կարապետյանի ծննդյան առթիվ իրեն բանաստեղծություն նվիրեցի, կարդաց, ժպտաց ու ասաց՝ Տեր-Հովհաննիսյանների մեջ պոետ է ծնվել, այդ խոսքերը երբեք չեմ մոռանում։ Հետո գրականությանս ուսուցչուհին՝ իմ շատ սիրելի ընկեր Մսրյանը, մեզ այնպիսի հանձնարարություններ էր տալիս, որոնք պահանջում էին բանաստեղծություններ գրել։ Գրչընկերներիցս մեկը, ում հետ սովորում էինք նույն դպրոցում առաջարկեց հաճախել Գրողների միություն։ Հայրիկս ինձ տարավ Հ. Իգիթյանի անունը կրող Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի Գրական խմբակ,  բարեբախտաբար  հայտնվեցի  Ռոզա  Հովհաննիսյանի  հանճարեղ խմբում, որտեղից սկսվեց երկար ու չավարտվող ուղիս:
Ձեզ համար բանաստեղծությունը բա՞ռ է, թե՞ ապրելակերպ
-Բանաստեղծությունն ինձ համար բառ է։ Ու այդ բառը կոչված է կյանք
Ձեր ստեղծագործություններից մեկից մեջբերում անեմ.<<Ապրում եմ լուցկու տուփի մեջ ինքս իմ գոյությունն անվերջ ժխտելով>>
Ձեզ քա՞նի անգամ եք ժխտել, որ կարողացել եք ապրել լուցկու տուփի մեջ։
-Ես ամեն պահ ժխտում եմ իմ գոյությունը ու հաջորդ վայրկյանին կրկին հաստատում լինելս։ Անվերջ պայքար է կա ու չկայի միջև։
Իսկ այդ պայքարը արդյո՞ք օգնում է Էմմային
 -Օգնում է և միշտ, ինքս իմ դեմ, ինքս ինձ հետ, ինքս ինձ  համար. չեմ պատկերացնում ինչպես կարելի է  ապրել առանց պայքարի:
Իսկ ի՞նչը կարող է ոգեշնչել Էմմային, բանաստեղծություն գրելու համար
-Հեշտ չեմ ոգեշնչվում անկեղծ ասած, ամենաշատը մարդիկ ու ապրումներս, շատ դեպքերում գրիչս հանձնում եմ  հոգուս :
Դու քեզ համարու՞մ ես տիեզերքինը
-Ես տրված եմ տիեզերքին ու տիեզերքը ինձ, առհասարակ իմ տեսակի գույնը տիեզերագույնն է:
Իսկ ի՞նչ է տալիս Ձեզ նոր բառի ստեղծումը, արդյո՞ք օգնում է որ ձեզ զգաք հրաշագործ
-Հրաշագործ չէ, այդ պահերը ինձ հաստատելու պահերն են հենց ինքս ինձ գրկելու ցանկություն եմ ունենում:
Դուք սիրու՞մ եք Ձեզ
-Կարծում եմ՝ այնպիսի մարդ չկա, որ իրեն չսիրի, մենք բոլորս սիրահարված ենք մեզ, ու կյանքը սիրում ենք մեր մեջ: Ես սիրահարված եմ ինձ ու կյանքին:_հատուկ կարգախոսեր չունեմ, սիրուն սովորություններ ունեմ որ կցանկանամ պահել Ժպտանք սիրենք ապրենք
Սիրու՞մ եք ժամանակակից գրականությունը
-Սիրում եմ, բացառիկ դեպքեր կան որ չհասկացված են ինձ համար, բայց ամեն մարդ գրում է իր ապրածն ու ապրվածը, միգուցե մեկի համար էլ ես եմ չհասկացված
Իսկ ո՞րը կընտրեիք դասական թե ժամանակակից գրականությունը , և ինչու՞
-Դասականը, բայց երկմտանքով, մենք ժամանակակից աննկարագրելի գրականություն ունենք, բայց այն ինչ արել են դասականները դեռևս չգերազանցված են իմ համար, կարողացել են տեսնել հետոն իրենց դեպքում, որը մեր հիման է։
Կցանականայի՞ր հայտնվել Վերնատանը որևէ ստեղծագործության թեժ քննարկման ժամանակ
 -Ոչ միայն կցանկանամ, այլև մտքեր ունեմ նոր Վերնատան:
Հիանալի գաղափար է հուսով եմ մի օր կհայտնվենք մեր դարի Վերնատանը
-Թող ամեն բան լինի Աստծո կամքով, հզորագույն հավատով կհասենք ամեն ինչին, վստահ եմ:
Շնորհակալ եմ վստահ ու հետաքրքիր հարցազրույցի համար և վերջին հարցը՝ խատուտիկին քանի՞ անգամ կխնդրեիր ծաղկել բանաստեղծություն գրելու համար։
-Խատուտիկին չէի խնդրի ծաղկել, կգրեի նրա կոկոնի մասին, բնական վիճակները տիեզերախոսք են:
Շնորհակալ եմ անսահման սիրուն հարցազրույցի համար:
Բարև, Մարդ եմ,
Ինձ նման
Ապրում եմ
լուցկու տուփի մեջ,
Ինքս իմ գոյությունը
անվերջ ժխտելով…
Ինձ նման
հազարները այրվել են,
Մոխրացել՝
ամբողջովին կամ ոչ
Տասնյակները՝
իմ պես տեղավորվել են
նույն տուփում։
Վախենում եմ չլինելուց
չսպասելուց,
չկարոտելուց,
չզգալուց…
չայրվելուց։
Ի՞նչ անեմ
Շատ եմ հող շնչել
Թոքերիս ճաքեր
կան ու հոգումս սպասումներ
Դուրս ցցված երակների պես,
որ ներարկիչ են երազում..
Ինձ նման ես-ը,
դու-ն, կնճռաչափ ճաքերը,
երակներն ու ներարկիչը.
Պարզ մաթեմատիկա ու կյանք…
Ես հաղթել եմ բոլոր չսկսված
պատերազմներում,
Ավարտել չնախագծված
շենքերն ու կարդացել
չգրված բոլոր գրքերը
Էսքանը…
Հարցազրույցը վարեց՝  Շուշան Ղազարյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *