Մենք վճռական համառությամբ շարժվելու ենք առաջ․․․
ARJEQ.am-ը «Շրջանառու ներդրումային հիմնադրամի» մասին զրուցել է «Ազգային Արժեք Ակումբ»-ի հիմնադիր անդամ, «Գյումրին Կռնա» դաշինքը գլխավորած՝ Վարդան Սրտաշյանի հետ
-Պրն Սրտաշյան, վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ձեր <<Գյումրին կռնա>> դաշինքն անընդհատ խոսում էր Ներդրումային շրջանառու հիմնադրամի գաղափարի մասին։ Բոլորովին վերջերս, Գյումրու քաղաքապետարանում, գործարարների հետ հանդիպման ժամանակ, դուք ևս մեկ անգամ ներկայացրեցիք այդ գաղափարը։ Այն կարծես հավանության է արժանացել ՏԻՄ ղեկավարության կողմից։ Ինչ կասեք այս մասին։
-Այո, Ներդրումային շրջանառու հիմնադրամի գաղափարը մենք դիտարկում ենք որպես նորարարական գործիք՝ համայնքի, ինչպես նաև պետության խնդիրները լուծելու համար։ Ճիշտ է, ՏԻՄ ընտրություններում մենք չկարողացանք լծակներ ձեռք բերել՝ այս գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն փորձեցինք աշխատել քաղաքային իշխանությունների հետ՝ առանց քաղաքական տարաձայնությունների։ Սկզբնական շրջանում հանդիպումներ կազմակերպվեցին քաղաքապետի ու փոխքաղաքապետի հետ, հանդիպմանը մասնակցեցին նաև Երևանի մեր գործընկերները, ովքեր արդեն իսկ կիրառել էին ներդրումային շրջանառու հիմնադրամը Հայաստանի այլ՝ փոքր համայնքներում։ Սկիզբը բավական հուսադրող էր, սակայն այժմ, երկար ժամանակ է, ինչ աշխատանքները կանգնել են, քաղաքային իշխանությունների կողմից այս պահին որևէ նախաձեռնողականություն չկա ու կարծում եմ, որ եթե առաջիկայում էլ չլինի, մենք գաղափարակից ընկերներով ինքներս են հիմնելու այդ հիմնադրամը։ Իհարկե շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե գործընթացը տեղի ունենար քաղաքային իշխանությունների հետ համատեղ, սակայն այժմ կարծես այդ հնարավորությունը փակվել է։
-Իսկ ինչ եք կարծում, միգուցե քաղաքական տարբերվող հայացքներն են այս ամենի պատճառը։
-Ենթադրություններ անել չեմ ուզում, հնարավոր է և այդպես է, հնարավոր է նաև՝ կամ չեն հասկացել գաղափարը կամ թերահավատորեն են մոտենում այդ համարձակ ծրագրին։ Ամեն դեպքում, մենք բազմիցս ասել ենք, որ ունենք պատրաստի ծրագիր, ռազմավարություն, Հայաստանում իրականացված որոշակի փորձ։ Այս հիմնադրամների գաղափարը, թերևս ապագայի պրոեկտ է, այն տարիներ շարունակ կիրառվում է սկանդինավյան երկրներում, Ալյասկայում և այլն։ Ինչքան որ այն նորարարական է, այնքան էլ հին է։ Այն մեր առաջարկած աշխարհաժողովային կառավարման մոդելի տրամաբանությունն է կրում և անցյալում նմանատիպ մեխանիզմներ կիրառել են մեր պապերը։ Այնպես որ, կարծում եմ, նպատակադրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել լուրջ արդյունքի։ Առաջին քայլը մենք կանենք, ցույց կտանք գործիքի արդյունավետությունը, որից հետո, կարծում եմ ցանկացած իշխանություն խնդրելու է այն կիրառել ու երկրի առջև ծառացած համակարգային խնդիրներին լուծում տալ։