Ակնկալում ենք հանրահռչակվող գաղափարների ու ծրագրերի շուրջ ազգի նվիրյալների համախմբումը․․․ Մհեր Հարությունյան
Նոյեմբերի 25-ին Գյումրիում նախատեսվող՝ «Հայք» քաղաքակրթական սուբյեկտի կառույցների գործունեությանը նվիրված՝ հանուն «Արդար Քաղաքակրթության» կարգախոսով միջոցառմանն ընդառաջ, Արժեք․ամ-ը զրուցել է «Հայք» սուբյեկտի ամբողջական պետականության վերականգնման կենտրոնի հանձնակատար՝ Մհեր Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, ի՞նչ է ասել Հայք քաղաքակրթական սուբյեկտ։
Նշանակում է երկար սպասված վերադարձ վաղնջական ակունքներին, պատմական հիշողության վերականգնում, ինքնության պահպանում, ազգային արժեհամակարգի վերագործարկում, Հայկական լեռնաշխարհում հայկական ազգային պետականության և հայկական քաղաքակրթության հետքերը կրող այլ տարածքներում սուբյեկտայնության վերականգնում և կենսագործունեության իրականացում։
- Հնարավոր է՞ խոսել մի բանի մասին, որը երևութապես գոյություն չունի։
Իհարկե, սակայն գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, հնարավորինս շատ գաղափարակիցների ու գործընկերների այդ նպատակի շուրջ համախմբելու հեռանկարով ու ճանապարհային քարտեզ ունենալով։
- Պարոն Հարությունյան, Ձեր կառույցը գործում է Հայք սուբյեկտի անունից, ինչո՞վ է զբաղված և ինչպե՞ս է նույնականանում Հայք—ի հետ։
Հայկական ազգային պետականությունը ազգի բնականոն զարգացման, անվտանգության ու պաշտպանունակության ապահովման, մի խոսքով՝ Հայքի քաղաքակրթական առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորագույն ինստիտուտն է։ Դրա կարևորությունը և պահանջված լինելը ներկայացնելը մեր հանձնախմբի գործառույթներից է։ Հայքի պետականություններից յուրաքանչյուրը քաղաքակրթական առաքելություն է իրականացրել կոնկրետ ժամանակներում ու աշխարհագրական միջավայրում։ Թեև ժամանակները փոխվել են, սակայն այդ պետականությունների վերականգնումն ու ամբողջականացումը, և ներկա իրավիճակին ու միջավայրին համահունչ գործունեություն ծավալելը կարող են արդյունավետ լինել և լուծել կոնկրետ խնդիրներ միջքաղաքակրթային համագործակցության համար։
- Նոյմբերի 25-ին Գյումրիում միջոցառում է նախատեսված՝ Հայքի կենսագործող կառույցների կողմից, որը կրում է «Արդարության Քաղաքակրթություն » կարգախոսը։ Կմանարամասնե՞ք Ձեր տեսակետը։
Այդ խորհրդանշական օրը հանրահռչակվելու են այս նախաձեռնության ռազմավարական մի քանի նպատակները և դրանց հասնելու Հայքի կենսագործող կառույցներից յուրաքանչյուրի գործունեության մարտավարությունները։ Ակնկալում ենք հանրահռչակվող գաղափարների ու ծրագրերի շուրջ ազգի նվիրյալների համախմբումը և համագործակցությունը` դրանք հետևողականորեն կյանքի կոչելու համար։