Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի «Ա»-մակարդակի հետազոտող՝ Տիգրան Դավթյանի հետ:
Arjeq.am-ը Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Տիգրան Դավթյանի հետ (ԱԿՎԱ «Ա» մակարդակի հետազոտող)
Խնդրում եմ ներկայացրեք ԱԿՎԱ-ում Ձեր հետազոտական ուղղությունը։
Շնորհակալություն հարցի համար: ԱԿՎԱ-ում իմ հետազոտական ուղղությունը՝ Ազգային պետության հիմնադրումն է։
Ի՞նչ նկատի ունեք ազգային պետություն ասելով։
Ազգային պետությունը բնաշխարհիկ հիմքով, կամ քաղաքակրթական չափմամբ հայկական քաղաքակրթության կենսագործման և իրացման առաջնային և անհրաժեշտ տարածքային բաղադրիչն է, որը տարածաժամանակային տիրույթում ունենալու է վերաճ։ Միևնույն ժամանակ պետականության այն մոդելն է, որն ունակ է ներկայացնելու Հայաստանի և հայկականության ազգային ու պետական շահը` դառնալով ժողովրդավարական գծային արդիականացման փոխարեն իրական և հնարավոր լուծում` առկա ճգնաժամային բարդագույն հանգրվանից դուրս գալու և հանուն հայրենական կյանքի զորացման ապրելու, որն էլ իր հերթին թույլ է տալու իրագործել քաղաքակրթական և ազգային առաքելություն։
Որքանո՞վ է Ազգային Պետության հիմնումը այսօր արդիական և հնարավոր։
Ազգային պետության հիմնադրումը Հայաստանի քաղաքական արդիականացման հրամայականն է, որը մեծապես կախված է մեր պատրաստակամությունից և գիտակցական ընկալումից։ Այն պատկերացնում ենք հայկական պետականության կերպափոխմամբ։ Ինչի պարագայում ունենալու ենք առկա խորքային ճգնաժամի և ժամանակակից ու պարտադրված մարտահրավերների հաղթահարման լիարժեք հնարավորություններ։ Այս իմաստով հայկականության գոյության առաջնային և կարևոր գրավականներից մեկը հենց ազգային պետություն ունենալն է` Հոգևոր Սրբազան Էակի հայեցակարգի և Արդար Աշխարհակարգի կենսագործմամբ։
Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հիմնախնդրի լուծումը Ազգային Պետության հիմնադրման դիտակետից։
Ազգային պետության հիմնադրման պարագայում Արցախի հիմնախնդիրը կերպափոխվում է որպես Հայաստանի և հայկականության հիմնախնդրի, որն իրենից ներկայացնում է գոյաբանական սպառնալիք ողջ հայկականության համար։ Այսինքն, Արցախի հիմնախնդրի լուծումը դա մայր հայրենիքին վերամիավորվելն է, որի կենսագործումը միջազգային իրավունքի տեսանկյունից չի սահմանափակվում միայն ազգերի ինքնորոշման սկզբունքով, այլև Մշակութային և Էթնիկ Ցեղասպանությունների (Culturocide, Genocide) դատապարտման ու նորերի կանխարգելման անհրաժեշտությամբ ու պարտադրանքով։ Բացի այդ դիվանագիտական ասպարեզում անհրաժեշտ է նորովի վեր հանել մեզ ավանդված այն ժառանգությունը, որը լույս է սփռում ոչ միայն Արցախի, այլ նաև հայկական մյուս տարածքների վրա ևս։
Ի՞նչը կարող ենք համարել Ազգային Պետության հիմնադրման մեկնակետ։
Ազգային պետության հիմնադրման մեկնակետը կարող է լինել մեր համազգային համախմբումն ու միաբանումը Հայ Առաքելական Եկեղեցում` Հայոց Եկեղեցու առաջնորդությամբ, որը կվերականգնի մեր ազգային ընկճված դիմադրողականությունն ու ազգային նոր զարթոնք ապահովելով թույլ կտա մեկնարկելու Արցախյան նոր շարժում` «Արցախ 2», իր բոլոր դրսևորումներով և հերոսամարտով։ Այո’, հենց Արցախյան նոր շարժումը կարող է ստեղծել ռեալ հնարավորություններ և թույլ տալ մեկնարկելու ազգային պետության հիմնադրումը, քանի որ առանց Արցախի` սահմանափակվելով ընդամենը 29,8 հզ քկմ-ում, անհնար է պատկերացնել վերաճ ունեցող ազգային պետություն, որը կկարողանա լիարժեք, ապահով ու անվտանգ կենսագործունեություն իրագործել` տնտեսական, քաղաքական, ռազմական, կրթական, սոցիալական և այլ ոլորտներում։
Հարցազրույցը վարեց՝ Ելենա Հովհաննիսյանը