Կախված նրանից, թե ինչ և ինչքան ես պատրաստ զոհաբերել՝ կարելի է ենթադրել, թե որքան ես սիրում:

-Պարոն Խոջաբաղյան կարելի է ասել՝ մենք խարխլված կամուրջի վրա ենք հիմա, կա՞ն արդյոք ելքեր այս ամենից դուրս գալու և որո՞նք են դրանք։

— Այդ հարցին պատասխանելու համար խնդիր ունենք նախ պարզելու, թե ի՞նչ նկատի ունեք «Մենք» ասելով։ Խոսքը Հայ ազգի՞, Հայկական Պետությա՞ն, ժամանակի այս պահին Հայաստանում բնակվող հասարակական միավորի՞, թե այլ հասկացությանն է վերաբերվում։ Բանն այն է, որ վերջին շրջանում հատկապես սրվել է հանրությունը մասերի բաժանելու գործընթացը, որն ինքնին ենթադրում է հավաքական «Մենք» հասկացության տրոհման՝ տարբեր խմբերի, որոնց պատկերացումները, արժեքները, նպատակները և ցանկությունները, երբեմն տրամագծորեն հակառակ են։ Դատելով հետպատերազմական շրջանում երկրում տեղի ունեցող մի շարք պրոցեսներից՝ տպավորություն է, որ Հայաստանում բնակվող կոնկրետ խումբ լիովին բավարարված է ստեղծված իրավիճակից և բնավ խնդիր չի տեսնում այս ամենում։ Ցավոք, այդ խումբն այժմ գերազանցապես ներկայացված է իշխանության շարքերում։ Հետևաբար, նախքան այդ հարցին պատասխանելը, կարիք կա անպայման հստակեցնելու, թե արդյո՞ք ներկայիս հավաքական «Մենքը» նույն արժեհամակարգն ու տեսլականն ունի ապագայի նկատմամբ։ Հակառակ պարագային, կարող է ստացվել, որ մենք անհանգստանում ենք խարխլված կամուրջի վրա գտնվելուց, իսկ երկիրն առաջնորդողներն այդ կամուրջը խարխլողներն են․․․

Ինչ վերաբերվում է ելքերին․

Պատմությունն, ընդհանրապես, կրկնվելու հատկություն ունի։ Պարույրաձև պտույտով թե՛ անհատական, և թե՛ հավաքական միավորը պարբերաբար բախվում է նույն խնդիրներին։ Խնդիրը լուծելուց հետո միավորը մեկ մակարդակով վեր է տեղափոխվում էվոլյուցիոն տարածության և ժամանակի մեջ, իսկ այն չլուծելու պարագայում՝ պարբերաբար բախվում է խնդրին, այնքան՝ մինչև որ կամ ինքը կլուծի խնդիրը, կամ՝ խնդիրը կոչնչացնի այդ միավորին․․․

Բազմաթիվ ազգեր են վերացել պատմության թատերաբեմից՝ չկարողանալով լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Ընդ որում, խնդիր լուծելն ամենևին չի ենթադրում դրա իսպառ վերացում։ Սերունդները, որոնք ինչ-ինչ հանգամանքներում դեգրադացվում(ախմախանում) են՝ մոռանալով անցյալը, հաճախ «հետ են վերադառնում» նախորդ փուլերին՝ կրկին լուծելու «հին խնդիրները»։ Կարծում եմ, մենք այժմ հենց այդ իրավիճակում ենք, երբ Արցախն ազատագրողների «սերունդները», չստանալով բավարար գիտելիք և ազգային դաստիարակություն, առաջ բերեցին իրենց հերոսներին ոչնչացնող մի խունտա, որն էլ ազգին կանգնեցրեց այս արհավիրքի առաջ։ Եւ հիմա հարվածի տակ է ոչ միայն Հայոց պետականությունը, այլ նաև Հայ Ազգի լինելիությունն ընդհանրապես։ Բայց նմանատիպ(նույնիսկ ավելի վատ) իրավիճակներ մենք ունեցել ենք պարբերաբար և դրանք հաղթարահելու պատվարժան փորձ ևս կա․ անցյալից դասերը ճիշտ սերտելու պարագայում, հնարավոր կլիներ խուսափել այս խնդիրներից և կամ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում։ Այժմ, գոնե սխալները շտկելու համար պետք է դառնալ պատմությանը։ Որքան էլ տարօրինակ հնչի, ստեղծված իրավիճակից ելքերը հանգամանորեն նկարագրված են մեր պատմության մեջ։

-Ազգ հասկացությունը ոչ բոլորն են կարողանում ճիշտ մեկնաբանել,Ձեր հոդվածում դուք հստակ նշում եք մի քանի սյուն։ Այն   ունի՞   վերաարժևորման կարիք։

— Ինչպես մեզնից շատերը, ես նույնպես գիտելիք և փորձ եմ ժառանգել ավագ սերունդներից։ Գաղափարները և հասկացությունները որոնց անդրադառնում եմ իմ հոդվածներում, հաճախ են քննարկվել անցյալում։ Ինչ որ առումով, դրանք ժառանգություն ստացած գիտելիք են, որոնք զարգացնելու, կատարելագործելու պարտավորություն ունենք։ Կարծում եմ՝ մենք իսկապես խնդիր ունենք Ազգ հասկացության ընկալման առումով, քանի որ շատերն ազգը պատկերացնում են զուտ տվյալ ժամանակաշրջանում ապրող հավաքական միավոր, մինչդեռ Ազգ հասկացությունն ավելի ընդգրկուն է և իր մեջ ներառում է նաև ժամանակային «տարածությունը»։ Այլ կերպ՝ խոսելով Հայ ազգից, պետք է հասկանալ ոչ միայն ժամանակի այս պահին ապրող հայերին, այլ սկսած Հայկ Նահապետից մինչև ապագա սերունդներ պետք է նկատի առնվեն։ Ընդ որում, խոսքը նաև ազգի ստեղծած նյութական, հոգևոր ժառանգության, մշակույթի և կուտակած գիտելիքի և կենսափորձի մասին է։ Մինչդեռ այսօր, շատերը նույնիսկ իրենց ծնողների ժառանգությանն են անհաղորդ և ամեն անգամ փորձում են սկսել զրոյից՝ կրկնելով նաև նույն սխալները՝ իրենց սպասելի հետևանքներով։

-Սյուներից մեկը՝ Դասական ուղղագրության《Ռեֆորմ》-ներ, որը հիմա չի կիրառվում, ու սրանից հրաժարումը ինչպիսի՞ հետևանքների առաջ է կանգնեցրել մեզ այսօր։

— Կարծում եմ, որ խոսքն ավելի շատ լեզվի մասին է։ Քանի որ ուղղագրությունն ինքին գրավոր խոսքի արտահայտման համար է, այլ ոչ թե առանձին «սյուն»։ Այո, աբեղյանական ուղղագրությունը լուրջ վնաս է հասցրել լեզվին՝ մոռացության տալով մի շարք բառերի արմատական հիմքը և, ըստ էության, նաև խեղելով ծագումն ու իմաստային էությունը։ Պետք է խոստովանեմ, որ դասական ուղղագրության և այդ «ռեֆորմի» մասին առաջին տեղեկություններին առնչվել եմ ուսանողական տարիներին՝ շնորհիվ «Յարութիւն» ֆիլմի, որի տարածմանը նաև փորձել եմ նպաստել։ Սակայն կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ցավոք, այդ թեման ևս, մի շարք ուժերի կողմից շահարկվում է ոչ այդքան բուն խնդիրը շտկելու, որքան՝ կոնկրետ գեոքաղաքական շահերի սպասարկման համար։ Մեր մոտ ցայսօր կա այդ արատավոր պրակտիկան, երբ կոնկրետ խնդիրը շահարկվում է՝ քողարկելով թեման զարգացնողների բուն նպատակը։  Ինչ վերաբերում է լեզվին, ապա Հայոց Լեզուն Հայ ազգի ինքնության հենասյուներից է, որը տարբեր ազգերի հրաշալի բազմազանության մեջ մենք և նրանք տարանջատման առանցքային բաղադրիչներից է՝ Հայրենիք, Գենդոֆոնդ, Մշակույթ հասկացությունների հետ միասին։ Դասական ուղղագրությունը պարզապես ներառում է բազմաթիվ բառարմատների իմաստաբանական էությունը և նրա վերականգնումը կարևոր եմ դիտարկում հենց այդ տեսանկյունից։ Այն ընդամենը ծառայում է լեզվին և այն անաղարտ պահող մեխանիզմներից է։ Իսկ լեզվի զարգացման համար ոչ պակաս, եթե ոչ առանցքային կարևորություն ունեն բարբառները, որոնք, ցավոք, անուշադրության են մատնված այժմ, երբեմն՝ նույնիսկ ծրագրված դուրս են մղվում համակարգից․․․

-Մշակույթը համարվում է որևէ երկրի ճանաչման աղբյուր, Ձեր կարծիքով մեր մշակույթը հանրությանը լիարժեք փոխանցվու՞մ է, և դրսում ապրող հայերը արդյո՞ք ծանոթ են մեր մշակույթին, եթե ոչ՝ ինչպիսի՞ գործառույթներ պիտի առաջ բերենք՝ մեր մշակույթը ի ցույց դնելու ամբողջ աշխարհում։

— Տարբեր առիթներով արդեն նշել եմ, որ մենք էն գլխից սխալ ենք հասկացել «Անկախության» գաղափարը, և հենց հիմքերից սխալ է կառուցվել, այսպես կոչված, «Երրորդ Հանրապետությունը»։ Բանն այն է, որ մշակույթը ոչ միայն երկրի ճանաչման աղբյուր է, այլ ընդհանրապես որևէ ազգի ինքնության հենասյուներից է, որը, ինչպես վերը նշեցի, ազգերի բազմազանության մեջ առանձնացնում է տվյալ միավորին որպես առանձին տեսակ՝ լեզվի, հայրենիքի, գենոֆոնդի հետ միասին։ Ժողովուրդները, ինչ խոսք, մշակութային փոխազդեցության են ենթարկվում, բայց ազգերը «վերամշակում» են ստացած մշակութային հումքը՝ այն վերափոխելով իրենց բնորոշ էությանը։ Դա մոտավորապես նույնն է, երբ պորտալարով մոր օրգանիզմից ստացված սպիտակուցները պտղի օրգանիզմ մտնում են տրոհված, և այդ օրգանիզմում վերակառուցվում՝ տվյալ օրգանիզմին համապատասխանող օրինաչափությամբ։ Որևէ ազգ ոչնչացնելու ամենակարճ ճանապարհներից մեկը նրան մշակութապես ոչնչացնելն է։ Անկախությունից ի վեր, մեր պետությունը, կարելի է ասել, զբաղված էր ամեն ինչով, բացի իր հիմնական առաքելությունից՝ Հայ ազգի տեսակային լինելիության և հավերժական կատարելագործման ապահովումից։ Ընդհանրապես, կենդանի նյութն անկենդան նյութից տարբերվում է հենց այդ հատկությամբ՝ ինքն իր տեսակին ստեղծելու և հավերժ կատարելագործվելու կոդով։ Մինչդեռ մեր պետությունը կարծես պատերազմ էր հայտարարել Հայ տեսակին։ Ցավոք, բայց կարելի է նկատել, որ սովետական «ցենզուրայի» տարիներին ավելի շատ ազգային և հայկական մշակույթ է գեներացվել, քան հետանկախության շրջանում։ Ցենզուրայից բողոքող «արվեստագետները», ստանալով լիակատար ազատություն, խելագարի պես սկսեցին վազել կապիտալի հետևից, որն էլ, ըստ էության ցենզուրայի այլ տեխնոլոգիա է։ Ավելի պարզ՝ եթե սովետական ցենզուրան արգելում էր կոնկրետ բաներ, ապա կապիտալիստական ցենզուրան, արգելելու փոխարեն՝ ֆինանսավորում է կոնկրետ պրոյեկտներ՝ այդպիսով վերահսկում անցանկալին և խրախուսում ցանկալի պրոդուկտը։ Մեր պետությունը հետանկախական շրջանում պետք է ուղղեր իր ռեսուրսների համապատասխան մասնաբաժինը բացառապես Հայկական մշակույթի խրախուսմանը, պահպանմանը, տարածմանը և արտահանմանը, մինչդեռ անում էր ճիշտ հակառակը՝ չֆինանսավորելով Հայկականը, միաժամանակ ինտենսիվ ներմուծում էր տարատեսակ օտարածին աղբ (ցավոք, բայց նույնիսկ ներմուծվողը հաճախ հենց աղբ էր, և ոչ թե մշակույթ)։ Այս ամենի հետևանքով 30 տարվա ընթացքում հիմնականում դրսից ֆինանսավորվող տարատեսակ ֆոնդերի կողմից հասցրել են բուծել անհասկանալի մի զանգված, որն ինքն էլ հստակ չի պատկերացնում թե ով է, ինչ տեսակի է պատկանում և ինչ հավաքական խնդիրներ պետք է լուծի։ Հետևողականորեն քայքայվել է հանրության մշակութային միջուկը և հավաքական միավորից ստացվել մասնատված կիսատպռատություն։Իսկ այս պայմաններում գտնվող Հայկական պետությունից, որն ըստ էության պետք է հանդիսանար Հայկական մշակույթն արտահանող հիմնական օջախը,  ակնկալել մշակութային էքսպանսիա կամ խոսել դրսում ապրող հայերի հայկական մշակույթին բավարար չափով հաղորդակից լինելուց՝ կարծում եմ բավական միամիտ կհնչի։

-Ինչպես բոլոր երկրներում այդպես էլ Հայաստանում ազգի պաշտպանը կամ, կարող ենք նաև ասել՝ ազգի ուղեղը ու ողջ համակարգը, որը պաշտպանում է հայրենիքը՝ համարվում է բանակը, կա՞ արդյոք այնպիսի ռեսուրս, որը կարող է մեզ բերել հզորացման, և որո՞նք են այդ ուղուն հասնելու ճանապարհները։

— Այդքան էլ համաձայն չեմ, թե բանակն ազգի ուղեղն է, միգուցե՝ իմունիտե՞տը։ Այո՛, բանակն անշո՛ւշտ, ազգն ու պետությունը պաշտպանող առանցքային կառույցն է։ Բանակը կայացած պետականության ո՛չ միայն պաշտպանն է, այլ նաև՝ պետականության վկայականը։ Ինչ վերաբերում է ազգի ուղեղին, ապա ինքս զուգահեռ կանցկացնեմ մտավորականության հետ։ Իդեալական տարբերակում դա պետք է լիներ Ազգային ժողովը, մինչդեռ այն ինչ ունենք ազգային ժողովի տեսքով՝ մեղմ ասած բավականին հեռու է ուղեղ, էլ չեմ ասում՝ ազգի ուղեղ կոչվելուց․․․ Ցավոք, բայց պետական քաղաքականությամբ այդ ինստիտուտը ոչ թե կատարելագործվել է՝ կենտրոնացնելով ազգի ընտրյալներին, այլ ճիշտ հակառակը՝ այլասերվել է՝ գերազանցապես հեռացնելով ազգի ընտրյալներին այդ կառույցից։ Արդյունքում ունենք միջինից ցածր մակարդակի մի ինչ-որ բան, որը քաղաքական կառույցի իմիտացիա է ստեղծում, մինչդեռ իրականում ստվերային որոշումների շտամպավորող է ընդամենը։

Ինչ վերաբերում է ռեսուրսներին։ Մեզ անընդհատ փորձում են համոզել, թե Հայաստանն աղքատ երկիր է և հարուստ չէ ռեսուրսներով։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Բավական է ուշադրությամբ զննել Հայաստանից հանքանյութի տեսքով արտահանվող կապիտալին։ Մենք նաև հարուստ ենք ջրային պաշարներով, տարվա ընթացքում արևային օրերի քանակությունը թույլ է տալիս «կանաչ էներգիայի» կենտրոններից լինել․․․ Շարքը կարելի է երկար շարունակել,բայց ամենակարևոր ռեսուրսը Հայ մարդն է։ Խնդիրը ոչ այդքան ռեսուրսների սակավության կամ առատության, որքան՝ դրանց խելացի, արդյունավետ կառավարման և օգտագործման մեջ է։ Իսկ արդյունավետ կառավարում ունենալու համար պետք է ունենալ իրապես Հայկական պետություն, որի առանցքային գործառույթը Հայ տեսակի շահերի պաշտպանությունը կլինի։ Հարցին, թե որն է դրան հասնելու ճանապարհը, կարծում եմ՝ կառուցելուն զուգահեռ, վաղուց արդեն խնդիր ունենք նաև մաքրելո՛ւ երկիրն հակահայ ախտից, որն հիմա գրավել է Հայաստանը․․․

-Ազգ բանակ հասկացությունը խորը ըմբռնելու համար պիտի նախ հասկանանք՝ ի՞նչ է պատերազմը, կա՞ն ելքեր խուսափելու պատերազմից  ու պահել հայրենիքը։

— Ազգ-բանակ կոնցեպտը, կարծում եմ, լավագույնս է արտահայտում ազգի՝ որպես հավաքական միավորի հիմնական խնդիրներն ու անելիքները։ Ինչ վերաբերում է պատերազմներին, ապա հանրության շրջանում այն ընկալվում է դասական ձևով, մինչդեռ դասական իմաստով պատերազմը հետևանք է դիվանագիտական, տնտեսական, քաղաքական և, ամենակարևորը, արժեհամակարգային ճակատներում կրած պարտության։ Պետությունը, շրջափակված լինելով, փակ սահմաններով, ըստ էության գտնվում է պատերազմի մեջ, նույնիսկ՝ սահմանային թեժ մարտերի բացակայության պայմաններում։ Շրջափակումը և՛ս պատերազմական գործողություն է և առավելապես դրսևորվում է տնտեսական բաղադրիչով։ Հանրության շրջանում դա հաճախ ընկալվում է իբրև տնտեսական ճգնաժամ, սով, աղքատություն, մինչդեռ ընդհանուր առմամբ, գործ ունենք պատերազմի տնտեսական մակարդակի հետ։ Ազգ-բանակ հասկացությունը, իմ համոզմամբ, առավելապես խնդիր ունի արժեհամակարգային ճակատում մղվող պատերազմներում։ Այդ և տնտեսական մակարդակներում տանուլ տված պատերազմի հետևանքն են մարտական գործողությունները։ Հենց առաջին երկու մակարդակներում էլ հաղթելու համար է խիստ անհրաժեշտ իրապես ազգային և պրոֆեսիոնալ ռեսուրսների գերլարում, մինչդեռ մենք հենց այդ մակարդակներում էլ ամենափնթի մոտեցումներն ունենք։ Որևէ հիմնարկում ամենասովորական աշխատանքի անցնելու համար գործատուն պահանջում է բավականին լուրջ պատրաստվածություն, աշխատանքային փորձ, գիտելիքներ, որակներ․․․ Մինչդեռ հանրությունը, որն ըստ էության կառավարության գործատուն է, հաճախ նույնիսկ չի էլ ճանաչում «իր ընտրյալներին», էլ չասենք, որ երբեմն դրանք ուղղակիորեն ԱԺ են տարվում փողոցից կամ ակումբներից՝ կտրելով նրանց գարեջրի հերթական շշից կամ հաշիշից։ Տարբեր երկրների շահերը սպասարկող գործակալական ցանցերի մասին ընդհանրապես լավ է լռեմ․ մեր երկիրը վխտում է հակահայ գործակալներով, որոնք ոչ միայն անկաշկանդ գործում են, այլև արդեն պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ բոլոր բացասական հետևանքներով։ Իրական պատերազմն հենց այս ֆրոնտում է և, ցավոք, հենց այդ ֆրոնտում էլ մենք հիմնական պարտություններն ենք կրել, իսկ այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը, պարզապես հետևանքն էր նշածս ճակատներում կրած պարտության։ Ուստի, սահմանային սխալները շտկելու համար, նախ և առաջ կարիք կա երկրի ներսը կարգի բերելու և ազատագրելու Հայ ժողովրդին Հայաստանը զավթած հակահայերից։ Հակառակ պարագային՝ վտանգված է ոչ միայն Պետությունը, Հայրենիքը, այլ նաև Հայ Ազգն առհասարակ։

-Ձեր հոդվածներից մեկում ասում եք.《Հեշտ է հրաժարվել մի բանից, որը չես ճանաչում, ինչը չի կարելի ասել՝ երբ կրողն ես այդ ամենի》, այստեղ մի հարց առաջացավ՝  ինչպե՞ս ճանաչել մեր արժեքները, սկսե՞լ սկզբից ու նախ առաջ բերել ճիշտ ընտանիքի մոդելը կառուցելու գաղափարը, թե՞առաջ գնալ:

— Առաջ գնալու համար հաճախ անհրաժեշտ է հետ նայել՝ որպեսզի հասկանաս հետագիծդ և կողմնորոշվես ընթացքիդ ուղղության մեջ։ Ծառը պահողը, սնողը արմատն է։ Չես կարող ամուր և բարձր շենք կառուցել, եթե հիմքը բավարար ամուր չէ, իսկ հիմքի ամրության մեջ վստահ լինելու համար՝ նախ խնդիր ունես ճանաչելու, ուսումնասիրելու այն։ Ինչպես արդեն նշեցի, ազգը միայն ժամանակի տվյալ հատվածում ապրող զանգվածը չէ, այլ շատ ավելի ընդգրկուն գաղափար, որը ներառում է նաև բազմադարյա կենսափորձ, գիտելիք․․․ Չօգտվել այդ գիտելիքից, փորձից, իմաստությունից՝ քեզ ժառանգած հարստությունից, նշանակում է լինել տխմար, ամբարտավան և տգետ։ Նրանք, որոնք կարծում են, թե անիմաստ հնություն է ազգային հարուստ կենսափորձը և ժառանգաբար կուտակված գիտելիքը, հենց այդ նշածս կատեգորիան են ներկայացնում։ Ցավոք, բայց վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվ կերպով հենց այդ տեսակն է բուծվել՝ իր բոլոր հետևանքներով։

Ճանաչելու համար արժեքները, նախ պետք է ուսումնասիրել դրանք, ուսումնասիրել՝ սիրելով և ոչ թե անել դա՝ ինչպես թշնամին։ Ի դեպ, մեր թշնամիներն ավելի շատ են ուսումնասիրում մեզ և ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս։ Պարզապես թշնամին ուսումնասիրում է քանդելու, ոչնչացնելու համար, իսկ մենք՝ պետք է կառուցենք, ամրացնենք և զարգացնենք մեզ ժառանգվածը՝ է՛լ ավելի կատարյալ համակարգ փոխանցելով հաջորդ սերունդներին։ Դա է տեսակի լինելիության նախապայմանը։ Հակառակ դեպքում կոչնչանանք իբրև տեսակ։ Միայն տխմարն է ցանկանում ինքնաոչնչացում։ Իրեն հարգող ցանկացած օրգանիզմ ձգտում է իր տեսակի տարածմանն ու հզորացմանը, իսկ առանց ճանաչելու սեփական տեսակը՝ անհնար է իրագործել նրա լինելիությունը։ Քավ լիցի, չնայած այն հանգամանքին, որ դարերով թշնամին ոչնչացրել է մեր ազգային հարստության հսկա պաշարներ և ժառանգաբար փոխանցվող գիտելիքների մի ստվար մասը, այդուհանդերձ, ցայսօր էլ առկա են բավարար պաշարներ՝ ինքնաճանաչողության և տեսակի լինելիությունն ապահովելու համար։ Աշխատել է պետք այդ ուղղությամբ։

-Եվ վերջում, պարոն Խոջաբաղյան, ամփոփենք մեր հետաքրքիր հարցազրույցը, մեր հայրենասիրության ճիշտ գնահատականը ամրագրելով, մենք` հայերս հայրենասե՞ր ենք, արդյո՞ք մեր արյունը եռում է միայն այն ժամանակ երբ հայրենիքը կորցնելու վտանգ կա։

— Մեզանում տարածված մի խոսք կա՝ հույսը վերջինն է մեռնում։ Երբևէ առիթ ունեցե՞լ եք մտացել այդ ուղղությամբ, թե նախքան հույսն «ի՞նչն է մեռնում»։ Իմ կարծիքով այդ հարցի բանալին Քրիստոնեական՝ «Հույս, Հավատ, Սէր» արտահայտության մեջ է։ Ասել կուզեմ, որ նախ «մեռնում է» Սէրը, հետո՝ Հավատը, և վերջում՝ Հույսը։ Երբ մենք խոսում ենք «վերջին հույսից», ապա որպես կանոն արդեն իսկ դադարել ենք սիրել, հավատալ․․․ Իսկ ի՞նչ է Սէրը, իմ խոր համոզմամբ՝ զոհաբերելու, զոհաբերվելու պատրաստակամությունն է․․․

Կախված նրանից թե ինչ և ինչքան ես պատրաստ զոհաբերել՝ կարելի է ենթադրել, թե որքան ես սիրում․․․

2016 թվականի «Ապրիլյան պատերազմ» անունը ստացած ռազմական գործողությունների ժամանակ, ակտիվ քննարկումների արժանացավ մի «ֆենոմեն», որ Հայերը խաղաղ ժամանակ լքում են երկիրը, իսկ պատերազմի ժամանակ՝ վերադառնում․․․

Կարծում եմ, որ շատերն են մտածել այդ ուղղությամբ։ Ես նույնպես փորձել եմ հասկանալ այս «ֆենոմենը», և կարծում եմ հարցի պատասխանն այն է, որ ժողովուրդն իրեն ասոցացնում էրՀայրենիքի հետ, բայց չէր ասոցացնում պետության հետ։ Ցավոք սրտի, այսօր նկատելի է արդեն Հայրենիքի կորսված հատվածի հետ ասոցիացիան ոչնչացնելու տոտալ, նույնիսկ՝ պետական մակարդակով տարվող քարոզ։ Պետության ղեկավարի կողմից՝ «Շուշին հայկակա՞ն քաղաք էր» հարցադրումը, ռեզոնանս է գտնում անալիտիկ զրոյական ունակությամբ և ինքնապաշտպանական բնազդի նվազագույն դրսևորմամբ առանձնյակների մոտ՝ «Արցախը մեր հայրենիքը չէ» ձևաչափով։ Սա կատաստրոֆիկ մասշտաբների սրիկայություն է, և հիմնազուրկ չէ այդ ամենը դավաճանություն որակելը․․․

Լիահույս եմ, որ Աստծո կամոք կարճ ժամանակում կհաջողվի վերջ դնել այս արատավոր ցիկլին և վերջապես ու վերջնականորեն ազատվել կոնկրետ շրջանակներից, որոնք ծրագրված կերպով և հետևողականորեն պարտվողական տրամադրություններ են սերմանում Հայ ժողովրդի շրջանում։ Բայց դրա համար, նախ կարիք ունենք ազգովի նորոգելու Հավատն ու Սէրը՝ առ Հայը, Հայաստանը և Հայկականությունը․․․

 

Հարցազրույց՝ Զաքար Խոջաբաղյանի հետ

Հարցազրույցը վարեց՝  Շուշան Ղազարյանը

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *