Հայկական երազը միայն մերը չէ. Աշխարհաժողով
— Պարոն Ավագյան Աշխարհաժողովի օրակարգում նշվում է ազգային կրթակարգի կարևորության մասին, կմանրամասնե՞ք։
Ազգային կրթակարգի կարևորությունը հստակ նշվել է դեռ հայոց գրերի ստեղծման պահից , ամրապնդվել դարերի ընթացքում ու հռչակվել ՀՀ Անկախության հռչակագրում ։ Այն անկախության ատրիբուտ է, ազգայինից համամարդկային տանող հստակ ուղի , չձուլվելու ու ազգային գիտական պոտենցիալն ընդլայնելու միակ գրավականը , ազգային առանձնահատկություններն ու քաղաքակրթական դերը միջազգային հարթակներում ներկայացնելու, փորձի փոխանակման ու ինչ որ ոլորտներում առաջատար դիրքեր գրավելու նախապայմանը։ Եթե մենք կորցնում ենք ուղենիշներն ու չենք զարգացնում ազգային կրթակարգի հազարամյա ուղիները , ապա անընդհատ ստիպված ենք լինելու պատճենել ցանկացած, մոդայիկ դարձա, հնարավոր է ոչ անշահախնդիր գովազդվող երևույթներ։ Իսկ, քանի որ, աշխարհը արագ է փոփոխվում , չունենալով ազգային կրթության համակարգ, կրթությունը , սերունդների դաստիարակությունն ու հերթափոխը թողնում ենք իրադարձությունների հորձանուտում առանց ղեկի ու այդ հորձանուտից պատվով դուրս գալու ներուժի, սերունդների դաստիարակությունը թողնելով օտար, հաճախ ոչ բարեկամ ու անշահախնդիր ուժերի։
-Ազգայինը պահպանելու համար Ձեր կարծիքով այն գործունեությունը, որը ծավալում եք ակումբի շրջանակներում և ոչ միայն ,արդյո՞ք նպաստում է դրված նպատակի իրագործմանը։
-Կարծում եմ այո։ Բայց պետք է ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ։ Սա է խնդիրն այսօր։ Երբ խոսում ենք պահպանելուց, սխալ տպավորություն է ստացվում ։ Մենք ունենք ազգային մտքի հսկաներ, որոնք իրավամբ կարող են կոչվել նաև համաշխարհային մեծություններ և նրանք հնացած չեն։ Օրինակ ՝ ի՞նչ է նշանակում պահպանել Թումանյանի, Նժդեհի միտքը, ժառանգությունը։ Չէ որ այդ ժառանգությունն համապարփակ է ու հեռահար, ուղղված զարգացմանը , լինելով ազգային՝ համամարդկային է ։ Ազգային արժեք ակումբը փորձում է ուշադրություն հրավիրել, քննարկել, զարգացնել այն լավագույնը , որը զտվել , մաքրվել , փոփոխվել, տարբեր դարերում հաղթել ու մեզ է հասել ՝ ապացուցելով իր կենսունակությունը։ Այս ամենում որևէ հայ մարդու աշխատանք ավելորդ չէ։ Կա թևավոր խոսք. ինչքան լեզու գիտես ՝ այնքան մարդ ես։ Բայց չէ՞ որ թարգմանչաց շարժումն էլ սկսվեց 《իմանալ զբանս հանճարոյ 》բառերից ու մենք աշխարհին տվեցինք հայկական գոհարներ, արվեստ, գիտություն , տեխնոլոգիաներ։ Այսինքն թարգմանվեց: Ուրեմն սկսենք մեզնից, կրթվենք, ինքնազարգանանք, չամաչենք և տարածենք ազգային ավանդույթները ,որոնք ավանդ են իրականում մեզ թողնված, այլ ոչ հնություն , լեզվամտածողությունը՝ որի գաղտնիքները բացահայտելու համար մեկ կյանքը քիչ է , ու որի շնորհիվ է, որ հայերն արագ են յուրացնում ցանկացած նորույթ, գիտելիք, տեխնոլոգիա։ Մենք, հենց հայերս, դեռ հայանալու շատ տեղ ունենք , չէ՞ որ ինչքան բարբառ գիտես, այնքան ավելի հայ ես, ինչքան հայկական մշակույթն ուսումնասիրում ու զարգացնում ես , այնքան ավելի հայ ես ու դրանով զարգացնում ես համամարդկայինը, ավելացնելով նրա մեջ հայության դերն ու նշանակությունը ։ Եթե մենք չենք իրագործում մշակութային էքսպանսիա , ապա անընդհատ պայքարելու ենք ներմուծվող տարատեսակ հոսանքների , մշակույթների ու ենթամշակույթների դեմ և այդ պայքարում կարող ենք սպառվել ։ Մենք խնդիր ունենք վերադարձնել ուծացված հայությանը։ Եթե չդնենք նման խնդիր, նշանակում է հրաժարվել հսկայական գենետիկ ժառանգությունից, ներուժից ,հազարալմակների ,դարբնոցով անցած հայկական որակները նվիրել այլոց։
— Ակումբը, Աշխարհաժողովի հիմնավորման մեջ նշում է ազգային պետության ձևավորման անխուսափելիությունը։ Մի՞թե համաշխարհայնացման պայմաններում հնարավոր է Ազգային պետության գոյություն և ընդհանարապես՝ ազգային արժեքների պահպանում։
-Այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որն արդեն երկբևեռ կամ միաբևեռ համարելը դժվար է։ Համաշխարհայնացումն սկսվել է փոխել իր բնույթը, ստանալ բազմակենտրոն նոր ձևեր։ Բացի այդ, հայտնվել է մի այլ բևեռ, ֆինանսականը, որն իր հերթին փորձում է ձևավորել վերպետական կառավարման մոդելներ և բավականին հաջողել է դրանցում։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է , որ դասական իմաստով պետությունները, հատկապես խոշորները, անցնում են սեփական սուվերենության պաշտպանության, կամ հանձնվում են այդ բևեռին։ Բոլորդ եք լսել make America great again,, կամ 《 եթե չի լինելու Ռուաստանը, ինչերիս է պետք այդպիսի աշխարհը 》 կայսերական թեզերը։ Հզոր երկրների մեծ մասը, լինելով բազմազգ, այնուամենայնիվ խոսում են մեկ ազգից , օրինակ ամերիկյան ազգ, եվրոպացիներ, ռուսաստանցիներ, ՝ փաստացի քաղաքացիությունը ներկայացնելով որպես ազգ, փորձելով ձևավորել պետականությունը կրող ու մարմնավորող ազգ։ Բայց ինչու՞։ Պարզ մի պատճառով ՝ նյութական շահերից բացի կարևոր են ոչ նյութական, հոգևոր արժեքները, չվաճառվող արժեքները, նվիրումը, անձնազոհությունը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի դիմակայել օրեցօր ավելի մեծ ազդեցություն ձեռք բերող րոպեական ու արագ շահույթի հետևից վազող միջազգային կորպորատիվ մասշտաբներ ստացած բևեռին կամ բևեռներին, որի/որոնց շահերը վերազգային են ու սահմաններ չեն ճանաչում։ Բայց կա մի պարադոքս՝ հզոր երկրներն ինչքան փորձում են իրենց ներսում քաղաքացիության վրա հիմնված 《ազգային միջավայր》 ձևավորել, այնքան շահագրգռված չեն նման միջավայրերի ձևավորումով մրցակից երկրներում։ Իսկ փոքրամասշտաբ ու թույլ ազդեցությամբ երկրների , ազգերի ու ազգությունների շահերն ասես անտեսվում կամ հատուկ համարվում են թերի , ոչ լիարժեք , չկայացած և անընդհատ փորձեր են արվում ավելի խոշոր տարածաշրջանային տերություններից մեկի մշակութային կցորդ դիտարկել ։ Բացի այդ , ազգային միջավայրի, ազգային գիտության , ազգային կրթական հենքով մասնագիտացման զարգացումը խանգարում է այնպիսի պրոցեսների, ինչպիսիք են «ուղեղների արտահոսքը», կապիտալների շարժը ։ Ինքս գիտեմ շատ լավ մասնագետներ, որոնք անգամ ավելի բարձր աշխատավարձով հրաժարվել են հեռանալ Հայաստանից , հարազատ միջավայրից, արմատներից ։ Բայց դրա համար Հայաստանը պետք է լինի այդ ազգային միջավայրի պահապանն ու զարգացնողը , դրանով իսկ պահպանելով ու զարգացնելով հայկական պետականությունը։ Պետությունը պետք է ուժ և թևեր տա նվիրյալներին և ոչ թե հիասթափեցնի ու թևաթափ անի։ Դա է պետության վերարտադրության գրավականը։ Այլապես Հայաստանը կարող է դառնալ ՄԱԿ_ի կազմում գտնվող X_րդ , կամ Y_րդ հերթական անդեմ մի պետություն, որն աշխարհին ոչինչ չի ունենա տալու , բացի աշխատուժից , հանքաքարից ու տոկոսներից։ Ցանկացած ազգության , ազգի , ցեղի վերացում իրականում աղքատացնում է աշխարհը, ուր մնաց ազգային պետության հնարավորություն ունենալ ու կորցնել այն ։ Աշխարհը շատ մեծ բան կկորցնի , եթե Հայաստանը հենց որպես հայկական պետություն չկայանա , և կշահի , եթե կայանա։
-Արդյո՞ք աշխարհաժողովը հայկական երազի մեկնարկն է։
-Գիտե՞ք, վերջերս հետաքրքիր փորձ արեցի, փորձեցի գրել Խորենացու 《Ողբը》հակառակ , ու ստացվեց այն, ինչ կարող է հարատև դարձնել Հայաստանը։ Այսինքն Խորենացին 《Ողբը》տվել է որպես բանաձև, թե ինչպիսին չպետք է լինել, ինչպես պետք չէ վերաբերվել երկրին, հայրենակցին, հարստությանը, պատվին, այլ արժեքներին։ Հայկական երազը միայն մերը չէ և այսօր չի սկսվում։ Այսօր սկսվում է նոր սերնդի երազը, որը նախորդ սերունդների ստեղծած, պահպանված ու մեզ հասած երազն է։ Այսօրվա Հայաստանն անգամ մի օր երազ է եղել։ Շահամիրյանն իր 《Որոգայթ Փառացը》 շարադրել է, որպես երազ պետություն չունեցող հայ ժողովրդի համար, այսօր կա այդ պետությունը։ Մեր սերունդը , Ձեր սերունդը պարտավոր է շարունակել այդ գործընթացը, ստեղծել իր երազի Հայաստանը , հաջորդ սերնդի ոտքերի տակ նոր իրագործումների , երազանքների իրական հիմքն ստեղծելու համար։ Սա է մտքի նյութականացումը, Երազանք –իրագործում-երազանք։ Պրագմատիզմը, օրվա փոքր շահը , չարյաց փոքրագույնների ընտրումը այս բանաձևով անկարևոր է դառնում, քանի որ առկա երազանքը միշտ այլընտրանք է պարտադրանքին ։ Հայկական Երազանքը շեղվելն արգելող , անգամ փոթորիկների ու համաշխարհային քաոսի պայմաններում հերթական կարևորագույն նավահանգստի տեղը ցույց տվող փարոսն է: