Միանգամայն իրատեսական է կազմակերպել համաժողովրդկան ազգային-ազատագրական պայքար՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամիների դեմ․․․ Մերուժան Միքայելյան /ՄԱՍ1-ին/

Մարտի 23-ին Գյումրում նախատեսվող ազգային ուժերի հանդիպմում-քննարկմանն ընդառաջ Arjeq.am-ը զրուցել է Հայոց Ազգային Գվարդիայի ներկայացուցիչ Մերուժան Միքայելյանի հետ։

ՄԱՍ 1-ին

․ Պարոն Միքայելյան, այսօր հայ ազգն ու պետականությունը կանգնած են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ, սակայն շարունակում ենք լող տալ քաոսում։  Ինչու՞ է այսպես և ի վերջո ի՞նչ է սպառնում մեզ։   

Գլխավոր պատճառները, որոնք մեր ազգի պարագայում գլոբալ բացթողումներ են և երկարատև ժամանակի ընթացքում վերածվել են նաև ազգային արատների,  խորքային են և ժամանակային առումով շատ ավելի հնից են գալիս:

Կնշենք դրանցից ամենագլխավորները, որոնք անմիջականորեն պայմանավորել են նաև հենց այսօրվա աղետալի իրավիճակը՝

  1. ազգային ընտրանու՝ որպես ինստիտուտի բացակայությունը և որպես դրա հետևանք՝ նաև ազգային ու պետական ռազմավարական նպատակների ու ծրագրերի բացակայությունը,
  2. մեր ազգային կյանքում ազգայնական կառույցների փոխարեն պառակտման էությամբ օժտված «կուսակցություններ» կոչվող քայքայիչ համակարգի ներդրումը,
  3. թվարկված նախորդ երկու գործոնների երկարատև ազդեցության ուժով ազգային արժեհամակարգի աստիճանական դուրս մղումը մեր հանրային կյանքից և որպես հետևանք՝ մեր հոգևոր ինքնության զգալի խեղումը:

Սկսենք ազգային ընտրանուն կամ կարելի է նաև անվանել ազգային ընտրախավ (քաղաքագետներն անվանում են նաև էլիտա) բացակայությանն առընչվող հարցից, որը պայմանականորեն ասված, արդեն առնվազն երկու հարյուրամյակի պատմություն ունի:  Այս միտքն ավելի ընկալելի ներկայացնելու առումով նշենք, որ ազգային ընտրանի երևույթի ներքո պետք է հասկանալ ազգի մեջ կամ նրա շրջանակներից դուրս ճանաչում, հեղինակություն ու հարգանք վայելող (անկախ  մասնագիտությունից և զբաղեցրած պաշտոնական դիրքից), մտավոր և գործնական բարձր ունակություններով օժտված, իրենց  մասնագիտություների մեջ հաջողություններ արձանագրած անձանց այն համախումբը, որոնք միասնաբար ստեղծում ու կազմում են տվյալ ազգի կամ հասարակության միտքը և խիղճը, նվիրյալներ են և միասնաբար գործում են հանուն ազգի ապագայի կերտման, նրա անվտանգության ապահովման, նախագծում են զարգացման նպատակներ ու դրանց հասնելու ուղիներ, կանխատեսում են սպառնալիքները և անկախ պետական կամ այլ կառույցների գործունեությունից, կարողանում են առաջնորդել ու համախմբել ազգին՝ այդ նպատակների ու խնդիրների լուծման և ազգային ընդհանուր շահերը առաջմղելու համար:

Ունենալ նույնիսկ համաշխարհային մասշտաբի խոշորագույն մտածողներ, արվեստագետներ, զորավարներ, քաղաքական կամ պետական գործիչներ, որոնց պակասը հայ ազգը երբեք չի ունեցել, դա դեռ դա չի նշանակում ունենալ ազգային ընտրանի: Նման ընտրանու գոյությունը պետք է գործնականում դրսևորվի նրանց համախմբման և որոշակի, թեկուզև ոչ ֆորմալ, ինստիտուցիոնալացման միջոցով, որոնց համար կարող են ընտրվել բազմազան եղանակներ, օրինակ՝ ակումբների, խորհուրդների, ազգային վերլուծական կենտրոնների, ՀԿ-ների կամ այլ հարթակների տեսքով, որոնց միջոցով իրականացվում է երկարատև, մշտական ու թիրախավորված համատեղ գաղափարական-վերլուծական, ծրագրային և կազմակերպական աշխատանք՝ անկախ պետականության գոյության կամ բացակայության հանգամանքներից:

Կյանքում ազգային ընտրանու գոյության վկայությունը կարող էր փաստվել նման անձանց համախմբության շրջանակում ազգային ու համապետական  նպատակների սահմանման, ազգային կարգախոսների ձևակերպման, ազգային ռազմավարության ու հեռանկարային  ծրագրերի ստեղծման, ոչ կառավարական ազգային տարբեր ինստիտուտների, հզոր վերլուծական ու քաղաքագիտական կենտրոնների, քաղաքացիական հասարակությանը համախմբող կառույցների առկայության  դեպքերում:

Ցավոք, հենց այդպիսի ինստիտուտների և այդպիսի ընտրանու բացակայությունը պարարտ հող ստեղծեց երիտթուրքական հեղափոխության, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, առաջին հանրապետության և խորհրդայնացման տարիներին հայոց ազգային համախմբվածության բացակայության և ոչ ճիշտ կողմնորոշումների համար, որի արդյունքում տեղ գտան ներազգային կյանքի կառուցման և արտաքին քաղաքական կուրսի կոնյունկտուրային և միմյանց հակասող տատանումներ՝ պատճառ դառնալով բազում ողբերգությունների և  անասելի կորուստների:

 

Մեր տևական դժբախտությունների և ներկա այս իրավիճակի հաջորդ գլխավոր պատճառը արտաքին ուժերի մտահղացմամբ և նաև նրանց որոշակի նախաձեռնությամբ, դեռևս մեկուկես դար առաջ,  մեր ազգային կյանքում ազգայնական կառույցների փոխարեն կուսակցություններ կոչվող  քայքայիչ համակարգի ներդրումն էր: Կուսակցական համակարգն այն չարիքի մարմնացումն է, որը չարորակ ուռուցքի նման քայքայել և քայքայում է ազգային և պետական կառույցները, ազգային միտքն ու հոգին, ազգի ոգեղենությունը: Անկախ այս կամ այն կուսակցության որոշակի պահին կամ մասնակի որևէ հարցում դրական դերակատարումից, ընդհանուր առմամբ, այդ համակարգն իր ամբողջականության մեջ պառակտող դերակատարում ունի, իրենց  ներքին մեխանիզմներով ազգային, հանրային ու պետական շահն ու արժեքները ստորադասում և հաճախ էլ զոհաբերում  է նեղ խմբակային, շատ հաճախ էլ՝ անձնական շահերին, ինչի փաստացի օրինակների ականատեսներն ենք մենք ոչ միայն այս վերջին հինգ տարիների, այլև՝  երեսուն տարիների ընթացքում:

Ավելին, կուսակցություններ կոչվող այդ կառույցները և հատկապես պետական իշխանության խորհրդարանական համակարգը հրաշալի թիրախներ են և որպես գործուն լծակներ են ծառայում արտաքին հատուկ ծառայությունների համար՝ նրանց միջոցով ազդեցության և միջնորդավորված իշխանության հասնելու ցանկացած պետությունում: Եվրոպայի և ԱՄՆ-ի սիոնիստական-գլոբալիստական ուժերը այլ երկրների կուսակցական մեխանիզմն օգտագործելով իրականացրեցին 1908թ. երիտթուրքերի հեղաշրջումը, 1917թ. փետրվարյան և հոկտեմբերյան հեղաշրջումները Ռուսաստանում, Ուկրաինայի 2014թ. Մայդանի հեղաշրջումը և նման հեղաշրջումներ աշխարհով մեկ՝ իրենց ենթակա ռեժիմները կարգելով այդ երկրներում: Հենց դրա վկաներն ենք մենք այսօր մեր երկրում, մասնավորապես 2018թ. ծրագրավորված հեղաշրջումից հետո:

Հենց այս երկու հիմնական նախադրյալներն են, որ հնարավոր դարձրեցին անկախ Հայաստանի պետականության գլխին հայտնվելու ազգային արժեհամակարգից և մարդկային բարձր որակներից զուրկ, ազգի և պետականության հանդեպ նվիրվածությամբ աչքի չընկնող այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են ԼՏՊ-ն կամ Սերժ Սարգսյանը: Իսկ վարչապետի աթոռին դավադրաբար հայտնված այս գոյանքն արդեն բացահայտորեն փորձում է վերջնակետին հասցնել հայոց պետականության վերացման իր տերերից ստացած հանձնարարությունը:

Այս իրավիճակի առաջացումը տրամաբանական հետևանքն է այն արժեհամակարգի, որի անկյունաքարը փողն է  և որը ՀՀՇ-ական իշխանությունն իրենց ֆյուրերի գլխավորությամբ «անմեղորեն» ներդրեց հայոց երկու պետականությունների հիմքում՝ ցինիկաբար ազգային գաղափարախոսությունն անվանելով կեղծ կատեգորիա և պետական համակարգից դուրս մղելով ազգային արժեհամակարգը: Եվ մենք ունեցանք փողին գերի դարձած հհշ-ական, այնուհետև՝ հհկ-ական պալատական կեղծ արվեստագետներ, գրողներ, լրագրողներ, վերլուծաբաններ, քաղքագետներ, «քաղաքական գործիչներ», գեներալներ ու սպաներ, նույնիսկ ուսուցիչներ և տարբեր մակարդակի պաշտոնյաներ, որոնց շարքում տրամաբանորեն նաև պետք է հայտնվեին հայրենիքն ու պետականությունը փողով վաճառողներ:

Խեղվեց հայ մարդու ինքնությունը: Խորհրդայնացումից դուրս գալուց հետո Աստծուն էլ ավելի մոտենալու փոխարեն, ժողովրդի մի մեծ հատված մեծապես հեռացավ Աստծուց: Հենց այս բացերից ու արատներից էլ օգտվեցին մեր թշնամիները:

Հենց ազգային ընտրանու բացակայությունը,  ազգային-քրիստոնեական ինքնությունից ժողովրդի մի մեծ հատվածի հեռացումը և արտաքին ու ներքին թշնամիների դեմ պայքարի կուսակցականացումն էլ այս վերջին երեք տարիների ընթացքում այդ պայքարը մատնեցին անհաջողության: Այդ ընթացքում կորսվեցին  ոչ միայն թանկարժեք երեք տարիները, այլև Արցախն ու ՀՀ զգալի տարածքներ:

Իհարկե, անհաջողությունների պատճառների մեջ, կուսակցականացված ու  անձնավորված ամբիցիաներին զուգահեռ,  եղան  նաև այլ՝ ոչ պակաս էական գործոններ, որոնք կապված են պայքարի կազմակերպման գործում դրսևորած սկզբունքային բացթողումների հետ, ինչից պետք է դասեր քաղել և այլևս չկրկնել պայքարի նորովի կազմակերպման ընթացքում:

Ի՞նչ է սպառնում մեզ։ Սպառնալիքները շատ լուրջ են, գոյաբանական նշանակության: Եթե ազգովի չձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, չկազմակերպենք հզոր համաժողովրդական պայքար, ապա գործող դավադիր ոհմակը պետականությունը տանելու է ամբողջական կործանման, և հավանական է՝ կրկին դաժան պատերազմի միջոցով: Այս խմբակը լավ գիտակցում է, որ կանխամտածված կերպով գործել է ազգային և պետական դավաճանություն և քանի որ արկածախնդիր դավադիրներ են, նրանցից պետք սպասել ցանկացած սատանայական գործողություն: Ամեն Աստծու օր մենք բախվում ենք այդ քայլերի հետ:

Այս ոհմակն իր հետագա գոյապահպանության համար  հնարավոր լուծումներից մեկը կարող է դիտարկել Հայաստանի պետականության ամբողջական կործանումը, որպեսզի կոնկրետ փաստերով ու ապացույցներով չհաստատվեն ազգի և մարդկության հանդեպ իրենց կատարած չարագործությունները և չկանգնեն օրինական արդար դատաստանի առջև: Արդեն փորձն ունեն և անպատիժ են մնացել: Իրավապահ մարմիններն էլ դարձել են նրանց հանցակիցները:

Սակայն, անելանելի վիճակներ գոյություն չունեն: Միանգամայն իրատեսական է  կազմակերպել համաժողովրդկան ազգային-ազատագրական պայքար՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամիների դեմ: Այդպիսի գործընթացն արդեն սկսված է:

․ Հայոց Ազգային Գավրդիան ունի ազգային-ազատագրական պայքարի գաղափարական ու կազմակերպական հիմնադրույթների բավականին մանրամասն մշակված փաթեթ։ Դուք իրո՞ք հավատում եք, որ ազգային դիամադրության գրեթե զրոյական մակարդակում հնարավոր է ազգային-ազատագրական պայքար մղել։ Եվ ինչպե՞ս։

Այո, լիովին համոզված ենք այդպիսի հնարավորության առկայության մեջ: Ճիշտ ընտրված ռազմավարության, ծրագրի և իրագործման ճանապարհային քարտեզի առկայության և բավարար նախապատրաստական աշխատանքներ կատարելու դեպքում այն կարող է վերածվել իրականության:

Չենք կիսում այն մոտեցումը, որ ինչպես բնութագրեցիք, «ազգային դիամադրության գրեթե զրոյական մակարդակում ենք գտնվում: Համենայնդեպս, ժողովրդի մեծամասնության տրամադրություններն այդպիսին չեն: Բանն այն է, որ ինչպես ցույց են տալիս վերջին երկու տարվա ընթացքում տարբեր կառույցների կողմից իրականացված սոցիալական հարցումների և Երևանի ավագանու նույնիսկ խեղված ընտրությունների արդյունքները, ինչպես նաև մեր ամենօրյա շփումները ժողովրդի տարբեր հատվածների հետ, Հայաստանի ժողովուրդն իր մեծամասնության մեջ առողջ և իրատեսական մոտցումներ ունի: Խնդիրն այլ հարթությունում է՝ «քաղաքական ուժեր» կամ մտավորական կոչվածների, որոնք պետք է ստանձնեին ազգային ընտրանու դերակատարումը: Սակայն, նրանք ունակ չգտնվեցին ոչ  գաղափարական, ոչ քարոզչական, ոչ կազմակերպական հարթություններում և նաև  իրենց ցածր հեղինակության բերումով չկարողացան համախմբել ու կազմակերպել ժողովրդին:

Ձեր նշած «Ազգային դիամադրության գրեթե զրոյական մակարդակ» գնահատաականը վերաբերում է հենց նրանց, ոչ թե ժողովրդին: Ժողովուրդը պատրաստակամ է հետևելու իրատեսական ու արդար գաղափարներին, ազգային նպատակներին, պայքարելու դրանց համար: Սակայն, ինչպես մարտի դաշտում հաջողությունը կախված է հրամանատարի ունակություններից, հմտությունից, խիզախությունից ու ճիշտ հրամաններից, այս դեպքում էլ այդ գործոնն է կարևորը: Հենց այստեղ էլ ամեն ինչ ձախողեցին  մեր մատնանշած ինստիտուտները: Ցավոք, ինչպես ցույց տվեցին գոնե վերջին հինգ տարիների և հատկապես վերջին երեք տարիների իրողությունները, այդ ինստիտուտները որպես այդպիսիք, պարզապես բացակայում են:

44-օրյա պատերազմից հետո  կազմակերպված բոլոր երեք հիմնական շարժումները գաղափարական հենքի, պայքարի ռազմավարության և այդպիսի պայքարի կազմակերպման աշխատանքների համակողմանի պլանի բացակայության պարագայում օրինաչափորեն ձախողման էին դատապարտված: Ավելին, դրանք շատ խոցելի էին նաև շարժման բնույթի հետ կապված, քանի որ իրականացվում էին կուսակցական հենքի վրա՝ «ընդդիմություն-իշխանություն» պայքարի համատեքստում:

Բարեբախտաբար, բազմաթիվ են այն անհատներն ու ապակուսակցական ազգային կառույցները, որոնք արդեն ոչ միայն լուծումների իրենց տարբերակների վրա են աշխատել, այլև սկսել են աճող ինտենսիվությամբ շփվել միմյանց հետ, ճանաչել, հարստացնել գաղափարները, փոխադարձ վստահություն ձեռք բերել միմյանց նկատմամբ: Այդ շրջանականերում, ի տարբերություն կուսակցությունների, ավելի դյուրին է դառնում հաղթահարել խմբային կամ անձնական մոտեցումներն ու ամբիցիաները և ժողովրդի իրական ազգայնական հատվածին, որը մեծամասնություն է կազմում, համախմբել ազգային գաղափարի, նպատակների ու հանրային ընդհանուր շահերի շուրջ:

Հայոց Ազգային Գվարդիան վերլուծել է նախորդ շարժումների բովանդակությունը, բնույթը, կազմակերպական կողմերը և թույլ տրված սխալներն ու բացթողումները գնահատելով, մշակել է բոլորովին այլ բնույթի՝ ապակուսակացականացված ազգային-ազատագրական և արդարության հաստատման համար համաժողովրդական պայքարի նոր հիմնադրույթներ, առաջադրել պայքարի կոնկրետ նպատակներ, պայքարի գործնական կազմակերպման նախապատրաստական աշխատանքների պլան, որի համառոտ ուրվագիրը նախատեսվում է ներկայացնել Գյումրիի առաջիկա հանդիպման ընթացքում:

Այսինքն, այժմ գնում է ոչ թե այս կամ այն ուժի կամ խմբի կամ անձի շուրջ համախմբվելու գործընթաց, այլ արժեհամակարգի, գաղափարի և պայքարի  կազմակերպման ծրագրերի ու գործնական քայլերի որոշման շուրջ, ինչն արդեն հուսադրող է: Մեր գնահատմամբ,  գործընթացն արդեն  ճիշտ հունի մեջ է մտնում: Գյումրիում նախատեսված հանդպումն էլ ասվածի կոնկրետ դրսևորումներից է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *