Մեզ մի փնտրեք հրապարակներում։ Մենք կառուցում ենք մեր Տապանը․․․

Արտակ Հովսեփյան

Աշխարհաժողով նախաձեռնության անդամ, Ազգային արագացման հանրային նախաձեռնության ղեկավար․․․

Վաղուց պետք է անդրադառնայի Աշխարհաժողովին, ուղղակի միշտ ձգձգում էի զբաղվածության պատճառով։ Սակայն այլևս ճիշտ չի լինի չհրապարակայնացնել այն, ինչը տեսանելի չէ հանրային մակարդակով, և հնարավոր է չհիմնավորված ենթադրությունների տեղիք տալ։
Վերջին 3֊4 ամիսների ընթացքում Աշխարհաժողով նախաձեռնության հրապարակային կոչերի, որոշումների, ելույթների ու գրառումների պակասը ամենևին չի նշանակում, որ Աշխարհաժողովը թուլացրել է իր ակտիվությունը։ Այն ուղղակի տեղափոխվել է խորքային պայքարի և իրապես ազգային պետության հիմքերի կառուցման հարթակ։
Շնորհակալություն Ազգային արժեք ակումբից Արմեն Ներսիսյանին, որ օրեր առաջ հանդես եկավ պարզաբանմամբ։ ես ուղղակի կլրացնեմ այն մի փոքր  մանրամասնություններով ու կներկայացնեմ վերջին 7֊8 ամսվա զարգացումները ժամանակագրական  ու տրամաբանական ավելի պարզեցված կապերով։

Նախ հիշեցնեմ, որ 2021-ի հունիսի 17-ին Աշխարհաժողով նախաձեռնությունը հանդես եկավ ծրագրային հրապարակմամբ։ Նրանում Աշխարհաժողովը կանխատեսեց արտահերթ ընտրություններր կոչվող բեմականացմանը հաջորդող աղետալի  ֆիասկոն՝ հանրային գիտակցության էլ ավելի մասշտաբային կազմաքանդումը, հասարակության ծայրահեղ պառակտումը, ներքին ատելության թեժացում և  ազգային առանց այն էլ ցածր դիմադրողականության փոշիացումը։ Այդ դաժան ու աննախադեպ իրողություններից ելնելով Աշխարհաժողովը  կոչ էր անում անցում կատարել արմատապես նոր ռազմավարություն ու մարտավարություն որդեգրելով քաղաքական պայքարի նոր փիլիսոփայություն և ձևաչափ՝ արդիական տեխնոլոգիաների ու ճկուն հնարքների կիրառմամբ։

Այդ ծրագրային թեզերի գլխավոր ուղերձն այն էր, որ պայքարի գլխավոր ֆոկուսը պետք էր տեղափոխել ընդհատակ։ Եւ միայն 2 պայմանների ապահովման դեպքում հրապարակային պայքարը կարող էր արդարացված լինել։

1․ հանրային գիտակցության արմատական վերագործարկում

2․ տեղական ինքնակազմակերպում մարզերում

Փորձելով օգտագործել հրապարակային պայքարի նվազ հնարավորությունները «Հունիսի 20» համազգային խայտառակությունից անմիջապես հետո Աշխարհաժողովն ամեն ինչ արեց հանրային գիտակցության վերագործարկման նպատակով, որպեսզի այնտեղից արմատախիլ արվեր ներկա իշխանության հենարան հանդիսացող արհեստածին ու զուտ օբյեկտային կաղապարները։ Ինչպես հայտնի է, ցանկացած իշխանություն պահվում է նախ և առաջ հանրային գիտակցությամբ և կարևոր չէ, թե հանրային գիտակցության այդ կետերը հակադարձում  են դրական, թե բացասական էներգիայով։
Այս պայքարի ակտիվ փուլը սկսվեց 2021 թվականից օգոստոսի 11֊ին, երբ Աշխարհաժողովը բոլոր հնարավոր խողովակներով սկսեց տարածել պարզ բովանդակությամբ, կուռ տրամաբանությամբ պլակատներ և կարգախոսներ վճռական ընտրություն կատարելու «թե, թե» ձևաչափով։ Ցավոք, մեր հանրությունը չարձագանքեց դրանց, իսկ իրական ազգային դաշտի մեր գործընկերները չաջակցեցին, ինչպես  հարկն էր։ Ակնհայտ է, որ քաղաքականապես անբավարար ձևավորված մեր հանրությունն դեռևս անկարող է դիմակայել այն սուր և աննախադեպ մարտահրավերներին, որոնք մեծապես արդյունք են նորագույն ագրեսիվ ու զանգվածային քաղտեխնոլոգիաների կիրառման։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ՀՀ տարիներ շարունակ հանդիսանում է դրանց կիրառման կատաղի փորձադաշտ։
Արձանագրելով այդ ցավալի իրողությունը 2021 թվականի սեպտեմբերին Աշխարհաժողով նախաձեռնությունն ապավինվեց հանրային պայքարը փրկելու վերջին շանսին։ Նրա հիմնադիր-անդամ «Ազգային Արժեք Ակումբ»-ն ազգային դաշտի իր դաշնակիցների հետ միասին հայտ ներկայացրեց մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Որքան էլ «Գյումրին կռնա՛» դաշինքի ընտրարշավը վառ ու տպավորիչ էր անգամ հանրապետության մասշտաբով, ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին, որ արտաքին կառավարման տակ գտնվող երկրում, ուր մեծ ռեսուրսներ են օգտագործվում պահեստային 5֊րդ շարասյուների գեներացման համար անգամ մայրաքաղաքից շատ հեռու վայրերում, հրապարակային պայքարը անհեռանկարային է։  Գյումրեցի ընտրողների մեծ մասը բոյկոտեցին ընտրությունները, իսկ մասնակցածները լինելով չափից դուրս կաշկադված և անվճռական կայացրեցին հարկադրված կամ իրավիճակային որոշումներ։
Մեր ներկա իրավիճակը, ինչքան էլ ցավալի է, համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի Ֆրանսիայի իրավիճակի հետ, երբ մինչև 1944 թվականը անհնար էր պատկերացնել Վիշիի կապիտուլյանտ ու կոլաբորացիոնիստական կառավարության դեմ պայքարը ֆրանսիական դիմադրությունը հրապարակային պայքարի ձևաչափով։
Սա է հիմնական պատճառը, որ  Աշխարհաժողովն արդեն 2021 թվականի նոյեմբերին որոշում կայացրեց դադարեցնել հրապարակային անօգուտ՝ հանրության կողմից համարժեք արձագանք չգտած և կոլաբորացիոնիստական իշխանությունների ու 5֊րդ շարասյուների կողմից թիրախավորված գործունեությունը և  կենտրոնանալ առավելապես հունիսյան թեզիսների իրականացման վրա։ Այլ խոսքերով ասած, երբ տախտակամածի վրա տիրում է  արհեստականորեն հրահրվող ու կառավարվող քաոս, անիմաստ է ժամանակ վատնել այնտեղ փորձելով փրկել նավը դրածո նավապետի պաշտոնաթողությամբ։ Իջնել է պետք ներքև հասկանալու համար, թե ինչ անհետաձգելի միջոցառումներ են պետք իրականացնելու նավը վերջնական կործանումից փրկելու և ՆՈՐ ՏԱՊԱՆ դարձնելու համար։  Գլխավոր հույսն էլ մտածող, կշռադատող մարդիկ են, ովքեր չեն տրվում մանիպուլյացիաների և ոչ թե չարենցյան լեզվով ասած՝ «ամբոխները խելագարված»։
Հիմա մենք կարող ենք հայտարարել, որ Աշխարհաժողովի առաջնահերթությունը խորքային Հայաստանն է։ Մենք փորձում ենք   նախագծել, ծրագրավորել, ճարտարապետել և անմիջապես  հիմնել այն կարևորագույն հանգույցները, որոնց վրա կառուցվելու է իրապես ազգային, կենսունակ պետություն։ Մեր ձևաչափը հանրային նախաձեռնողականությունն է, համագործակցության մոդելը՝ ներյրոցանցային, ուր յուրաքանչյուր նեյրոն, որը կիսում է աշխարհաժողովային գաղափարախոսությունը, արժեհամակարգը և մեթոդաբանությունը ինքնուրույն իրականացնում է իր ոլորտային ծրագիրը։
Շատ կարծրատիպային է այն կարծիքը, թե ազգային ուժերն առաջադիմական չեն և անտեսում են նորագույն տեխնոլոգիանական մոտեցումները։ Ներկա լրատվական շրջափակման պայմաններում շատերը կզարմանան, երբ իմանան, որ աշխարհաժողովային նախաձեռնություններն ամբողջ ծավալով օգտագործում են գերժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ իրենց բոլոր նախագծերում։  Ընդհանրապես աշխարհաժողովային պրագմատիզմը շատ սահուն ձևով կոռելացվում է մեր իրապես ազգային գաղափարաբանության և կենսափիլիսոփայության հետ։ Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Անհիշելի ժամանակներից մեր ազգը հայտնի է եղել որպես արարչագործ և քաղաքակրթություններ տարածող՝ կիսվող։ Այն ոչ մի ընդհանուր բան չունի եվրոպական կապիտալիզմի ծնունդ հանդիսացող արհեստածին, եսակենտրոն, հիվանդագին ու ագրեսիվ ազգայնականության հետ։ Ցավալին այն է, որ տեղական շատ  «առաջադեմ» գործիչներ և մտավորականներ, որոնց պաշտամունքի առարկան եվրոպական «լուսավորչությունն» է, փորձում են իրական ազգայինը ներկայացնել վերջին երկու դարերում ամրագրված այս անհեթեթ կարծրատիպերով։ Սակայն դա նրանց պրոբլեմն է, քանի որ այս ճանապարհով նրանք անխուսափելիորն գլորվում են դեպի պատմության լուսանցք։ 1998, 2008 և ի վերջո 2020 թվականի համակարգային ճգնաժամերը վկայում են, որ եվրոպանան «լուսավորչական» պատկերացումները, ծրագրային ու մեթոդաբանական ուղեցույցներն  մեկընդմիշտ մաշված և սպառված են։

 

Խորքային ձևաչափն ամենևին չի ենթադրում գաղտնիություն ու ծածկագրում, որոնք ընդհանրապես մեր բուն ազգային արժեհամակարգով,  մեղմ ասած, խրախուսելի չեն։ Մենք էլ աշխատում ենք մեր պապերի նման բաց ճակատով՝ չխուսափելով ոչ մի հարցադրումից ու պարզաբանման պահանջից, առավել  ևս մենք չունենք որևէ հակաօրինական կամ վտանգավոր մտադրություն։ Աշխարհաժողովում հավաքված են առավելապես գիտակից ու պատասխանատու անհատներ, ովքեր մերժում են ամեն տեսակ ծայրահեղություն և արկածախնդրություն։ Ուղղակի նման ճգնաժամային ու ճակատագրական փուլերում ապակառուցողական է տարվել խոսակցություններով ու քննարկումներով։ Նրանք, ովքեր հետաքրքրվում են աշխարհաժողովային նախագծերով և նրանց իրականացման ընթացքով, միշտ էլ հնարավորություն ունեն ստանալ ողջ ծավալով տեղեկություններ։ Մեր բոլոր նախագծերն ունեն հանրային տեղեկացման ձևաչափեր, այդ թվում նաև սոցցանցերում։

Նախ Աշխարհաժողովի հայեցակարգերի մասին, որոնք վերաբերում են ապագա Ազգապետության կառավարման, տնտեսական, մշակութացման, տեխնոլոգիական և անվտանգության հիմքերին։ Ինչպես հատնի է ժամանակակից բուն ազգային գաղափարախոսությունը խմորվել և ձևավորվել է վերջին 10֊15 տարիների ընթացքում։ Այն ձևակերպված է որպես «Հայքի արաչագործության և քաղաքակրթական առաքելության» գաղափարաբանություն։ Այս պահին մենք  ակտիվորեն ամբողջացնում է մեր ազգային կենսահայեցակարգը, դետալացնում ենք նրա բոլոր առանցքային հանգույցները և փաթեթավորում ժամանակակից ու մատչելի ձևաչափով։ Նրանք, ովքեր դիտում են «Արարչական» հաղորդման շարքը, արդեն նկատած կլինեն, որ շատ մեծ զգուշությամբ ու պատասխանատվությամբ ձևավորվում են են մեր մետաքաղաքակրթական, մետամշակութային, մետաքաղաքական կոդերը, որոնք ամբողջացնելու են մեր քաղաքակրթական կենսընթացի հարյուրամյա, հազարամյա մեգանախագիծը և դրա իրականացման մեխանիզմները։ Նախագծվում է ապագան և այն ներբեռնվում ՝ ներկա։ Շատ շուտով բոլորը կհասկանան այս աշխատանքների կարևորությունը, երբ համաշխարհային ճգնաժամը և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը կպարտադրի վերանայել բոլոր գործող ծրագրերն ու սցենարները։

Ձևավորման փուլում են գտնվում ապագա ազգապետության խորքային ինստիտուտները՝ իրավական, տնտեսական և մշակութացման ոլորտներում։

 Աշխարհաժողովը, որն անչափ մեծ ուշադրություն է դարձնում գլոբալ համակարգային ճգնաժամին, չէր կարող անտարբեր մնալ «հետկապիտալիզմ» կոչվող հասարակարգի ընտրությանը։ Առանց չափազանցության Աշխարհաժողովը միակ կառույցն է Հայաստանում, որը հետևողականորեն մշակում և զարգացնում է նոր կացութաձևի անցման համապարփակ ծրագիր։ Այն հիմնված է Ներդրումային շրջանառու հիմնադրամի ծրագրային հիմքի վրա, որն այս պահին հաջողությամբ ներդրվում է մոտ երկու տասնյակ բնակավայրերում։ Այն իր արմատներով գալիս է հնագույն ու հին ժամանակներից, երբ մեր նախնիները կառուցում էին հուսալիորեն պաշտպանված ու ծաղկուն բդեշխություններ։ Այսօր այդ կացութաձևային մեխանիզմները վերածնվում և արդիականացվում են։ Ալյասկայի, Հյուսիսային Եվրոպայի երկրներում այդ համակարգի հաջող կիրառումն էլ ապացուցում է, որ այն չունի այլընտրանք։ Այս օրերին Գյումրիի քաղաքապետարանը նույնպես պատրաստակամ է քննարկել հիմնադրամի ներդրման ծրագիրը։

Մենք փորձում ենք նաև մշակել ազգային համատիրության և հանգանականության մոդել, որն Արևմուտքում անվանում են «քրաուդֆանդինգ» (CrowdFunding)։ Այն թույլ կտա իրականացնել ռազմավարական հզոր ծրագրեր մոտավորապես այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ձևավորվեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուները։ 2021 թվականի մայիսից  բանակցություններ են տարվում գերմանական թունելափոր մեքենաներ արտադրող ընկերության հետ, որպեսզի այդ հզորագույն մեքենաները ներկրվեն Հայաստան հաղորդակցական և անվտանգային ենթակառուցվածքների արագ կառուցման նպատակով։

Ազգային արագացման նախաձեռնությունը, որ ստեղծվել է գլխավորապես Հայաստանի տեխնոլոգիական վերազինման նպատակով,  Աշխարհաժողովի արդիականացման գլխավոր լոկոմոտիվն է անշուշտ։ Այսօրվա նրա բոլոր նախագծերը վառ ապացույց են, որ իրապես ազգային դաշտի վերաբերյալ պահպանողական կարծրատիպը տհաս ու հիվանդագին երևակայության արդյունք է։ Կա արդյո՞ք Հայաստանում մեկ այս գիտատեխնիկական կառույց, որը նման ծավալներով օգտագործում է գերժամանակակակից նեյրոցանցային, բնական հաղորդակցական ու բանական տեխնոլոգիաներ, ինչպես Ազգային արագացումը։
Զարմանահրաշ մետաֆիզիկայի օգնությամբ վերջինիս կողմից մշակված ծրագրային ապահովումը  դառնալու է համակարգաստեղ ոչ միայն նոր տնտեսության, այլև կյանքի բոլոր բնագավառների համար։ Համընդհանուր մեքենայացման և ռոբոտաշինության համար բնական՝ մարդկային ձայնով հաղորդակցությունն և սեփական լեզվամտածողությամբ բանականությունը շատ կարևոր նշանակություն ունեն։ Մենք չենք կարող բազմապատկել մեր մարդկային ռեսուրսներն այս ճակատագրական՝ տեկտոնիկ տեղաշարժերի ու ցնցումների  ժամանակաշրջնում, սակայն կարող ենք անսահմանափակորեն  ստեղծել ու կիրառել մեխանիկական ու էլեկտրոնային «բանական» օգնականներ։ Եթե այդ բանականության համար հիմք ենք վերցնում մեր լեզուն և մտածողությունը, մենք առանձնահատուկ խնդիր չենք ունենա նման օգնականների ադապտացիայի համար։ Եւ ի վերջո մետաֆիզիկան, որի օգնությամբ արարվում են այս լուծումները դա զուտ տեղական՝ մեր տարածաշրջանից դուրս եկած  գիտություն է, որով ակտիվորեն զբաղվել են մեր իմաստուն նախնիները մինչև այսպես կոչված «Եվրոպական լուսավորչության դարաշրջան»։
Այս պահին Ազգային արագացումը աշխատում է 3 կարևոր ուղղություններով ։ Հայերենի ձայնի սինթեզը, խոսքի ճանաչումը և մեքենայական թարգմանությունը ծառայելու են «Մեծ Հայք» համահայկական ցանցի կառուցմանը, իսկ ադրբեջաներենի ու թուրքերենի թվայնացումն՝ անվտանգային սուր խնդիրների լուծմանը։ Բացի այդ թվայնացվում են նաև այլ լեզուներ շատ հեռահար նպատակներով։ Դրա մասին մեկ այլ առիթով, քանի որ թեման շատ ծավալուն է։ Ընդամենն ասենք, որ դա արտաքին շուկաներ մտնելու և դաշնակցային հարաբերություններ հաստատելու գործուն եղանակ է, ինչպես նաև աշխարհում պահանջված թվայնացման մասնագետներ պատրաստելու  հիանալի հնարավորություն։  Նախաձեռնությունն ակտիվորեն համագործակցում է Արցախի և ՀՀ կրթական մի շարք  հաստատությունների հետ տրամադրելով մեթոդաբանական ապահովություն։

Արդեն պատրսատ է «Ազգային կառավարիչների դպրոց և ակադեմիա» երկմակարդակ ոչ ֆումալ կրական ծրագրի ամբողջական փաթեթը, որն իր բովանդակությամբ և նպատակայնությամբ աննախադեպ է համահայկական իրականության մեջ։ Այն՝ ոգենորոգչական շարժման ձևավորման նպատադրմամբ, իրականացվելու է ամռանը։

Աշխարհաժողովային կառավարման մոդելը, որ հանդիսանում է առանցք կառույցի համար, չի դրվել մի կողմ ներքին դաշտում քաղաքական ընթացիկ գործընթացների վրա ազդելու վեր նշված անհաջողություններից հետո։ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում այդ մոդելը կիրառելու Սփյուռքի քաղաքական կազմակերպման նպատակով։ Այս պահին Սփյուռքահայ մեր գործընկերները հարգարժան վարչապետ Արամ Մկրտչյանի գլխավորությամբ ձևավորում են ընտրական հանձնաժողով, որը անցկացնելու է առաջիկա ընտրություններն աշխարհաժողովային մոդելով։

Գրեթե ձևակերպված է մեր քաղաքակրթական հայտը՝ Նոր աշխարահակարգի մեր տեսլականը և առաքելությունը։ Մտադրություն կա այս աշնանը Գյումրիում քաղաքակրթական ֆորում հրավիրել՝ այլ քաղաքակրթությունների հետ կոդերի ներդաշնակման հրամայականով։

Համոզված եղեք, որ Աշխարհաժողովն իր գործն անելու է հակաճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, ինքնուրույն ու ինքնաբավ եղանակով, ՝ անկախ այն հանգամանքից, թե կստանա զանգվածային աջակցություն, թե ոչ հասարակության այս ապակենտրոն միտումների ու ցնցումնալի փորձությունների պայմաններում։
Նոր տապանը կառուցվելու է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *