Տեղերում աշխարհաժողովային մարմինների ձևավորումը անհետաձգելի խնդիր է
Ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիրն այլևս չի գործում:
Անցած 30 տարիներին Անկախության հռչակագրի առանցքային կետերը այդպես էլ կյանքի չկոչվեցին պատճառ դառնալով պետականաշինության լուրջ խեղաթյուրումների։ Դրսից պատճենված սահմանադրությամբ և պետական կառավարման մոդելներով, որոնք իշխող ուժերի կամայականությամբ անվերջ հարմարեցվում էին օրվա պահանջներին, պետակաշինությունը մեկընդմիշտ շեղվեց նպատակային ուղենիշներից։ Բազմաթիվ արհեստականորեն բարդացված ու հակասական շերտերից բաղկացած ավգյան այդ ախոռը որևէ եզր չունի այն ազգային երազանքի հետ, որին ձգտում էին Անկախության հանրաքվեի 99,51% քվեարկողները 1991 թվականին։ Ավելին, անգամ Մոսկվայի ենթակայության տակ գնվող Խորհրդային Հայաստանում հնարավոր չէր պատկերացնել ազգային ազատագրական պայքարի այնպիսի ակնհայտ օրակարգը, ինչպիսին վերջին իշխանությունները պարտադրեցին հասարակությանը պատերազմի նախօրեին հայոց լեզվի, գրականության, պատմության, եկեղեցու ու անգամ սեփական երկրում լիակատար տեր լինելու դրույթի դեմ իրենց ագրեսիվ ու սանձարձակ հարձակումներով։
«Երրորդ Հանրապետություն» կոչված անդեմ ու բովանդազուրկ կազմավորումը անկարող գտնվեց իրականացնել գեթմեկ ռազմավարական ծրագիր երեք տասնամյակների ընթացքում։
Ուստի անսպասելի ոչինչ չկար, երբ ազգային արմատներից զրկված, ներքին դինամիկան ու տարրական ճկունությունը կորցրած, սեփական ծանրությունից ու ժամանակավոր բազմաթիվհենակներից անշարժացած համակարգը սարսափելի ճաքեր տվեց առաջին իսկ լուրջ՝ ռազմաքաղաքական բնույթի փորձության ժամանակ։
Պատերազմի մինչև վերջին օրը մեր հինավուրց երկրի ամբողջ ազգաբնակչությունը մանիպուլյացվեց ստոր խաբեության էժանագին մեթոդներով և դա այն դեպքում, որ այս հողում հազարամյակներ ի վեր ճշմարտախոսության առանցքով ներհասարակական վստահությունն ու արդարությունը եղել են ազգային կեցության գլխավոր հենասյուններ։
Եթե տեսականորեն, ինչ֊որ ձև կարելի էր բացատրել պատերազմական ղեկավարման բացահայտ թերությունները, գործող բանակի և ռեզերվային պահեստազորի պարագայում կամավորական ջոկատների հախուռն կազմակերպումը,զինուժի մատակարման ձախողումները, հրամանատարական շտաբ֊կայաններում քաղաքացիական անձանց խայտառակ ինքնագործունեությունը և անգամ երկրում գործակալական ցանցերի աննախադեպ ակտիվությունը իշխող խմբակի խայտառակ անձեռնհասությամբ և տգիտությամբ, ապա պետական մարմինների սուտը և նրանով իրականացված ստոր մանիպուպուլյացիան երբեք և ոչ մի պարագայում չեմ կարող բացատրվել և արդարացվել։ Անհնար է դյուզն անգամ կոծկել այն մեծ վիրավորանքը և հիասթափությունը, որոնք ալեկոծվել և չեն հանդարտվում մեր երկրում ամենաբարձր մակարդակում գիտակցորեն արված ստոր խաբեության հետևանքով։
Անարդարությամբ պայմանավորված խորքային այդ զգացումներն իրապես անհաղթահարելի են դարձնում առավելագույն մասշտաբների մարդկային ու տարածքային կորուստների խոր ցավը։
Այսօր զերոյացված են պետության անվտանգային բոլոր երաշխիքները։ Հայաստանի սահմաններում տեր ու տնօրինություն են անում թշնամու զինուժը։ Կապիտուլիացիայի ակտով դամկոլյան սուրը կախվել է երկրի հարավային դարպասի՝ Մեղրու վրա։ Թշնամական ճամբարը կրկին անցկացնում լայնածավալ զորավարժություններ ակնարկելով, որ նույն ճանապարհով սկսվել է 44֊օրյա պատերազմը։ Միջազգային հանրությունը շարունակում է անտեսել ՀՀ և անթաքույց արհամարհանք է դրսևորում նրա անճար ու ողորմելի իշխանություններիվրա։ Հայաստանի բնական դաշնակիցները չեն ցանկանում հումանիտար օգնության օրակարգից դուրս բան քննարկեն հայկական պատվիրակների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ։
Բանակը կայազորված է և ինքնամեկուսացված երկրում տեղի ունեցող ամեն տեսակ գործընթացներից։ Նրա բարձր հրամանատարական կազմն աննախադեպ «զսպվածություն» ցուցաբերեց քաղաքական մանիպուլիացիաների հանդեպ։ Այն աստիճանի, որ համաշխարհային նորագույն պատմություն կմտնի որպես բացառություն, որը երկրի ռամաքաղաքական կոլապսի օրերին չմիջամտեց և չփորձեց փրկել պետության և ազգային արժանապատվության մնացորդները։
Փոշիացված են այն բոլոր ռեսուրսները, որոնք կոպեկ առ կոպեկ հավաքվել էին հարկատուներից պետականաշինության նպատակով։ Ավելին իշխանությունների անարդյունավետ կառավարման հետևանքով երկրի պարտքը մոտենում է 10 միլիարդ (ներկա պարտքին գումարած պետական նոր պարտատոմսերև 1 միլիարդ ռազմական վարկը) դոլար սահմանագծին։
Ճգնաժամի ներհասարակական ակունքները
Սակայն ստեղծված իրավիճակի վերլուծությունը ամբողջապես թերի կլինի առանց ներհասարակական խորքային գործընթացների լուսաբանման։ 2018 թվականին հրապարակ բարձրացավ «հպարտ» քաղաքացին ավանդական բոլոր համայնքային անգամ ընտանեական պարտականություններից կտրված, ազատ ատոմի վերածված, անսահմանափակորեն նյութապաշտական, սպառողական ու հեշտասիրական մոլուցքներին տրված և կոմֆորմիզմն էլ կյանքի ոճ ու փիլիսոփայություն դարձրած տեղական աշխարհամարդուկը։ Բնականաբար նախորդ դարի բոլշևիզմի օրինակով գլխավոր հեղափոխական կերպար «հրացանավոր մարդը»՝ ժամանակակից տերմիներով «սմարթֆոնով լյումպենը» մեկ օրում չէ, որ ձևավորվեց։ Նրա առաջին նախատիպը նախորդ դարի վայրենի կապիտալիզմի շինհրապարակները՝ շուկաները ու տոնավաճառները դուրս եկած անթրաշ տղամարդիկ էին և նույնչափ «հրապուրիչ» տեսքով կանայք իրենց անփոխարինելի թուրքական սռնապաններով։ Ետխորհրդային միջին քաղաքացու շփոթվածության ու անճարության ֆոնի վրա այս զանգվածի ոգևորությունն իրապես ապշեցուցիչ էր։ Դա մի աներևակայելի շանս էր բոլոր նրանց համար, ովքեր խորհրդային տարիներին ինչ֊ինչ պատճառներով անբավարար կրթություն էին ստացել և դրանով իսկ չէին հավակնել այն ժամանակվա հասարակական հիեարխիայում մեծ դիրքեր գրավել։Եւ ահա 90֊ականների վայրի կապիտալիզմը երկնքից տրված հնարավորություն էր գլխիվայր շրջելու այդ հիեարխիան։ Անշուշտ փող վաստակելն առաջնային շարժառիթ էր այդ զանգվածի համար, սակայն առավել ոգևորիչ էր ապացուցել նախորդ համակարգի հեղինակություններին և մասնավորապես սեփական շրջապատի մարդկանց, թե ով է իսկական տերը նոր ժամանակներում։
Երբ 1997 թ․-ին Բաց հասարակության հիմնադրամները սկսեցինիրենց գործունեությունը Հայաստանում, ետխորհրդային մտավորական խավը դիտարկեց այն որպես փրկություն և այդքան սպասված ռևանշի հնարավորություն շուկաներից և տոնավաճառներից դուրս եկած վայրի կապիտալիստների նկատմամբ։
Իրապես հաստատվեց մարքս֊լենինյան այն հիմնադրույթը, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Այսպես ձևավորվեց հպարտ քաղաքացու երկրորդ նախատիպը, որը սակայն ի տարբերություն առաջինի իր գործունեությունը իրականացնում էր վիրտուալ դաշտում, պայմանական ասած, մտավոր ընդունակությունների հաշվին։ Նա չէր կարող չլինել երախտապարտ արևմտյան բարերարներին, որոնց տրամադրած դրամական միջոցներով հին ու նոր մտավորականները պահում էին իր տունը և ամրապնդում հանրային դիրքն ու հեղինակությունը։ 90֊ականների վատ ու սթրեսային հիշողությունները հետևողականորեն ամրապնդում էին այն համոզմունքը, որ Հայաստանին անհրաժեշտ են արևմտյան մոդելներով արմատական բարեփոխումներով, թեկուզ միայն նրա համար որ իրենց նման «պայծառ գլուխները» միշտ կուշտ ու ապահով լինեն։Հետևաբար այդ «վեհ» նպատակի ճանապարհին կարելի է և անգամ անհրաժեշտ է արմատախիլ անել ամեն մի «արխայիկ» խոչընդոտ։
Կարևոր է նշել, որ հանրային վարքագծի և մտածողության այս երկու դեֆորմացիաները շատ ավելի ցայտուն էին այն մեծ արտագաղթի ֆոնի վրա, որը պայմանավորված էրհանրային առավել արժանապատիվ ու պրագմատիկ շերտերի նախընտրությամբ՝ դրսևորվելուիրական տնտեսական և հավասար մրցակցային պայմաններում։
Ծմակուտային նեոլիբերալիզմի հաղթարշավը
Հպարտ քաղաքացու շռնդալից ընթացքը Հայաստանում ուղեկցվեց Ստամբուլի, Լանզարոտեի և այլ «առաջադիմական» կոնվենցիաներ հաստատմամբ։ 2020 թվականի օգոստոսին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը էլ ավելի հեռու գնաց առաջարկելով ներարկել «զառամյալ» մարմնին թարմ արյուն այլազգիների ներգաղթի տեսքով։ Ընդհանրապես 2020 թվականի օգոստոսը հպարտ քաղաքացիության ինստիտուտի էյֆորիկ շրջանն էր, երբ բոլոր ճակատներով սանձարձակ հարձակումներ գործվեց ազգային անխտիր բոլոր արժեքների (հայոց լեզու և գրականություն, պատմություն, Հայ Առաքելական հավատք, հայրենասիրություն, ավանդույթներ) և նրանց պաշտպանող կառույցների դեմ։
Իսկ թե ի՞նչով պետք է փոխարինվեին հոգևոր բոլոր այդ արժեքները և նյութական կռապաշտության ինչպիսի՞ առարկաներպետք է իշխեին հաղթած նեոլիբերալիզմի երկրում, շատ պարզ ձևակերպեց պոպուլիստական առաջնորդն առաջին զանգի արարողության ժամանակ, երբ նա ներկայացրեց G կարգի Mersedes֊ը՝ «Յաշիկը» որպես հպարտ քաղաքացու նվիրական բաղձանք։Պատկերացնել է պետք, թե ի՞նչ արձագանք կտային հայոց մեծերը Մովսես Խորենացուց սկսած մինչ Հրանտ Մաթևոսյանը ազգային կրթօջախում հնչած այս սրբապիղծ կռապաշտությանը։
Գնահատական և ելք
Այսպիսի պայմաններումայլևս անհնար է վավեր համարել լուսավորչության շրջանի մտածողներ ձևակերպմամբ «հասարակական պայմանագիրը»: Ուշ շրջանի եվրոպական այդ նախագիծը մեր երկրում ծնեց միայն «բաբելոնաշինարար» ԼՏՊ, ֆեոդալական գործելաոճի ֆանատ Քոչարյան, քաղաքական կամքը շախմատային զինվորի «խորատեսությամբ» փոխարինած Սարգսյան և ծմակուտային նեոլիբերալ ու պոպուլիստ Փաշինյան։
Ահռելի ճաքեր տված ու փլուզվող համակարգը ենթակա չէ վերականգման։ Անիմաստ են նաև նրա արդիականացման խոսակցություններն այսպես կոչված «Մեծ վերագործարկման» (Great Reset) ճանապարհով։ Այն մեկ է ընդունելու աղճատված ու գռեհիկ տեսք անորակ և էժան պլաստմասսայի նման այս հոգևոր, տիեզերական խորհուրդներով լի հինավուրց հողի վրա։
Եկել է կործանարար մոլորություններից հրաժարվելու և սեփական ակունքներին վերադառնալու ժամանակը։ Մեր արարչագործ նախնիների երկրում, ովքեր կերտել են փառավոր քաղաքակրթություններ և կիսվել են դրանցով աշխարհի մյուս ժողովուրդների հետ, տեղ չպետք է ունենան չտեսությունը և կեղծ ու խաբուսիկ արժեքների զմայլանքը։
Առաջադիմելու և զարգանալու տենչը մեր ազգային նկարագրի հիմնական հատկանիշներից է, սակայն այն երբեք չպետք է լինի ինքնանպատակ, հոգևոր բաղադրիչից զուրկ առավել ևս միտված նյութապաշտությանը։
Հոգևորի առաջնորդությունը, տիեզերքի և բնության հետներդաշնակ զարգացումը, համայնքային պատասխանատվությունը և արդարության հետևողական ձգտումը այն հիմնասյուներն են, որոնց վրա խարխսվելու է իրապես ազգային պետությունը մեր նախնիների օրինակով։
Միայն այս ճանապարհով 21֊րդ դարի հայը կարող է ոչ միայն կրկնել իր նախնիների փառքը, այլև իրականացնել համաշխարհային չափազանց կարևոր ու անհետաձգելի առաքելություն․ցույց տալ, թե որն է իրական ելքը նյութապաշտության, անհագ սպառողականության և բնաշխարհի անխնա ոչնչացման այս փակուղուց։
Աշխարհաժողովը որպես ինքնակազմակերպման, արդյունավետ ժողովրդավարության, իշխանության ներքևից վերևպարտադրման լավագույն գործիք
Պետական ու հանրային կառավարման արմատական բարեփոխման կարևորագույն գործիքը Աշխարհաժողովի ինստիտուտն է՝ ինքնակազմակերպման ու ժողովրդավարության այն հնագույն ձևը, որը հաջողությամբ կիրառվել է ինչպես արտակարգ իրավիճակներում, այնպես էլ խաղաղ ժամանակներում։
Հին հունական դեմոկրատիայից այն էականորեն տարբերվում է նրանով, որ ընտրելու և ընտվելու իրավունքը շնորհվում է պատասխանատվություն֊վաստակ շղթայով սկսած համայնքային ամենացածր օղակներից։ Անգամ ընտանիքում այս սկզբունքը հուսալիորեն գործել է ձևավորելով հիեարխիկ, սակայն ճկուն կառուցվածք, որտեղ յուրաքանչյուր ոք գործել է հստակ կանոնակարգված դերակատարմամբ, բայց միաժամանակ պատրաստ ստանձնելու էլ ավելի բարձր պարտականություն անհրաժեշտության դեպքում, ինչպես հասարակ զինվորներն են վերցնում հրամանատարությունը մարտադաշտում, երբ հարվածի տակ է ընկնում հրամանատարը։ Ավելի բարձր օղակներում այս համակարգը սաղմնավորել է սոցիալական արդարության, արդյունավետ արդարադատության և դասակարգային համերաշխության ամուր ու կենսունակ համակարգ։Հենց այս պատճառով պետք է բացատրել պատմական այն ֆենոմենը, որ ստրկությունը և դասական ֆեոդալիզմը շրջանցել են Հայաստանը իրենց դարաշրջաններում։
Քաղաքացու փոխարեն ընտանիքի ընտրյալի առավելությունը կայանում է նրանում, որ վերջինս կրում է լրջագույն պատասխանատվություն ընտանիքի և համայնքի մյուս անդամների առաջ, երբ կայացնում է տեղական կամ պետական կառավարման տեսանկյունից կարևոր որոշումներ։ Հետադարձ կապը կամ անմիջական պատասխանատվությունը սեփական որոշումների նկատմամբ արժեքավորում աշխարհաժողովային համակարգը։ Հենց այս կարևոր վերահսկողական մեխանիզմի բացակայությունն է, որ թույլ է տվել իշխանության բերել այնպիսի տիրաններ, ինչպիսիք էին Հիտլերը և Մուսոլինին նախորդ դարում և պոպուլիստ խեղկատակներ Ջոնսոնի, Զելենսկու, Փաշինյանի նման։
Պատասխանատու վերահսկողությունն Աշխարհաժողովի այն կարևոր գրավականն է, որը կանխարգելում է ընտրություններից հետո իշխանության ուզուրպացիայի կամ ժողովրդից պատնեշավորվելու բոլոր հնարավորությունները։ Բարեբախտաբար ժամանակակից տեխնոլոգիաները հիանալի հնարավորություններ են ընձեռնում այդ վերահսկողությունը կազմակերպելու և պարբերաբար կիրառելու համար։
Ժամանակակից Աշխարհաժողովը ենթադրում է երկպալատանի համակարգ տարածքային և ոլորտային բաժանմամբ։
Եթե տարածքային ընտրական մարմինների առաջնային օղակը համայնքային խորհուրդն է ընտրված ընտանիքների կողմից լիազորված անձանցկողմից, ապա ոլորտային ընտրական մարմինների բջիջը կոլեկտիվներում ձևավորված խորհուրդն է, որն առաջադրում է թեկնածու(ներ) ավելի բարձր մակարդակի խորհուրդներում գործունեության համար։
Այս ինքնակազմակերպման և ընտրական համապարփակ համակարգըլավագույն կերպով ձևավորում է ժողովրդի իշխանությունը և, որ անչափ կարևոր է, լեգիտիմացնում այն անգամ այսօրվա գործող ժողովրդավարության միջազգային ինստիտուտների չափանիշներով։
Անհնար է չտեսնել 88 թվականից «Ղարաբաղ» կոմիտեների նմանությունը նկարագրված համակարգի հետ։ Հենց այդ կոմիտեները ապահովեցին համազգային մոբիլիզացիան Արցախի պաշտպանության, գաղթականների օգնության և երկրաշարժի հետևանքների վերացման նպատակներով, երբ պաշտոնական իշխանությունը կաթվածահար վիճակում էր ԽՍՀՄ֊ի մայրամուտի շրջանում։ Ցավոք այս այդ կոմիտեները երկար կյանք ունեցան, քանի որ իշխանությունն ուզուրպացվեց ԼՏՊ֊ի և նրա փոքր թիմի կողմից, սակայն դա արդեն այլ պատմություն է։
Աշխարհաժողովի մոդելով իշխանությանձևավորումն այլընտրանք չունի։
Որևէ նպատակահարմարություն չկա, որ հանրային նախաձեռնողական խմբերը և կազմակերպությունները պայքարեն կաթվածահար եղած համակարգի դեմ։ Ամեն ինչ իր վերջնակետին կգնա ինքնաբերաբար, ինչպես առանց բռնության փակվեց խորհրդային իշխանության էջը Հայաստանում։
Իշխանությունն առաջնահերթ ապրում և հարատևում է հանրային գիտակցության մեջ։ Ոչ մի կամայականություն կամ ոստիկանական մահակ ի վիճակի չէ երկարաձգել այն, եթե հանրային գիտակցությունում իշխող ուժը կորցրել է վստահությունը։
Հետևաբար ազգային բոլոր նախաձեռնողական խմբերը և կազմակերպությունները պետք է ձևավորեն խորհուրդներ տեղերում հանրային ֆոկուսը տեղափոխելով նոր իրողությունների վրա։ Մնացածը, ինչպես նշվեց, տեղի կունենա ինքնաբերաբար։
Աշխարհաժողովի ինստիտուտների ձևավորման գործընթացը բնականաբար չի կարող ձերբազատված լինի ներկա պահին այնպիսի գերկարևոր խնդրից, ինչպիսին անվտանգությունն է։ Մեր պատմաբանները կարող են վկայել, որ Աշխարհաժողովը և Աշխարհազորի կազմավորումը հարակից գործընթացներ են եղել մշտապես։ Նույն սկզբունքներով տեղերում կազմավորվել են պաշտպանական խմբեր։ Իհարկե, տեխնոլոգիական այս դարում, երբ պատերազմները վարվում են 5֊րդ սերնդի գործիքներով, միամիտ կարող է թվալ Աշխարհազորային խմբեր ձևավորելու կոչերը, բայց եկեք չթերագնահատենք մեր տեղական տեխնոլոգիական այն խմբերի գործունեությունը, որոնք նախատեսել, որ իրենց մշակած գործիքները կարող են օգտագործվել նաև այս ձևաչափով։ Մնացած մանրամասնություններն ի հայտ կգան ռազմական ներկա սպառնալիքների հնարավոր առարկայացման պայմաններում։
Պատմական վերաթարմացված մոդելների մասին խոսակցությունը լիարժեք չի լինի առանց նրանց տնտեսական հենքի։ Հայկական լեռնաշխարհում բնական կամ իրական տնտեսավարման հնագույն ձև ծագել է անհիշելի ժամանակներում։ Այն ենթադրում է համայնքային տնտեսավարման ձևաչափ շրջանառու ներդրումային միջոցների (հիմնադրամների)գործածմամբ։ Միգուցե զարմանալի կթվա, բայց մեր կողմից մոռացված այս համակարգը այսօր մեծ հաջողությամբ օգտագործվում է Ալյասկայում և Սկանդինավյան երկրներում։ Արդեն մի քանի տարի տնտեսագետ Հրայր Մելքոնյանը փորձում է արդիականացնել հայեցակարգը և այս օրերին կիրառել այն սահմանային շրջաններում։
Մեր նախնիների պատմական փորձն անգնահատելի ծառայություններ կարող է մատուցել իրապես ազգային պետության շինարարությունում։ Դեռ մեծ աշխատանք կա վեր հանելու պետական ու հանրային կառավարման մոդելները, տևական փորձով հաստատված խորհուրդները, գիտելիքները և դրանք արդիական փաթեթավորելու և գործի դնելու ժամանակակից տեխնոլոգիաներով։
Անգամ տերմինների ճիշտ օգտագործումը կարող է ամբողջապես փոխել հանրային պատկերացումները և խթանել մեր պետականաշինությունը ինչպես առաջարկում հայտնի գործարար և հանրային գործիչ Արտակ Չիբուխչյանը, երբ հրահանգում է «հարկ» բառի փոխարեն օգտագործել «տուրք» տերմինը, որը ենթադրում է պետության կողմից տրամադրված ծառայություններ վճարված գումարների դիմաց։ Նա նաև առաջարկում է վերականգնել համայնքային արդարադատության համակարգը, որը կարող է էապես կրճատել հանցագործությունների քանակը, առողջացնել ներհասարարական մթնոլորտը և դրանով իսկ ամրապնդել հանրային վստահությունը և համերաշխությունը։
Գոյություն ունի մեկ կարևոր նախապայման այս կարգի արմատական ու ծավալուն վերափոխումների համար։ Անհրաժեշտ է հոգևոր վերահսկողության հեղինակավոր ինստիտուտ, որպեսզի գործընթացի նախաձեռնողները և մասնակիցները զերծ լինեն հոգևոր ուղեցույցների ազատորեն մեկնման գայթակղությունից։
Այդ կարևորագույն առաքելությունն ի վիճակի է իրականացնել Հայ Առաքելական Եկեղեցին։
Հեղինակ՝ Աշխարհաժողովի համակարգող խորհրդի անդամ՝ Արտակ Հովսեփյան