Տեղեկատվական պատերազմում հաղթելու երաշխիքները․․․
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, լրագրողուհի Լուսինե Մխիթարյանի ջանքերով շարունակում է Աշխարահոժողովի հիմնադիր-անդամ Ազգային արագացման հանրային նախաձեռնության կարևոր գործունեության լուսաբանումը։ ARJEQ.am-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ, տեղադրելով նաև՝ Արտակ Հովսեփայանի ֆեյսբուքյան ուղղեկոցղ գրառումը։
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ռազմական գործողություններից բացի ընթանում էր նաեւ տեղեկատվական պատերազմ, երբ թիրախավորվում էր հայ մարդը. հայ հանրությունը ենթարկվում էր տեղեկատվական հարձակումների, ինչով փորձ էր արվում խուճապային տրամադրություններ ստեղծել թիկունքում։ Թուրք-ադրբեջանական սպառնալիքից պաշտպանվելու արդյունավետ տարբերակը թշնամական ծրագրերի, պլանների մասին տեղեկացվածության անհրաժեշտ մակարդակի ապահովումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունն է։ Այդ ամենին հնարավոր է հասնել օպերատիվ տեղեկատվության ստացման ճանապարհով, ինչը բավականաչափ մեծ մարդկային եւ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Ներկայումս մեր երկրի մասնագիտական ռեսուրսները բավարար չեն, որպեսզի օպերատիվ կերպով թարգմանվեն եւ ֆիլտրվեն այն ահռելի տեղեկատվական հոսքերը, որոնք շրջանառվում են Հայաստանն աքցանի մեջ առած ուժերի ճամբարում։ Այդ խնդիրը կարող է լուծվել միայն մեքենայական միջոցների մշակմամբ ու ակտիվ կիրառմամբ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ազգային արագացում» հանրային նախաձեռնության ղեկավար Արտակ Հովսեփյանը տեղեկացրեց, որ անվտանգային նպատակներով իրականացնում են ադրբեջաներենի եւ թուրքերենի թվայնացում։ Մշակել են ադրբեջաներեն խոսքի ճանաչման փորձնական ծրագիր, որի նշանակությունը հատկապես անվտանգային առումով դժվար է գերագնահատել։ Աշխատանքները սկսել են այս տարվա հունվարի 12-ից, կրկին արցախյան գործընկերների, ավելի կոնկրետ՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ, որի կովկասագիտության բաժինը տրամադրել է մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ նյութերի առաջին խմբաքանակը։ Արդյունքում, մոտ 45 օրվա ընթացքում կովկասագիտության բաժնի 26 ադրբեջանագետ ուսանողների ու դասախոսների կողմից ձեւավորվել եւ մշակվել, խմբագրվել է 83 տվյալների համադրված (ձայնագրություն + բնօրինակ տեքստ) հավաքածու (dataset)։ Առանձին միավորների ընդհանուր քանակը կազմում է 45868, ձայնագրությունների տեւողությունը կազմում է 59 ժամ 52 րոպե։ «Խոսքի ճանաչումն օգտագործվելու է տեղեկատվական հոսքերի կառավարման եւ ծավալապաշտ հարեւանների վտանգավոր ծրագրերի ու մտահղացումների իրազեկման, վերահսկողության, իսկ ձայնի սինթեզը՝ հակաքարոզչության նպատակներով»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ եթե երկու ամսվա ընթացքում ադրբեջաներենի եւ թուրքերենի խոսքի ճանաչման ծրագրերը կարողանան աշխատեցնել արդյունաբերական մակարդակով, ապա իրենց անհրաժեշտ են լինելու թարգմանություններ։ Ստրատեգիական առումով բոլոր այս լեզուների թվայնացումը եւ ազգային ցանցերի կառուցումը պետք է դառնան նոր քաղաքակրթական ծրագրի կարեւոր բաղադրիչը։ Հովսեփյանի խոսքով, մեր լուծումները կիսելով բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք տառապում են ագրեսիվ համահարթեցման հետեւանքով, դուրս կգանք քաղաքական փակուղուց եւ ձեռք կբերենք վստահելի դաշնակիցներ եւ գործընկերներ այդ թվում նաեւ տնտեսական ու մշակութային աշխարհի բոլոր անկյուններում։ «Հայը կրկին կկարողանա վերանվաճել քաղաքակրթության հաղորդակցիչի եւ արժեքներ կիսողի վեհ անունը։ Իսկ անպատժելիությունից արբեցած թշնամական ուժերն ընկրկելու են միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ հայկական կողմը տիրապետում է տեխնոլոգիական լուրջ գործիքների, որոնց գրավչությունը այն աստիճանի մեծ է տարածաշրջանի ավտոխտոն ժողովուրդների, համայնքների շրջանում, որ նրանք լրջորեն կմտածեն համախմբվել Հայաստանի շուրջ՝ համաթուրանական վտանգի դեմ միասնաբար պայքարելու նպատակով»,- ասաց նա։ Մեր տարածաշրջանի ժողովուրդները թուրքերենի ու ադրբեջաներենի միջոցով հնարավորություն կունենան հաղորդակցային կապ ստեղծել միմյանց հետ։ Օրինակ՝ Թուրքիայում ապրող ազգությամբ ոչ թուրք բնակիչը կկարողանա հաղորդակցվել Ադրբեջանի ավտոխտոն՝ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ, արդյունքում խոսելով իրենց լեզուներով, կկարողանան հասկանալ իրար։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է դա տալու հայերին, Հովսեփյանը պատասխանեց, որ դրա շնորհիվ այս տարածաշրջանի ավտոխտոն ժողովուրդները կհասկանան, որ իրենք ապագա ունեն Հայաստանի հետ, քանի որ մենք ենք տեխնոլոգիան առաջարկում եւ զարգացնում, այդ թվում՝ իրենց համար. «Առաջադիմությունն իրենց համար անմիջականորեն կասոցացվի Հայաստանի հետ։ Դա վերաբերում է նաեւ Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին, քրդերին եւ բոլոր նրանց, որոնք միշտ էլ ձգտում են ունեցել եւ պատրաստ են եղել հնարավորության դեպքում համախմբվելու Հայաստանի շուրջ, այդ թվում նաեւ քաղաքականապես։ Արդյունքում հայկական գործոնը կարող է լուրջ դերակատարություն ունենալ»։ Արեւելահայերենից, թուրքերենից եւ ադրբեջաներենից բացի իրականացվում է նաեւ արեւմտահայերենի թվայնացում։ Հովսեփյանի խոսքով, այսօր մեր կողքին են ապրում Սիրիայից, Իրաքից, Լիբանանից ու մյուս երկրներից տեղափոխված հազարավոր հայրենակիցներ, ովքեր շատ օգտակար աշխատանք կարող են կատարել արեւմտահայերենի թվայնացման համար։ «Հայաստանում եւ սփյուռքում մեր բարեկամների հետ համատեղ մեկնարկում ենք արեւմտահայերեն բանավոր խոսքի թվայնացման նախագիծն այն նույն գործիքներով եւ սկզբունքներով, որոնցով ժամանակին կատարվել են արեւելահայերենով ձայնագրությունները»,- նշեց նա։ Շուտով կլրանա 3 տարի, ինչ նախաձեռնությունը գործում է բացառապես հանրային սկզբունքով։ Զրուցակիցս պարզաբանեց, որ իրենք նախընտրում են անկախ լինել եւ աշխատանքներն իրականացնել բացառապես իրենց բուն նպատակից ելնելով։ Միեւնույն ժամանակ աշխատանքների կազմակերպման մոդելը գերարդիական է՝ հիմնված նեյրոցանցերի կառուցման փիլիսոփայության վրա։ Չնայած դրան, ազգային արագացումն աջակցության կարիք ունի եւ դա այս գործի հաջողությանը եւ առաքելությանը վստահ մարդկանց «բանակն» է։ Նախաձեռնության ղեկավարի հաշվարկներով, եթե առնվազն հինգ հարյուր մարդ միաժամանակ ներգրավվի այս աշխատանքներում իրենց թիմի հետ միասին, ապա կկարողանան մեկ ամսում աշխատանքների հիմնական մասն ավարտին հասցնել։ «Շատերն են ընդունում այս աշխատանքի կարեւորությունը, բայց գործուն քայլերի դիմելու համար բավարար կամք եւ հետեւողականություն չեն ցուցաբերում»,- ափսոսանք հայտնեց նա։
Արտակ Հովսեփյան ուղղեկցող գրառումը․