ԲԱՑ ՊԱՏԱՍԽԱՆ

Հրայր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է․․․
ԲԱՑ ՊԱՏԱՍԽԱՆ
. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության բաց նամակին
Բաց նամակի հարգելի հեղինակներ.
Ծանոթ լինելով Ձեր բազմաթիվ նախաձեռնություններին, մենք Ձեր բաց նամակը համարում ենք ներկա դժվարին պահին կորուստների շարունակական ընթացքը կասեցնելու, ներկա աղետաբեր ուղուց ազգն ու հայրենիքը փրկելու սրտացավ փորձ:
Սակայն եթե անտեսվեն այն խորքային պատճառները, որոնք պիտի ստեղծեին այս իրավիճակը, կիսատ-պռատ լուծումներով ընդամենը երկարաձգվելու է տառապանքի, լարվածության, կորուստների ժամանակը, ընդամենը դանդաղեցվելու է անխուսափելի գահավիժման ու անկման ընթացքը:
Այդ իսկ պատճառով, մենք առաջարկում ենք հստակ ձևակերպել այն չափանիշները, որոնք ոչ միայն ապահովելու են համախմբումը, այլև դառնալու են նպատակային ուղենիշեր և ապահովելու են հայության արարչական առաքելությունը, ՀԱՅ տեսակի պահպանումն ու զարգացումը:
Մեր խորին համոզմամբ, ներկա իրավիճակի ստեղծման գլխավոր պատճառներից մեկը, հայոց հոգևոր-բարոյական կերպարին խորթ աշխարհընկալման, հարաբերությունների և օրենքների ներմուծումն ու ավանդական արժեհամակարգի խաթարումն էր, որով հայ մարդը ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ վիճակից իջեցվում է կենսաբանական օբյեկտ վիճակին ու սկսում է ապրել կենսաբանական օբյեկտի տրամաբանությամբ:
Առավել վտանգավոր է նման իրավիճակում ելքեր գտնելու փնտրտուքի մեջ հենվել այն անձանց և ուժերի վրա, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքում զբաղվել են մեր կողմից հիշատակված օտար ու խորթ արժեքների ներմուծմամբ, հայ մարդու բարոյական ու հոգևոր կերպարի այլասերմամբ, նոր արժեսանդղակի պարտադրմամբ, որում անհատի կենցաղը, նյութականը գերակայում են տեսակի պահպանման, ինքնության պահպանման խնդիրներին, իսկ մարդկային բոլոր հարաբերությունները ենթարկեցվում են նյութապաշտական հարաբերություններին:
Ձեր բաց նամակում նշված հասցեատերերից շատերը հենց այն ուժերի ներկայացուցիչներն են, որոնց պլանային գործունեության արդյունքում մենք հայտնվել ենք ներկա իրավիճակում, որոնք վտանգել են թե ներկա ՀԱՅԿԱԿԱՆԸ, թե ապագա ՀԱՅԿԱԿԱՆԸ:
Մենք համարում ենք, որ պետք է համախմբվել ու մշակել այն ՏԱՆ ուրվագիծը, որը ՀԱՅՈՑ ԻՂՁԵՐԻ արտացոլումն է, քննարկել այն բազային հիմնադրույթները, որոնք պիտի դրվեն հայոց պետության զարգացման հիմքում:
Մենք չենք կարող հույսեր կապել գործող իշխանությունների հետ և համոզված ենք, որ պետք է նպաստել այն ուժերի ձևավորմանն ու համախմբմանը, որոնք ոչ միայն այս ճգնաժամային իրավիճակից կհանեն երկիրը, այլև կապահովեն ազգի զարգացումը, հզորացումն ու հարատևումը, որպես հեռահար նպատակի կրող, որպես ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՆ ԿՐՈՂ:
Այսօր հայությանն ու Հայոց պետականությանը պետք են այլ մարդիկ ու այլ ուժեր, որոնք կան, որոնք անպայմանորեն գալու են ու բերելու են իրական վերածնունդը:
Հարգանքով՝
«ՀԱՅՔ ազգային հայրենատիրական համագործակցություն» ՀԿ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ակումբ» ՀԿ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *