<<Զինվորի օրագիրը>>. ստեղծագործություն, որի հիմքերն ամենաիրականն են…

Հարգելի Դավիթ, քո մուտքը ստեղծագործական աշխարհ ինչպե՞ս ստացվեց։

Առաջին գրական քայլերս արել եմ փոքր տարիքում, դեռևս 8֊10 տարեկանում, սակայն այն ժամանակ չէի մտածում, որ մի օր գրածներս կհավաքագրեմ, և ժողովածու կկազմեմ։ Մինչ 17֊18 տարեկան գրում էի զուտ ինձ համար, քանի որ թուղթ ու գրիչը միակ միջոցն են, որտեղ ինքս ինձ հետ եմ եւ ինքս ինձ հետ լռիվ անկեղծ եմ։ Թղթին եմ հանձնում տեսածս, զգացածս, եւ այն ամենը որը կարելի է խոստովանել ինքդ քեզ։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում գրել, կա՞ արդյոք էներգիայի աղբյուր։

Զուտ հուշերի կենտրոնացում ու մտքերի ամփոփման միջոց է գրելը` ստեղծագործելը։ Գրելով, մենք մեր հույզերով ու զգացմունքներով ենք կիսվում նախ թղթի, ապա ընթերցողի հետ։ Կյանքն ինքնին էներգիայի աղբյուր է, ուղղակի կյանքում մեր հիասթափությունները, ապրումները, զգացողությունները, տխրությունն ու ուրախությունն արտահայտելու միջոցներից մեկն է ստեղծագործելը։

Գիտեմ, որ չեք սիրում հրապարակել ստեղծագործությունները, սակայն որոշ գործեր ունե՞ս հրապարակած։ Ինչ կասես այդ մասին։

Ինչպես նշեցի, գրելը միակ միջոցն է, երբ ինքս ինջ հետ ամբողջությամբ անկեղծ եմ, և հուշերս ու կյանքից ստացած դասերի մասին եմ գրում, պատճառներից մեկն այդ է, որ դեռևս գրվածքներս լույս չեն տեսել, չափածո գործերիցս մի քանիսով կիսվել եմ ընկերներիս հետ, երեւի 15֊20 ստեղծագործություն։ Ինչպես նաև << Զինվորի օրագիր>>  կոչվող գրքից եմ մի քանի հատվածներ հրապարակել։ Ամենային հավանականությամբ <<Զինվորի օրագիր>> անվանումը ստացած ծավալուն գիրքը, որն հիմնված է իրական փաստերի վրա, մինչ տարեվերջ կխմբագրեմ և  լույս կտեսնի։

— Ինչու՞ որոշեցիք զինվորի կյանքի մասին գրել։

<<Զինվորի օրագիր >> անվանումն արդեն հուշում է, որ ներկայացվում է 2 տարվա ծառայության մասին։ Բանակը կյանքի լավագույն դպրոցներից մեկն է, իսկ մենք` հայերս, ռազմիկներ ենք, զինվոր` անկախ մեր մասնագիտությունից, քանի որ պատերազմներն ու ռազմական բախումներն անպակաս են մեզնից։ Գրի եմ առել թե զորամասի ծառայության, և թե առաջնագծում եղած հետաքրքիր դեպքերն ու պատմությունները, բանակային կյանքն ու բանակում ապրող լեգենդները։ Ներկայացրել եմ իմ 2 տարվա ծառայությունը, բանակում պատահած դեպքերն ու հուշերը, սկսած բանակ գնալուց մինչև  զորացրվելը, ապա նաև ապրիլյան ռազմական գործողություններն ու Արցախյան երկրորդ պատերազմը։

— Ասացիք ծավալուն գիրք է` քա՞նի էջ ունի գիրքը։

Նախնական որոշել եմ, որ գիրքը կլինի 732+4+44 էջ, ծառայությանս և 2 ռազմական գործողությունների օրերի թվով։ Սակայն հավանական է խմբագրելուց հետո էջերի թիվը կրճատեմ, որպեսզի հրապարակելուց հետո ընթերցողի համար ձանձրալի չլինի 780 էջ կարդալը։

— Երբևիցէ այս գիրքը գրելիս ունեցե՞լ եք հիասթափություն։

Հիասթափություն չէի ասի, որ ունեցել եմ, քանի որ սիրել ու սիրում եմ զինվորական կյանքն ու ծառայությունն իր բոլոր դժվարություններով։

-Գրքիցդ ո՞ր տողը կարող է քեզ ոգևորել որ վերջացնեք գիրքդ։

Ինձ համար դեպքերն ու զգացմունքներն են գրելու համար ոգեշնչման աղբյուր, ոչ թե տողերը։ Ամբողջությամբ գրված են, ուղղակի տարբեր թղթերի, տետրերի մեջ են, պիտի հավաքագրեմ և  խմբագրեմ։

-Գիտեմ, որ ստեղծագործելուց բացի նաև տուրեր եք կազմակերպում Գյումրիում, ինչպե՞ս ստեղծվեց այդ գաղափարը։ Կմանրամասնե՞ք։

Դեռևս պատանի տարիքից տարբեր ՀԿ֊ներում ակտիվություն եմ ցուցաբերել և տարբեր ծրագրերում կամավորական աշխատանք եմ իրականացրել։ Ամեն անգամ երբ մյուս մարզերից ընկերներ էին գալիս Գյումրի, և դասընթացներից հետո հարցնում էին` «Գյումրին մշակութային քաղաք է, ինչո՞վ է էդպես համարվում»,  կարիք էր լինում ծանոթացնելու քաղաքի պատմամշակութային կյանքին։ Նման հարցերն էլ հիմք հանդիսացան, որպեսզի ուսումնասիրեմ քաղաքը, ճիշտ է սկզբում հեշտ չէր, քչերն էին պատրաստակամ օգնելու, բայց դե համառությանս շնորհիվ չէի հանձնվում և ամեն կերպ փորձում էի քաղաքի ամեն քարի մասին տեղեկություններ գտնել` դա կլիներ գրքերից, նախորդ դարասկզբի թերթերից, քաղաքի հին գերդաստանների ժառանգներից ու տարեցների հետ զրույցներից տեղեկություն ստանալու կերպով։ Անգամ քաղաքի հին գերեզմաններն են ինֆորմացիայի աղբյուր եղել ինձ համար։ Էդպես սկսեցի խորանալ ու խորանալ քաղաքի պատմության մեջ, ապա դրսից եկող հյուրերին քաղաքը ներկայացնել։ Էդպես սկսվեց զբոսավարի իմ կյանքը։

-Տուրերը, որոնք ստիպում են անընդհատ խոսել Գյումրու մասին  և լինել այդ անբացատրելի արվեստում, Ձեզ օգնու՞ մ է ստեղծագործական աշխարհում էլ ավելի ամրապնդվել։

Մարդկանց հետ աշխատելը հետաքրքիր և բարդ գործ է, կապ չունի Գյումրիում, թե մյուս բնակատեղիներում եմ լինում խմբերի հետ։ Չափածո ստեղծագործությունների մեջ` այո կան գործեր, որոնք հենց Գյումրիին կամ մյուս պատմական հատվածներին են վերաբերում։ Անգամ մի ստեղծագործություն ունեմ, որն Էքսպրոմտ է, առավոտյան կիսաքուն վիճակում եմ գրել,և լռիվ արթնանալուց հետո ոչ էլ հիշում էի, թե ինչպես եմ գրել։ Տվյալ գործը կարելի է ասել արշավ է ամբողջ Հայաստանով։

-Եվ վերջում, կխնդրեմ Զինվորի օրագրից մի տող մեջբերեք, որը նույնպես մեզ ապրելու մի նոր բանաձև կհաղորդի։

Մի հատված կարդամ Ապրիլյան ռազմական գործողություններ մասից։

<< Զոհերի մասին լուր չունեի… Աչքիս դեմով անցնում էին էն տղերքը, որոնց հետ ինքս էի ծառայել, ու ովքեր էդ պահին դիրքերում էին… տղերք, որոնց հետ ճամփա էի անցել… խրամատների ճամփա… տղերք որոնց ձայնը միտքս էր գրավել ու ինձ ներսից օգնության էին կանչում` 《Ծոիկ》ձայնելով…

Դիրքերում կռիվ էր, իմոնքս էին կռվում… ինձ ծանոթ ու անծանոթ իմոնքս…>>

 

Հարցազրույց՝ Դավիթ Աբդալյանի հետ

Հարցազրույցը  վարեց ՝ Շուշան Ղազարյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *