Ռիժիկը<<Չորդեգրված կարոտ>> հարցազրույց Վարդան Հարությունյանի հետ:

Հարգելի Վարդան , լինելով ստեղծագործող մարդ դուք յուրովի եք ընկալում աշխարհը, արդյո՞ք այս գիրքը ձեր պատասխանն էր պատերազմին։

Այս գիրքը պարտականություն էր։ Պարտականություն ինքս իմ հանդեպ ու ես կարծում եմ, որ մերօրյա բոլոր հեղինակները պետք է գրեն Հերոսների մասին:

Ինչու՞ չորդեգրված կարոտ։ 

Չորդեգրված կարոտ, որովհետև սպասողներից շատերի կարոտները որբացան ու էդպես էլ չորդեգրվեցին։ Այսինքն՝ կարոտները օդում կախված մնացին։

Քո գրքի հերոսին բոլորս արդեն ճանաչում ենք, արդյո՞ք անդրադարձել ես նրա կյանքին որպես մարտի դաշտում ընկած հայ զինվորի հավաքական կերպար։

Գրքի նախաբանում նշում եմ, որ գրքում գրված է Հայկի կյանքի ու պատերազմի դաշտում ծավալած գործողությունների մասին, բայց նա հավաքական կերպար է։

Այս օրերին մենք շատ հերոսների անուններ լսեցինք ինչու՞  հենց Հայկը (Ռիժիկը)։

Չեմ կարող ասել։ Ես չեմ ցանկանում սխալ տպավորություն ստեղծվի ու չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե առանձնացրել եմ Հայկին։ Ես ուղղակի լսեցի սրտիս թելադրանքին։
Երբ տեսա Լուիզայի` Հայկի ընկերուհու առաջին հարցազրույցը ինքս ինձ ասացի.
— Պիտի գրեմ իրենց մասին։

Երբ իամացան Հայկի ծնողները, որ իր որդու մասին գիրք եք գրելու ինչպիսի՞ն էր արձագանքը։

Հպարտացան, ուրախացան ու միևնույն ժամանակ տխրեցին:

 Իսկ ամենասիրելի մասը գրքում, ո՞րն է քեզ համար որպես հեղինակ։

Երևի թե Հայկի հիշողությունների հատվածները։

Մի քանի տող կարո՞ղ եք առանձնացնել:

Այո իհարկե. <<Ասում են՝ հեռավորությունը մոռացնել  է տալիս ամեն տեսակի սիրահարվածություն: Բայց Հայկի ու Լուիզայի մոտ սիրահարվածություն չէր: Դա սեր էր: Սեր՝ աստվածաշնչյան բոլոր կանոններով: Իրական սեր: Դա սիրահարվածություն չէր: Հայկն ու Լուիզան չէին վախենում դա ցույց տալ, որովհետև սիրահարվում ու չեն խոստովանում սիրուն անարժաններն ու դրանից վախեցողները: Իսկ սիրում են նրանք, ովքեր Աստծո կողմից են արժանացել դրան: Սերն ու սիրահարվածությունը տարբեր են: Հեռավորությունը կարող է սպանել սիրահարվածությունը, իսկ սերն անմահ է>>:

Քո կարծիքով այս գիրքը կարդալիս ի՞նչ կզգա  ընթերցողը՝ միայն հերոս տղերքի կորստի ցա՞վը,  թե՞ նրանց կյանքի գնով նոր զարթոնքի պահանջը։

Ես կպատասխանեմ ընթերցողներիս նամակներից մի քանիսի համախմբմամբ՝  իմ մեկնաբանությամբ։ Ընթերցողներս ասում են, որ գիրքը կարդալիս արտասվել են, հուզվել, զգացել կորստի ցավը, տեսել են անկեղծ ու հավերժացած սեր, երջանկացել են, տխրել, իսկ վերջում ասում են, որ հպարտ են` հայ ծնվելու համար ու հանուն տղերքի պիտի ապրեն։

Որպես հայ ստեղծագործող դուք պատրաստվու՞մ եք նոր հերոսների անուններ ամրագրել ձեր գրչին։

Ոչ իրականում, բայց հետագայում հնարավոր  է նորից  անրադառնամ մեր հերոսներին: Հիմա աշխատում եմ երկրորդ գրքիս վրա։ Վերնագիրը «Հեռանում են անհրաժեշտները»։ Գիրքն ունի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջեր, որտեղ տեղադրում եմ հատվածներ, մինչ հրատարակումը:

Քո հայրենասիրությունը արդեն նկատելի է քանի որ 16 տարեկան ես ու առաջին գիրքդ նվիրված է հայ զինվորին, ինչպիսի՞ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ գիրքը վերցրեցիր ձեռքդ։

Շնորհակալ եմ։ Գիտակցելով, թե ինչ եմ գրել իրականում ցավ ապրելով հպարտացա ու ուրախացա, քանի որ կարող էի գիրքը նվիրել Հայկի ընատնիքին ու Լուիզային հենց Հայկի 20֊ամյակին` դեկտեմբերի 21֊ին։
Բայց որպես հեղինակ չեմ կարող ասել ինչ զգացողություններ եմ ունեցել։ Աննկարագրելի է այդ պահը ու վստահ եմ, որ ոչ մի հեղինակ դա երբեք չի մոռանա։

Եվ վերջում՝  ի՞նչ կցանկանաս քո նոր ընթերցողներին։

Սեր։ Անսահման սեր կցնականամ ու կուզեմ, որ երբեք չկորցնեն իրար. թե կյանքի թելադրանքով (ինչպես գրքում էր ու այլ դեպքեր ևս), թե սովորական վեճերից։ Ու կցանկանամ, որ ապրեն(ք) խաղաղ երկնքի տակ ու առանց կորուստների։
Թող, որ բոլորի(ս) կարոտնները որդեգրվեն ու ապրեցնեն։

Ռիժիկը.<<Չորդեգրված կարոտ>> գրքի հեղինակ՝  Վարդան Հարությունյան

Հարցազրույցը վարեց՝  Շուշան Ղազարյանը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *