Ինչպե՞ս սկսեցի ստեղծագործել. Վիլո Սահակյան

Հարգելի ստեղծագործող ի՞նչպես սկսվեց Ձեր այցը դեպի Գրական աշխարհ, ո՞ր գնացքը բերեց Ձեզ
— Անկեղծ ասած ամեն ինչ շատ պատահական էր, երբ սկսեցի ստեղծագործել դեռ առաջին կուրսում էի ու չի կարելի դրանք ստեղծագործություն համարել։ Առաջին գործս առակ է եղել,  որը հանձնարարվել էր բուհ-ում, ու ես գրեցի. հետո ուղիս հարթեց տիկին Ռոզա Հովհաննիսյանը, ում ես անչափ շատ եմ սիրում և շնորհակալ եմ։
Գնացքներ նստում եմ բայց երևի այս վերջին շրջանում ինքնաթիռով եմ շրջում մտքերիս պուրակով:
Լինելով երիտասարդ ստեղծագործող ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ
-Ժանրը դժվարանում եմ ասել, բայց ստեղծագործական շրջանս կառանձնացնեմ երկու հատվածների՝ ռոմանտիկ(սիրային) և հոգեբանական, որը ըստ իս կուղեկցի մինչև չդադարեմ ստեղծագործել։
Ի՞նչը կարող է լինել Վիլո Սահակյան բանաստեղծի ոգեշնչման աղբյուրը
-Ես Վիլոն եմ առանց ազգանվան։ Ոգեշնչման աղբյուրը մարդիկ են իրենց տեսակներով, կարևորության աստիճանով ու իրենց ապրած պահերով։ Կենարար աղբյուրը մարդն է…
Իսկ ո՞րն է պատճառը ազգանվան հերքման
-Պարզապես ես գրական աշխարհում ազգանվամբ չեմ ուզում ճանաչվել:
Լավ, Ձեզ համարու՞մ  եք ժամանակակից ստեղծագործող, և Ձեր կարծիքով գիրդ ընդունվու՞մ է հասարակության կողմից
-Այո՝, ըստ իս ընթերցողներս շատ են, ես ժամանակ առ ժամանակ ականատեսն եմ լինում գրիս ընդունմանը։ Գիրս բարդ է տրվում մարդկանց, որովհետև այն ոչ թե մտքով հասկանալու համար է, այլ՝ սրտով։ Դրա համար հաճախ եմ ասում ՝ ինձ ուղեղով մի դատեք։
Իսկ Ձեզ մոտ հոգեվիճակների փոփոխության դեպքում փոխվու՞մ է արդյոք բանաստեղծության հոգեվիճակը
-Հոգեվիճակն այո, որովհետև՝  թե բացակայի կլինի հնի կրկնությունը։
Ամեն մի գործ գրելուց հետո ինչպե՞ս եք նայում կյանքին
-Կյանքը ռեալիզմի մեջ է գեղեցիկ, իսկ գործ գրելը պահ է, որը կտրում է այդ մթնոլորտից կարծում եմ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է։
Իսկ Եթե ունենայիր հնարավորություն հանդիպելու հայ գրականության դասականներից միայն մեկի հետ, ո՞վ կլիներ Ձեր ընտրյալը և ինչու՞
-Շատ են, բայց երևի Պարույր Սևակը, որովհետև իր գիրը մի փոքր նմանեցնում եմ իմ մտածողությանը և երևի հարցեր կտայի:
Իսկ ամենաառաջին հարցը ո՞րը կլիներ Ձեզ հոգեհարազատ բանաստեղծին
-Ինչու՞ ես գրել:
Հետաքրքիր է բանաստեղծի համար ի՞նչն է կարևորը
-Չկորցնել կյանքի երակը:
Ըստ Ձեզ բանաստեղծը միայն կյանքի երա՞կն է բռնում, թե՞ բաբախող սկիզբն է
— Սկսվող-ավարտվող էակ է, ով ամեն բանաստեղծության հետ սկսվում ու ավարտվում է:
Յուրաքանչյուր բանաստեղծ ունի իր ստեղծագործական դաշտի գույնը, ո՞րն է Ձեր գույնը
— Նարնջագույնը երևի:
Եվ վերջում, եթե լիներ ցամաքն ու ջուրը ո՞րը կընտրեիք Ձեր մտքերում լողալու համար
Ջուրը և՛ անսահման է,  և՛ լողալը՝  հաճելի, և՛  խեղդվելը՝  մեկ վայրկյան:
Բնութագրությունը հասանալի չէ
Չնայե՛ս ինձ էդպես,
Որովհետև այդպես
պարտադրում են ժպտալ։
Անընդհատ վաճառվել եմ ուզում,
Որ ինչ-որ պահ
Հայտնվեմ ձեռքիդ
շրջապտույտում։
Անընդհատ մեխվել գլխումդ
Ու կախվել կարոտներիդ,
Անընդհատ սիրել մուրճերի ձայնը
Ու խճճվել ելևէջներիդ մեջ,
Անընդհատ բանբասել քեզ,
Որ ինչ-որ պահ լսես ինձ։
Անընդհատ անընդհատ դառնալ,
Որ չխուսանավես ինձնից։
Ես կարող եմ կանգնեցնել ժամանակը,
Ես կարող եմ պարտքով վաճառվել,
Ես կարող եմ
Ամեն ինչ կարողանալ։
Չգա՛ս ինձ մոտ այդպես,
Որովհետև այդպես գալիս են
Վստահողների մոտ,
Իսկ ես թևեր չունեմ
Ու լռելն ամենահարմարն է։
Ես շուռ եմ գալիս,
Ու շրջում մտքերս։
Ես քայլում եմ զգույշ
Չնկատելուդ չափ
Ու փախչում ամոթի կայարանով։
Հետքերովս երբ գաս
Նայի՛ր,
Գրվա՛ծ է՝
Չգնա՛լ,
Չգտնե՛լ,
Չգնա՛լ ,
Չգտնե՛լ։
Ու դու գալիս ես
Ու դու չես գտնում,
Որովհետև քեզ արգելել էին ժպտալ
Ինձ՝ նայել ժպիտիդ….

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *