Ինչպե՞ս սկսեցի ստեղծագործել . Անի Ղազարյան

Հարգելի ստեղծագործող, պատմիր՝ ինչպե՞ս սկսվեց ստեղծագործական կյանքդ
-Ստեղծագործական կյանքս սկսվեց բավականին ուշագրավ։Ավելի լավ է պատմեմ ամենասկզբից, տասներկու տարեկան էի, դպրոցում սովորում էի բավականին լավ, սակայն մի օր ինձ համար անակնկալ երկուս ստացա: Հաջորդ օրը մայրս ինձ հետ գալիս է դպրոց՝  իմանալու թե որտեղ եմ թերացել, որպեսզի ուղղենք։Ուսուցչուհիս՝ իմ սիրելի ընկեր Խնկոյանը, իր գեղեցիկ ժպիտով մոտեցավ մայրիկիս ու ասաց.<<Աչքդ լույս աղջիկդ գրում է>>։ Ահա այս բառերով տրվեց մեկնարկը։ Մայրիկիս հաջորդ վճռորոշ քայլը եղավ ինձ Գրողների Միության Շիրակի բաժանմունք տանելը։ Սկսվեց նոր հեքիաթ, որտեղ ինձ զգում էի փոքրիկ արքայադուստր։
Մի ուշագրավ փաստ արձանագրեցինք, որ ձեզ զգում էիք հեքիաթում կարո՞ղ եք մանրամասնել ինչի՞ մասին էր խոսքը։
Երբ նոր-նոր էի գնում գրողների միություն, մինիմալիստական բանաստեղծություններ էի գրում։ Պատահականության սկզբունքով քամու մասին բանաստեղծություն կարդալուց հետո բացված պատուհանը աղմուկով փակվեց և այդ պահին բոլորն ասացին՝ Անիի քամին է, այդ պահին ինձ զգացի հեքիաթի արքայադուստր,  ում մոտ գալիս է նույնիսկ քամին։
Ի՞նչ տվեց ձեզ Գրողների Միությունը և ինչը կփոխեիք ձեր կյանքում
— Իսկ ի՞նչ կարող էր տալ այնտեղ հաճախող ամենափոքր ստեղծագործողին, իհարկե ամեն նոր բան վերցնում էի և օր օրի զգում, որ Գրողների միությունն ինձնից նոր մարդ էր կերտում։ Կփոխեի իմ հաճախումների քանակն այնտեղ քանի որ ժամանակը սովորել է փախչել արքայադստեր ձեռքից։
Ի՞նչ է զգում ստեղծագործողը բանաստեղծություն(արձակ) գրելուց առաջ և հետո
-Շատ եմ հանդիպել այս արտահայտությանը՝ ես երբ ուզեմ կգրեմ … Չկա նման բան, երբ ստեղծագործում ես, հոգիդ մի տեսակ թեթևանում է,  իսկ ստեղծագործելուց առաջ դու քեզ զգում ես ծանրացած ամպի նման, որ ամեն վայրկյան պատրաստ է անձրևելու։
Իսկ ո՞րն է քո ամենանվիրական երազանքը որպես ստեղծագործող
-Կարող է զարմանալի թվալ, բայց ժամանակակից գրականության մեջ ես կցանկանամ ֆիլտր ունենալ   որը կզտի և ընթերցողին կներկայացնի միայն որակյալ գրականությունը։
Իսկ դուք որպես երիտասարդ ստեղծագործող գնահատու՞մ եք ժամանակակից գրականությունը
-Ժամանակակից գրականությունն ունի և՛ փրփուր, և՛ մարգարիտ, իսկ մարգարիտը գտնել է պետք….
Եվ վերջում ՝ եթե պատուհանից այն կողմ լույս լիներ, իսկ ներսում խավար  ո՞ր կողմը կընտրեիք բանաստեղծություն գրելու համար
-Ես կբացեի պատուհանը…
Ձեր ականջներն արդեն
խլացել են աղոթքներիս առջև,
Այժմ սիրտն եմ առաջարկում
որպես լսող օրգան և հոգին՝
որպեսզի հասկանամ
յուրաքանչյուր բառ…
Այսուհետ բոլոր տաճարները
բաց կլինեն սրտով լսողների համար
և ժամանակը չենք չափի վայրկյաններով,
որովհետև ի սկզբանե
մենք ինքներս էինք
չափման միավոր…
Ասում են երբ մեկը
թափ տա իր փեշերը
վեր կկենա՝ հեռանալու.
Ես ընդամենը թափ եմ տալիս
ժամանակի փեշերը
և օրերի ծանրացող
օդը պահում իմ մեջ…
Բարով մնաս, ժամանա՛կ,
Այսուհետ չափման միավորն իմ ՝ ես եմ…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *