Աշխարհաժողով, Հայք պետություն։ Ի՞նչ է սա, վերադարձ անցյա՞լ։

Պարոն Հովսեփյան Հանրապետության ներկայիս վիճակը վստահ եմ հուզում է բոլոր գիտակից քաղաքացիներին,քանի որ շատ է խոսվում այն մասին, որ երրորդ հանրապետությունը սպառվել է և այն պետք է փոխարինվի։

Աշխարհաժողովն առանձին հրապարակմամբ և տեսանյութով անդրադարձել է այն հարցին, թե ինչու հանրապետության մոդելն անընդունելի է մեր պարագայում։
Խորհուրդ կտայի ձեր ընթերցողներին  ծանոթանալ  Աշխարհաժողովի դիրքորոշմանը հետևյալ հղումներով։
https://www.facebook.com/ashkharhajoghov/posts/103220495088571
https://www.youtube.com/watch?v=Ba2wG5wtjrk
Կավելացնեմ միայն վերջին 10 տարիների ընթացքում իմ անձնական դիտարկումների արդյունքները մեկ այլ՝ միգուցե առաջին հայացքից շատ էկզոտիկ մայրցամաքում՝ Աֆրիկայում, սակայն շատ տիպական հետխոհրդային տարածքի համար։ Եթե համեմատենք ՀՀ պետական համակարգը մեծապես 1956 թվականից հետո այնտեղ անկախացած երկրների կառավարման մոդելների հետ, ապա զարմանալիորեն կարող ենք հայտնաբերել, որ դրանք բովանդակային առումով բացարձակապես նույնական են։  Համահարթեցումը կատարված փաստ է աշխարհի բոլոր անկյուններում։ Պետությունների Էկզոտիկ ֆասադների հետևում գործում են բացառապես նույնական մեխանիզմներ ներդրված միջազգային կազմակերպությունների կողմից։ Ընտրականից մինչև դատական համակարգ նկատելի են միջազգային շաբլոնների, իսկ վերջին շրջանում ամբողջական (բոլորը մեկում) կոնվենցիաների անթաքույց հետքերը։
Գլխավոր եզրահանգումն այն է, որ չկա անգամ մեկ երկիր, որը հաջողել է դրսից պարտադրված արևմտյան այս մոդելի կիրառմամբ։
Մենք գործ ունենք կառավարման համակարգային ճգնաժամի հետ, որն անգամ ընդունում են համահարթեցման խթանման ու նեոլիբերալիզմի տարածման կենտրոնները 2020 թվականի ապրիլից հանդես գալով «Մեծ վերագործարկում» (Great Reset) նախաձեռնությամբ։

Աշխարհաժողով, Հայք պետություն։ Ի՞նչ է սա, վերադարձ անցյա՞լ։

Աշխարհաժողովը մեզ համար հանրային կառավարման ինքնատիպ ինստիտուտ է , որը մտահղացել են մեր նախնիները առնվազն 2 հազար տարի առաջ և հաջողությամբ կիրառել  ինչպես խաղաղ, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում։ Հանրային կառավարման այս և մյուս այլ մոռացված կամ թերագնահատված ինստիտուտները և մեխանիզմները ապահովել են ռազմաքաղաքական հաղթանակներ, տնտեսական թռիչք, մշակութային ծաղկում։ Այլ խոսքերով ասած մենք պարտական ենք դրանց մեր քաղաքակրթական առաջընթացի, պատմության փառավոր էջերի արձանագրման, քարտեզներում արժանավայել  և երևացող տեղ գրավելու համար։ Մի քանի հազարամյակ մեր նախնիները եղել են քաղաքակրթության մատակարարողներ և ոչ թե խեղճ ու անպաշտպան սպառողներ, ինչպես վերջին դարերում։
Այն ինչ առաջարկում է  ազգահավաք Աշխարհաժողովը իր իրական ազգային պետություն կառուցելու ծրագրով, միանշանակ վերադարձ չէ անցյալ։  Մենք ընդամենը ձգտում ենք պետական ու հանրային կառավարումը տեղափոխել ազգային ռելսեր, հենման այն ամենաամուր ու հուսալի կետը, որը հնարավոր կդարձնի ազատ ու անկաշկանդ զարգացումն ամենաառաջադիմական տեխնոլոգիաներով ու այլընտրանքային մոտեցումներով։ Հայք ազգային պետությունը մեր պատկերացմամբ նոր քաղաքակարթական նախագիծ է, որը կարող է հրապուրիչ լինել բոլոր այն ժողովուրդների համար, որոնք վերջնականապես հիասթափվել են հետևողականորեն  պարտադրվող կառավարման արևմտյան մոդելից։
Ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ մոլորակի ժողովուրդներին անհրաժեշտ է ոչ թե «Մեծ վերագործարկում», ինչպես արդեն նշել եմ նախորդ պատասխանում, որը իրականում ենթադրում է առկա շինությունների կազմաքանդում, նոր շինհրապարակների նախապատրաստում  նույնի վերաարտադրության նպատակով, այլ խորքային վերագործարկում արմատական պարզեցումների ուղղությամբ։
Տեխնիկական իրականացման հարցում էլ մենք ունենք մեր կայուն պատկերացումները և անգամ փորձը, եթե ընդունենք, որ այսօրվա էլեկտրոնային խոշոր համակարգերը  բիզնեսում և հեռահաղորդակցության բնագավառում ոչնչով չեն զիջում պետական համակարգերին։ Հասարակ օգտատերերի համար գրեթե տեսանելի չեն, թե ինչպես են այդ համակարգերը իրականացնում անհրաժեշտ բարեփոխումներ և թարմացումներ ժամանակի պահանջով։ Այնպես որ Reverse Enginerring-ի և մյուս տեխնոլոգիական հրաշագործ մեթոդները մեզ թույլ կտա իրականացնել խորքային արմատական բարեփոխումը առանց ցնցումների և գրեթե աննկատ հանրության համար։ Մեծ հաճույքով կարելի է ցուցադրել, թե ինչպիսի ավգյան ախոռից կարելի ազատվել, երբ ավարտվի նշված ճանապարհով բարեփոխումը։ Առավել հաճելի կլինի, երբ մեր հայրենակիցները տեսնեն, թե բնականոն զարգացում խոչընդոտող որքան գորշ ու անդեմ բյուրոկրատներից կազատվի պետական համակարգը, երբ մեքենայացվեն կառավարման տարրական գործառույթները։ Առաջադեմ տեխնոլոգիաները նաև թույլ կտան մեկընդմիշտ պատմության աղբանոց նետել պատգամավորների և այլ ընտրած գործիչների հետ հետադարձ կապի բացակայության արատավոր կարգը։ Էլեկտրոնային պարզ և հասարակ գործիքները կպարտադրեն պատգամավորներին և մյուս ընտրված գործիչներին ամենամյա հաշվետվություն տալ և դրանց հիման վրա հաստատել կամ վերընտրել առաջադրված դեմքերին։
Այս թեմաներով մեր նախաձեռնությունը հրապարակել է առանձին տեսանյութեր։ Այնպես որ Աշխարհաժողովի մասնակիցները և համակիրները կարող են ծանոթանալ այդ նյութերի հետ և արտահայտել իրենց կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները։

Տեղի է ունենալու Աշխարհաժողով Մատենադարանում հունվարի 24-ին։ Հրապարակային գործունեությու՞ն եք սկսում։ Եվ ինչու՞ նորից քաղաքացին պետք է դուրս գա փողոց։ Արդյո՞ք փողոցը չի խաբում։

Նոր՝ իրապես ազգային պետության շինարարությունը բարդ և տևական գործընթաց է, որ պահանջում է մտավոր ռեսուրսների գերկենտրոնացում, մասնագիտական տարբեր խմբերի համակարգված աշխատանք, բարձր մակարդակի փորձագիտություն, հայտնաբերված թերությունների օպերատիվ շտկում։
Այնուամենայնիվ Աշխարհաժողովի նախաձեռնությունը չի կարող անտեսել հրապարակային գործողությունը, քաղաքական զարգացումներին արձագանքելու հանրության հետ ուղիղ և անմիջական կապի հնարավորությունը առավել ևս նման ճակատագրական ու բեկումնային ժամանակաշրջանում։
Սակայն սխալվում են բոլոր այն դիտորդները, ովքեր ակնկալում են տեսնելու քաղաքական ընդվզման շարքային ակցիա այս միջոցառման անցկացմամբ։
Մենք մեկնարկել ենք կառուցողական ու խորքային նախաձեռնություն նախապես ձևակերպելով ստեղծված իրավիճակի մեր գնահատականները։ Ուստի ավելորդ փորձեր չենք անելու բարձրաձայնելու դրանք և կրկին նկարագրելու ճգնաժամային իրավիճակը պայմանավորված իշխանական բլոկի և ընդիմադիր կուսակցությունների մակերեսային ու ժամանակավրեպ որոշումներով ու գործողություններով, որոնցում գերիշխում է իրավիճակային մտածելակերպը։ 21-րդ դարում կուսակցական մոդելով քաղաքական պայքարը մոտեցել է իր մայրամուտին իր տեղը զիջելով հանրային նախաձեռնողականության նոր ու այլընտրանքային ձևերին։
Կարճ ասած,  մենք շարադրելու ենք կառուցողական մեր ծրագրերը այդ հանրահավաքի ընթացքում ակնկալելով հանրային դաշտում գործող ու կարողունակ նախաձեռնողական խմբերի և անհատների մասնակցությունը։ Մեր հաջողության գլխավոր նախապայմանը կառուցողական այդ ուժերի կամքն է և հավատքը, որ սեփական՝ ազգային շահերի գերակայությունը և հայաստանակենտրոնությունը միակ գաղափարական սյուներն են, որոնք կարող են ձևավորել իշխանության պարտադրման նոր ու արդյունավետ մեխանիզմներ՝  ներքևից վերև ուղղվածությամբ։
Աներևակայելի աղետալի փորձարկումներից հետո արևմտյան ժողովրդավարության սոուսով ամբոխավարությունն ու պոպուլիզմը մեկընդմիշտ պետք է մերժված լինեն մեր հանրային կյանքում։ Հանրային նստվածքը, որը խաղաղ պայմաններում երբևէ չի դրսևորում քաղաքական ակտիվություն, պետք է վերադառնա իր նախկին տեղը զիջելով նախաձեռնողականության իրավունքը հանրային ընտրանուն պարտականություն-վաստակ-իրավունք հաստատուն շղթայի սկզբունքով։
Մենք գտնում ենք, որ քաղաքացիության ինստիտուտն իր ներկա տեսքով ամբողջապես հեղինակազրկված է մի կույտ արկածախնդիր ու մոլագար գործիչների մորթապաշտ քաղաքականության պատճառով, ովքեր շրջանառության մեջ դրեցին «հպարտ քաղաքացի» եզրույթը ի հակադրություն ավանդական մեր համայնքային մոդելի, ուր անձի իրավունքները  ներդաշնակ ու հավասարակշռված էին նրա ստանձնած պարտականություններին։ Նյութապաշտության և անհագ սպառողականության ագրեսիվ արմատավորումը կործանման վտանգի առջև է կանգնեցրել հանրային հարաբերությունների  բազիսը, որը մեր ժողովրդի համար ունի հազարամյակների պատմություն։ Հասարակության ատոմացումն այն բաց դաշտն էր, որը թույլ տվեց թշնամական ճամբարներին թիրախավորել հանրային գիտակցությունը ինչպես պատերազմի ժամանակ այնպես էլ նրանից հետո։
Որքան էլ ցավալի լինի, մենք պետք է խոստովանենք որ պատերազմական պարտությունը տրամաբանական հետևանքն էր օտար ու խորթ՝ նեոլիբերալ արժեքների ներդրմանը։ Դեռ պատերազմից 2 շաբաթ առաջ, երբ երկրի ղեկավարը առաջին զանգի միջոցառմանը 6-7 տարեկան մանուկներին ներկայացրեց Մերսեդես «յաշիկը»  որպես «հպարտ քաղաքացու» նվիրական երազանք և անցկացրեց բաց դաս, թե ինչպես պետք է մեր մանուկները հասնեն այդ նյութական ու գռեհիկ երազանքին, կարելի էր համարձակ կանխատեսել մեր ծանր պարտությունը սպասվող պատերազմում։
Հետևաբար մենք ստիպված ենք ներկա քաղաքական փուլում ապավինվել հանրային առողջ ու կենսունակ ընտրանուն և ոչ թե  համայնքներից տրոհված և նրանց իսկ դեմ  ագրեսիվ պայքար մղող «հպարտ քաղաքացիներին»։  Համաշխարհային պատմական փորձն էլ հաստատում է, որ նման ճգնաժամային պայմաններում փրկությունը կախված է ազգաբնակչության փոքրաթիվ, սակայն մտավորապես առողջ, հոգևոր արժեքներով առաջնորդվող ու պասիոնար մեծ էներգիա տիրապետող խմբի նախաձեռնողականությունից։

Դուք Ազգային արագացման նախագծի ղեկավարն եք։ Ի՞նչ է ենթադրում նախագիծը։

Ազգային արագացման նախաձեռնությունը սկսել է իր գործունեությունը 2019 հունիսից նպատակ ունենալով հաղթահարել թվային հետամնացությունը և վերականգնել տեխնոլոգիական դարում մեր ազգային արժանապատվությունը հումանիտար ոլորտում։
Այս պահին մեր աշխատանքներն իրականացվում են 3 առաջնահերթ ուղղություններով․

1․ բնականին մոտ ձայնի սինթեզ TTS (Text to Speech),
2․ խոսքի ճանաչում ASR (Automatic Speech Recognition),
3․ մեքենայական թարգմանություն ML (Machine Translation)

Ներկա ձևաչափով դժվար կլինի թվարկել այս գործիքների կիրառության հնարավորությունը։ Ընդամենը նշեմ, որ խոսքի ճանաչումը գրավոր ժառանգության հետ միասին ապահովելու է մեր ազգային Big Data-ն, ինչը թույլ է տալու բացահայտել  ազգային ինքնությունից բխող ու հազարավոր տարիների փորձով ստուգված այն կարևորագույն  ալգորիթմները, որոնք կիրառվելու են իրապես ազգային պետության կառուցման մեջ։ Մեքենայական թարգմանությունը կապահովի արժեքավոր գիտելիքների մեքենայական հոսքը հայերենով մեր երկիր և կդառնա խելացի ինտերֆեյս՝ հավելված այլ լեզուներով խոսող հայրենակիցների և օտարերկրացիների հետ անմիջական շփման համար առանց լեզվի բավարար իմացության և կենդանի թարգմանիչների։
Այս գործիքների լիակատար պատրաստությունը և ինտեգրացիան կօգնեն ստեղծել սեփական՝ հայերենի լեզվամտածողությամբ օժտված ռոբոտներ և արհեստական բանականության տարաբնույթ համակարգեր։
Իսկ թե ինչ դեր են խաղում արհեստական բանականության համակարգերը ժամանակակից պայմաններում, մենք դա զգացինք մեր սեփական մաշկի վրա վերջին այս տարիներին և մասնավորապես պատերազմի ժամանակ, երբ հակառակորդի բազմազգ ճամբարը գործի դրեց հիբրիդային պատերազմի իր բոլոր զենքերը։ Այսօր արդեն բավականաչափ փաստեր են  հավաքված, որոնք վկայում են, որ մեր  հակառակորդները ամսեկան մինչւ 300 միլիոն դոլար են ծախսել/ծախսում ապատեղեկատվական հարձակումների համար օգտագործելով հենակետներ առնվազն 4 երկրներում։  Հարձակումների գերակշիռ մասը կատարվել են ոչ թե Ադրբեջանից և Թուրքիայից, այլ Մեծ Բրիտանիայից և Լեաստանից, որը Գերմանիայից հետո հանդիսանում ԱՄՆ֊ի գլխավոր շտաբ֊կայան Եվրոպայում։ Իբր թե մշակութային նպատակներով դրսից կառավարվող ու ֆինանսավորվող  չարաբաստիկ  «բաց հասարակության» ՀԿ֊երը իրականացրել են նախագծեր, որոնց արդյունքերի հիման վրա մշակվել են արհեստական բանականության համակարգեր մեր խոցելիության հիանալի իմացությամբ։
Ապատեղեկատվական այդ Հիրոսիմայի հետևանքերը հնարավոր է վերացնել միայն արհեստական բանականության սեփական համակարգերի մշակմամբ։ Ինչպես մեր իմաստուն նախնիներն են ասել «սեպը հնարավոր է հանել սեպով»։
Ոչ պակաս կարևոր է մեր այն գլոբալ ծրագիրը, որի նպատակն է արտահանել համահարթեցման ծրագրերից պաշտպանող մոդելն այն երկրներ, որտեղ դրանց կարիքը սուր է։
Վերջում կոչ եմ անում մեր հանրության նախաձեռնողական բոլոր առողջ ու կարողունակ խմբերին և անհատներին ակտիվորեն մասնակցել միջոցառմանը և համախմբվել Աշխարհաժողովի առաջարկած ապակուսակցական հարթակում, ուր բոլոր մասնակիցները գործում են նեյրոցանցային համակգործակցության արդյունավետ մոդելով, որպեսզի միասին կերտենք մեր հաղթական տեսլականը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *