ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎԸ  21-ՐԴ ԴԱՐՈՒՄ։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Ա) ՆՊԱՏԱԿ

Ժամանակակից Աշխարհաժողովի նպատակ հռչակվում է՝

ԱԶԳԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ։

Այն ապահովելու է (ապահովում է) ներկայի միջոցով քաղաքակրթական ժառանգականության փոխանցումն ապագա։

 Բ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ժամանակակից Հայաստանում Աշխարհաժողովներ կազմակերպելու պարտադրանքը և տրամաբանությունը թելադրված է մի քանի իրողություններով․

  • Ազգակեցությանը համապատասխան կառավարման սեփական մոդելի փնտրտուք։

Քաղաքակրթական հիմքով ազգային պետությունների ձևավորումը 21-րդ դարում դառնում է մարդկային համակեցությունների ֆիզիկական և քաղաքակրթական գոյությունն ու զարգացումն ապահովող միակ միջոցը։ Քաղաքակրթական ճգնաժամի պարտադրանքով վերարժևորվելու են, փոխվելու են ժամանակակից կառվարման մոդելները, որոնք հանդիսանում են արդեն սպառված քաղաքական, տնտեսական ու մշակութային գաղափարները սպասարկող մաշված գործիքներ։ Ըստ այդմ, անհրաժեշտ է ապագա ազգային պետության կառավարման մոդելների ներդրում ժամանակակից իրականության մեջ։ Աշխարհաժողովը դիտարկվում է որպես անցյալի ժառանգականությամբ ապագայի կառավարման մոդելի ներդրումը ներկայում։

  • Հասարակական ազդեցության լծակներից արհեստականորեն զրկված ազգի կարող հատվածի ներուժը համախմբելու և իրացնելու այլընտրանք չունեցող պահանջ։

Կառավարման արդի մոդելներն, միջոցներն ու տեխնոլոգիաները ստեղծել են մի իրավիճակ, երբ ամբոխահաճությունը դարձել է կառավարման ու հանրային գործընթացներին մասնակցելու միակ պայմանը։ Հետևաբար,ազգի կարող հատվածի խորքային արժեքները, մտքերը և գաղափարներն ի սկզբանե դատապարտված են ամբոխահաճո պարզ օրակարգերին։ Ըստ այդմ, Աշխարհաժողվը դառնում է (դարձել է) ազգի կարող հատվածի համագործակցության հարթակ։

  • Պետության և ազգակեցության ճգնաժամային հանգրվանները հաղթահարելու համար անհրաժեշտ, պատմականորեն ստուգված արդյունավետ գործիք, որը փոխարինելու է մաշված և օտարների կողմից պարտադրված գործիքներին։

Այսօր մեր պետությունը և ազգը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ։ Ճգնաժամի հաղթահարումը հնարավոր չէ իրականացնել տվյալ ճգնաժամի պատճառ հանդիսացող գործիքներով (ընտրություններ, դասական քաղաքական գործընթացներ) և սուբյեկտներով (ապիկար իշխանություններ, քաղաքական իբր դաշտում գործող նույնքան ապիկար ընդդիմություն, որոնք խորքի մեջ դավաճանական են)։ Անհրաժեշտ է նոր գործիք և նոր սուբյեկտներ։ Աշխարհաժողովը համարում ենք ճգնաժամի հաղթահարման այլընտրանք չունեցող կառույցը, որն իր մեջ խտացնելու է նոր գործիքները և նոր սուբյեկտներին։ Որպես առաջնային գործիք՝ ինստիտուցիոնալացման միջոցով ճգնաժամային (անցումային) կառավարման գործառույթի իրականացնումն է։ Որպես կարող սուբյեկտ(ներ) ազգային-պետական ինստիտուտների ներգրավումն է։ Ըստ այդմ, առաջնային քայլ տեսնում ենք

Ազգային եկեղեցու առաջնորդությունը ճգնաժամը հաղթահարելու գործում։

Գ)ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈՒԼԵՐ

 

  1. Ազգային ուժերի և անհատների համագործակցության միջոցով, հասարակական ազդեցության ձեռք բերում։ Աշխարհաժողովը հայտարարում է ոլորտային և աշխարհագրական ընդլայնման մեկնարկ։ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվելու են ոլորտների կտրվածքով աշխարհաժողովային հանդիպումներ։ Դրանք նպատակ ունեն ապագա ազգային պետության համակարգային բաղադրիչների այսօր ձևավորման համար կենտրոնացնել արհեստավարժների ներուժը։
  2. Ինստիտուցիոնալացում և լեգիտիմացում։ Աշխարհաժողովը դառնալու է հասարակության տարբեր շերտերի համագործակցության երաշխավորը, որն ապահովվելու է ինստիտուցիոնալ լիարժեք մեխանիզմի կիրառման միջոցով։ Աշխարհաժողովը մոտ ապագայում հավակնում է դառնալ ազգային նպատակներ, օրակարգեր գեներացնող և լուծումներ պարտադրող կառույց։
  3. Ճգնաժամային կառավարման իրականացում։ Ձևավորվելով որպես ազգային շահը ներկայացնող լեգիտիմ լիարժեք մարմին, Աշխարհաժողովը կարող է և պետք է վերցնի պատասխանատվություն՝ կանգնեցնելու պետականության փլուզումը, ազգի արժեքային բարոյալքումը, ազգին համախմբելու առաքելությունը։ Աշխարհաժողովը լինելու է ժամանակավոր իշխանության կրողը՝ ճգնաժամային կառավարմամբ ապահովելով հնի՝ սպառված պետության, դուրս մղումը և նորի՝ ազգային պետության, ներդնումը։
  4. Հայք ազգային պետության հիմնադրում և կառավարման մոդելի ներդրում։ Աշխարհաժողովը դառնալու է ապագա ազգային պետության կառավարման կարևոր բաղադրիչը՝ ապհավելով ազգավարության սկզբունքի կիրառումը։

Դ) ԻՐԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ

Աշխարհաժողովում գործունեությունն իրականացվելու է բացառապես՝ պարտականություն-պատասխանատվություն-վաստակ-իրավունք անխախտ սկզբունքի վրա։

Լիրաժեք իրավականություն և լիգիտիմություն ապահովելու համար առանձնացվում է երեք շրջան․

Ա) Ընթացիկ

Մինչև Աշխարհաժողովը որպես ինստիտուցիոնալ կառույցի ձևավորումը, աշխարհաժողովային հանդիպումներ, աշխարհաժողովի անունից հայտարություններ, աշխարհաժողովի գործունեության պլանավորումներ իրականացնելու են հիմնադիր ուժերը։Վերջիններս իրավասու են նաև թվագրել ժամանակակից աշխարհաժողովները և համագործակցային-մասնակցային ապահովումների նպատակով իրականացնել հանդիպումներ, խորհրդակցություններ, հրավերներ։

Բ) Միջանկյալ

Միջանկյալ շրջանում Աշխարհաժողովին ինստիտուցիոնալ բնույթ է հաղորդվում ազգային կառույցների կողմից անդամներ ներկայացնելու միջոցով, որն իրականացվելու է աստիճանաբար։ Աշխարհաժողովի ինստտուցիոնալացման միջանկյալ ընթացքը համապատասխանելու է ճգնաժամային կառավարման փուլին, որն ենթադրում է Աշխարհաժողովի կողմից ժամանակավոր կառավարության ձևավորման անհրաժեշտություն։ Հետևաբար, ճգնաժամային առանձնահատկությամբ պայմանավորված, Աշխարհաժողովի և կառավարության կազմը հաստատվում է   տվյալ պահին Աշխարհաժողովի մասնակիցների ու անդամների հավասարկշռված որոշմամբ։

Գ) Նպատակային

Աշխարհաժողովը դառնալու է ազգային-պետական կառույցների ներկայացվածության ու համագործակցության երաշխավոր։ Այն դառնալու է Ազգային պետության սկզբունքներն ապահովող հայեցակարգային իշխանություն։ Դա ապահովվելու է ազգային պետության և ազգային երազի առաքելության իրականացման մեջ առաջնային պարտականություն ստանձնաց կառույցների կողմից ներկայացված (ընտրված) ներկայացուցիչների միջոցով։ Ներկայացուցիչների մասնաբաժինը որոշվելու է պարտականություն-վաստակ-իրավունք սկզբունքով։

Այս պահի համար հստակ աշխատանք է գնում ազգային կառույցների ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ:

Այս համատեքստում Ձեր պատկերացումները կարող եք գրել մեկնաբանություններում:

 

Հոդվածի հեղինակ՝ Աշխարհաժողովի խորհրդի անդամ՝ Արմեն Ներսիսյան:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *