Հոգևոր Դարձը չի ենթադրում պասիվ սպասում, այլ ընդհակառակը՝ պայքար հանուն ազգի, Հայրենիքի, Աստծո…

Ajeq.am-ը հոկտեմբերի 9-ին Գյումրիում նախատեսվող Ուխտերթի նպատակների մասին զրուցել է «Աշխարհաժողով» նախաձեռնող խմբի անդամ Էդգար Մակարյանի հետ

Սրտի համար ապաշխարությունը հոգևոր-հավատամքային է

Գիտակցության համար՝ ոգեղեն-գաղափարական

Հոգու համար՝ աստվածաճանաչողական

Էդգար Մակարյան 08.10.22

 -Պարոն Մակարյան վերջին շրջանում Հայաստանում կազմակերպվում են խաչերթեր՝ հոգևոր դարձի խորհրդով: Արդյո՞ք մեզ մոտ հասունացել է այդ գիտակցումը և արդյո՞ք համազգային զղջման ու ապաշխարանքի պահանջը կարող է դառնալ համընդհանուր: Մենք իրո՞ք հասել ենք դժոխքի դռներին՝ գիտակցելով  «Տեր Ողորմիայի» անհրաժեշտությունը, թե սա ուղղակի մեր անզորության արտացոլանքն է:

-Զղջման և ապաշխարության հետ կապված Ձեր այս մեկ հարցադրումն ունի երկու կարևոր շեշտադրում՝ կա՞ արդյոք դրանց գիտակցումն ու պահանջը։ Ես սրանց կավելացնեի առնվազն ևս երկուսը՝ իսկ պահը հասունացե՞լ է, և սրտի մաքրություն կա՞։ Եվ դրանց բոլոր չորսի պատասխանները կարելի է տալ մեկ ամբողջաշղթայի տրամաբանական ձևակերպմամբ՝ եթե նույնիսկ հասունացել է պահը, եթե, ըստ այդմ, առաջացել է դրա բնական պահանջ, և եթե անգամ ձևավորվել է դրա տրամաբանական ու պատճառաբանված գիտակցումը, ապա կա՞ արդյոք դրանց համար բավարար սրտի ու հոգու մաքրություն, առանց որի չկա ու չի կարող լինել անկեղծ ու ազնիվ զղջում ու ապաշխարություն, որովհետև առանց մաքուր ու անկեղծ սրտի, աղոթքները չեն հասնում երկինք, էլ ուր մնաց, որ առանց դրա՝ զղջումն ու ապաշխարությունը հասնեն առ Աստված։ Աստվածային նախախնամությունը խուլ ու համր է նման ամուլ սրտի անպտուղ աղոթքների, առավել ևս, ապաշխարության ու զղջման հանդեպ։ Հետևաբար, ինձ համար կարևոր է պահից, պահանջից ու գիտակցությունից զատ, նաև առաջնահերթ սրտի ու հոգու մաքրությունն ու անկեղծությունը։ Իսկ մեր սիրտն ու հոգին վաղուց խցանված են, դրանք անկեղծանալ այսօր անկարող են։ Չէ՞ որ ասված էր․ «այնտեղ, որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ նաև ձեր սրտերն են»։ Իսկ որտեղ ենք մենք ամբարել մեր հարստությունը, մի՞թե մեր հոգու գանձարաններում, իհարկե ոչ, այն բացառապես նյութական է ու աշխարհիկ, իսկ անկեղծ ապաշխարանքը ենթադրում է հենց թոթափում ու ազատագրում այդ աշխարհիկությունից ու կեղծ, անարժեք գանձերից։ Բայց մի՞թե մենք պատրաստ ենք դրան, թերևս ոչ։ Այդ դեպքում, ո՞րն է ելքը։

  • Հավատացյալ շրջանակն ասում է, և իրավացի է, որ պատերազմները, հաղթանակը և խաղաղությունն էլ Աստծո Կամքի մեջ են, և եթե շահել ենք Աստծո ողորմածությունն ու բարեհաճությունը, ուրեմն հաղթանակն էլ, խաղաղությունն էլ, ի օգուտ մեզ կլինեն։ Սակայն սրա համար առաջնահերթ անհրաժեշտ է զղջում ու ապաշխարություն։
  • Քաղաքական շրջանակներն էլ պնդում են, որ քաղաքական ու առավել ևս աշխարհա-քաղաքական հարցերը, հատկապես նման օրհասական, գոյաբանական սպառնալիքները, հնարավոր է լուծել ռեալպոլիտիկի ու պրագմատիկ՝ իրական-քաղաքական, գործնական քայլերի միջոցով։
  • Սահմանին կանգնած զինվորն, աշխարազորային կամավորականն ու իրենց հայրենի տունը պաշտպանող սահմանային բնակիչն էլ ասում են․ «Զենք վերցրեք, թողեք աղոթքն էլ, քաղաքական խաղերն էլ։ Զենք վերցրեք և պաշտպանեք հայրենիքը»։

Խնդիրն այն է, որ բոլորն էլ՝ յուրաքանչյուրն իր տեսակետից, ճիշտ է։ Բայց սպասված լուծումը չի կայանում՝ Աստված երկնքից հրաշք չի ցուցանում, քաղաքական դաշտը չի միաբանվում, ռազմական ուժը մնում է հյուծված ու ջլատված, դե իսկ թշնամին այս ամենից էլ ավելի է ոգևորվում ու նախահարձակ դառնում։ Տեղին է հիշել ռուսական մի ասացվածք՝ «у каждого есть своя правда, но истина одна», որը թարգմանաբար կարելի է ձևակերպել այսպես՝ յուրաքանչյուրն ունի իր ճիշտը, սակայն ճշմարտությունը մեկն է։

Իսկ այդ եզակի ճշմարտությունը կայանում է սրանց կենսամբողջության ու հավաք կենսագործունեության մեջ։ Եվ հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս անել, որ այս անջատ, իրարից անկախ ու անկապ, շատ դեպքերում էլ իրար հակասող ու խանգարող գործընթացներն ու ուժերը միաբանենք՝ որպես արտաքին ու ներքին մարտահրավերներին  ու սպառնալիքներին դիմակայող մեկամբողջ կուռ ու անկոտրում կենսահամակարգ։

-Գոյության իրավունք ունի այն տեսակետը, որ հիմա աղոթելով հնարավոր չէ փրկվել, մեզ պետք է զինված պայքար և՛ ներսի, և՛ դրսի թշնամու դեմ: Համաձա՞յն եք:

-Ռուսերեն երկու հասկացություններ կան, որոնք լավագույնս են բնութագրում նման պատմական իրավիճակները, այս համատարած քաոսի մեջ, որում հայտնվել է մեր պետականությունն ու ազգը․ մեկը՝ СМУТА, գուցե հայերեն համարժեքը՝ խավար ժամանակներ, մյուսը՝ РОСКОЛ, հայերեն թարգմանությամբ՝ հասարակության ներսում ճեղքվածք, ճաքեր, բաժանում իմաստով։ Նման պատմական ճգնաժամերը խոր ու ցավոտ հետևանքներ են ունենում այս կամ այն ժողովրդի պատմության ճակատագրի ու նրա հետագա ընթացքի վրա։ Եվ ահա այսօր էլ մենք, հերթական անգամ, կանգնած ենք կամ արդեն գտնվում ենք նման խավար ճեղքվածքի մեջ։

Ու այս պարագաներում է, որ հիշում ենք, ինչպես դուք նշեցիք․ «մինչև չհասնես դժողքի դռանը՝ տեր ողորմյան չես հիշի» ժողովրդական ասացվածքը։ Ժողովրդական իմաստությունը չի սխալվում, և հիմա հարց է՝ մենք հասե՞լ ենք այդ դռանը, թե Աստված  մի արասցե, դեռ գլորվելու տեղ ունենք, մինչև դժոխային դժբախտությունն ու համազգային արհավիրքը այնպիսի համընդգրկուն, աղետալի մասշտաբներ կընդգրկի, որ այն կվերաբերի յուրաքանչյուր մեկին և խուսանավելու այլևս տեղ չի լինի։ Այդ ժամանակ զղջման ու ապաշխարհության հարցը կդառնա որպես համազգային ու համընդհանուր պարտադիր պայման, պահանջ, անհրաժեշտություն ու գիտակցություն։ Ինձ թվում է, կարծես այս պահին այդ թելի ձգման գործընթացն է տեղի ունենում, քանի դեռ թելը ձգվում է և չի կտրվել, պահն ամբողջությամբ չի հասունացել և պահանջն էլ համազգային ու համընդհանուր մասշտաբայնության չի հասել, և մենք շարունակում ենք կախյալ մնալ մեր հարստություններից, որտեղ մեր սրտերն են։ Հետևաբար, ապաշխարությունն ու զղջումը լիարժեք ու սրտաբուխ չեն, սրանից էլ իր հերթին հետևում է, որ Աստծո ողորմածությանը դեռ չենք արժանացել։

Այդ պատճառով, զղջման ու ապաշխարության նման խաչերթերը անհրաժեշտ են ու գուցե իրենց նպատակային ու հետևողական զարգացումների մեջ դրանք հասնեն անհրաժեշտ կրիտիկական մակարդակին, որով հնարավոր կլինի կանխել դեպի դժոխքի դուռը գլորվելու, նոր հետո միայն տեր ողորմյան հիշելու պատճառահետևանքային պարզունակ, բայց դժբախտ ընթացքը։

Ես կասեի, որ Էջմիածնում, հետո Արցախում անցկացված խաչերթերից հետո, առանց հապաղելու (քանզի մենք դրա ժամանակը չունենք) պետք է խաչերթեր կազմակերպել Հայաստանի մնացած մարզերում, ապա այդ ամբողջի  համահավաք խաչերթը կազմակերպել կամ դարձյալ էջմիածնում, կամ Երևանում, կամ էլ էջմիածին-Երևան, Երևան-Էջմիածին տարբերակով, որը կարող է վերաճել համաժողովրդական ու համազգային ոգեզարթոնքի և հանդիսանալ մեկնարկը մի նոր հոգևոր մեծ դարձի։

Այո, Աստված կարող է մեզ օգնել ու փրկել, եթե միայն ինքներս էլ ուզենանք ու պատրաստ լինենք նախ օգնել ու փրկել ինքներս մեզ, որից հետո Աստված կարող է գործել մեզանով, առանց մեզ նա չի կարող գործել։ Իսկ մենք պատրա՞ստ ենք, որ նրա միջնորդությունը կայանա մեր մեջ։ Դրա համար ակտիվություն է պետք, այն էլ մի քանի հարթություններում, այսինքն՝ հոգևոր-հավատամքային մոտեցում՝ ապաշխարություն-զղջում, դրանից բացի՝ ոգեղեն-գաղափարական սնուցում ու օժանդակություն, որից հետո նաև ուժ-զորության մոբիլիզացիա։ Սրանք մեկը մյուսով փոխպայմանավորված են։ Եթե մեկն ասի միայն աղոթքով կփրկվենք, որովհետև Աստված ամենազոր է և մեզ կփրկի, հետո կպարզվի, որ Աստված պատրաստ էր մեզ օգնել, բայց մենք ինքներս չցանկացանք, պատրաստ չէինք թե՛ ինքներս մեզ օգնելու, թե՛ նրա օժանդակությունը ստանալու։ Եթե ասենք, որ պետք է պատրաստ լինենք և՛ հավատքով, և՛ գաղափարապես, բայց թույլ լինենք ուժ-զորությամբ, ապա զորեղ թշնամու դեմ պարտություն կրելով կստացվի, որ դարձյալ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, ու կստացվի որ Ամենազորավոր Աստված չօգնեց մեզ, որովհետև ի սկզբանե չէինք ապավինել սեփական ուժ-զորություններին։ Այնպես որ, բոլոր դեպքերում, որպես հավաքականություն, մենք ազգովի պետք է պատրաստ լինենք հենց հավաք-ամբողջականությամբ՝ մեր բոլոր զորություններով՝ հավատքով, ոգեղենությամբ, հոգով, գիտակցությամբ, կամքով, վճռականությամբ, ուժով, զորությամբ՝ այսինքն՝ սրով ու խաչով, խաչով ու սրով։ Մեր երկու ձեռքերն էլ պետք է զինված լինեն հաղթազէն զորություններով, առանց մեկի, մյուսի հաղթանակը չի կարող երաշխավորվել։ Իսկ միասնական կիրառման դեպքում, հավաքական հաղթանակը կարելի երաշխավորել ու կյանքի կոչել։

Հետևաբար, հարցն այլ տիրույթ է տեղափոխվում․ ինչպե՞ս անել, որ այս երեք բաղադրամասերը ամբողջականանան։ Այսինքն՝ հավատավոր զանգվածը չգնա ինքնամեկուսացված աղոթելու, գաղափարական հատվածը գեներացնողները չգործեն առանձին, իսկ ռազմական պայքարի կոչ անողներն էլ չմնան միայնակ ու թևաթափ։ Այ սրա մասին արժե մտածել ըստ էության, առանց ավելորդ զգացմունքայնության, սթափ ու ողջախոհ, չափազանց պրագմատիկ՝ գործնական մոտեցմամբ։ Հակառակ դեպքում պատմության ճռռացող անիվը դարձյալ կընկնի ու կկոտրվի նույն ցեխաջրով լի փոսի մեջ․ հավատացյալ ժողովուրդը կասի, որ Աստված մեզանից երես է թեքել, որովհետև մեր մեղքերն են շատ, իսկ մենք չցանկացանք ապաշխարել, զղջալ ու դարձի գալ։ Քաղաքական շրջանակները կբողոքեն, որ միաբանություն չկարողացան ապահովել, իսկ ռազմական ճանապարհով հարցին մոտեցողները կտրտնջան, որ ռազմի դաշտում իրենք սակավաթիվ էին, քանզի մենակ մնացին ու պարտվեցին։

Որքան ծանոթ պատմական սցենար ու իրավիճակ է։ Իսկ լուծումը ընդամենը մեկն է, որը պատմական փորձառությամբ դարձյալ մենք ունենք՝ թե՛ 30 տարի առաջ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, թե՛ մեկ դար առաջ՝ Սարդարապատում․ երկու դեպքում էլ՝ վերապրած, հաղթանակած և հայրենիք ու պետականություն ունենալու իրավունքը վաստակած։  Իսկ դրա բանաձևն ընդամենը մեկն է՝ ինչպես անել, որ հոգևոր-իդեալիստական մտածողությունը և քաղաքական-գաղափարական մտածողությունը չհակասեն ու չխանգարեն միմյանց, որպեսզի կազմակերպելով ուժային-ռազմական կարողությունները՝ որպես եռամբողջ զորություն համարժեք հարված հասցնենք թշնամուն։ Ճիշտ այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ, երբ հոգևորը մնաց իր դիրքերի վրա անսասան, անվարան, ոգեպես առաջնորդող, քաղաքականը՝ ստանձնեց վճռականություն ու պատասխանատվություն, իսկ ռազմականն, առաջնորդվելով սրանցով, կերտեց ազգային- ազատագրական պայքարն ու հաղթանակը՝ զուգահեռ վերականգնելով հարյուրամյակներով կորսված պետականությունը։ Այս պարզունակ ալգորիթմը պետք է կիրառել նաև հիմա՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդությամբ և դրա շուրջ ձևավորելով ռազմաքաղաքական, պատմական, ռազմավարական պատասխանատու սուբյեկտ, որը կիրականացնի նույն այդ, բայց արդեն մերօրյա ազգային ազատագրական պայքարի համար անհրաժեշտ ինքնակազմակերպման, ինքնակառավարման ու ինքնապաշտպանության համընդհանուր մոբիլիզացիան։ Ինչն, ի դեպ, «Աշխարհաժողով» նախաձեռնության կողմից ներկայացվում է այդ պատմական, ռազմավարական սուբյեկտի ձևավորման և համընդհանուր մոբիլիզացիայի ճանապարհային քայլերի ուղեցուցային ձեռնարկի տեսքով։

-Ճիշտ է, Դուք «Աշխարհաժողով» նախաձեռնությամբ, հրապարակեցիք «Աշխարհաժողովի» մանիֆեստը և «Արարաչական կենսականոնագիրը»: Այսպիսով, դուք նախագծում եք հայի, հայկական քաղաքակրթության բյուրհազարամյա կենսընթացը, որը նաև մարդկությանն է վերաբերում: Բայց, որոնք են Ձեր պատկերացումները մոտ ապագայի, վաղվա մասին, չէ, որ ներքին թշնամու միջոցով, արտաքին թշնամին նվաճում է մեր Հայրենիքի վերջին փշրանքները:

-Թերևս, որպես ձեր առաջին երկու հարցադրումների ամփոփում և այս երրորդին ի պատասխան, տեղին է մեջբերել «Աշխարհաժողով» նախաձեռնության կողմից խաչերթի օրը հրապարակած հայտարարությունը, որտեղ ստեղծված իրավիճակից ելնելով ու նաև օրվա խորհրդով մասնավորապես շեշտադրվում էր հետևյալը․

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

  • Արարիչ Հայր Աստծուց հեռանալու զղջում և ապաշխարանք
  • Նախնյաց ազգային առաքելությունը ուրանալու զղջում և ապաշխարանք
  • Ազգային արժեհամակարգը դավաճանելու զղջում և ապաշխարանք
  • Արդի աշխարհի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ գայթակղություննե-րին տրվելու ու մոլորվելու զղջում և ապաշխարանք
  • Ամեն տեսակի չարիքի մերժում և հրաժարում

ՀԱՎԱՏԱՄՔԱՅԻՆ ՈԳԵՆՈՐՈԳՉՈՒԹՅՈՒՆ

  • Հոգևոր-Սրբազան էակի կայացում

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՐՁ

  • Ազգի կենսընթացային վերադարձ առ ԱՐԱՐԻՉ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ

Թերևս ամեն մի կետը իր բացատրության ու վերծանման կարիքն ունի, որը, կարծում եմ, այսօրվա մեր ասելիքը շատ կծանրացնի, բայց արժե, որ հաջորդ անգամ՝ առիթ լինելու դեպքում, քննարկենք հենց այս կետերը։ Սակայն այժմ կարճ ամփոփեմ դրանք՝ որպես և՛ հոգևոր-հավատամքային, և՛ ոգեղեն-գաղափարական մոտեցումների ամբողջացում։ Սրան մնում է միացնել համապետական ու համազգային համընդհանուր մոբիլիզացիայի ռազմավարական ծրագիր-հայեցակարգը, որն ինչպես նշեցի, «Աշխարհաժողով» նախաձեռնության շրջանակներում մշակված է՝ որպես հոգևոր, ռազմական, քաղաքական, տնտեսական կառավարման և այլ ոլորտների ամբողջական մոբիլիզացիա։

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ապագային, Ձեր նշած «Արարչական Կենսականոնա-գիր» և «Աշխարհաժողովի Մանիֆեստ» ապագայամետ հիմնարար աշխատությունների համատեքստում, թերևս, այդ ապագան ամփոփվում է վերոնշյալ՝ Հոգևոր-Սրբազան էակի կենսահայեցակարգի խորհախորհուրդ ու ապագայանվաճ բովանդակության ու էության մեջ, որն էլ լինելու է հայոց քաղաքակրթական հաղթարշավի բանալի-հասկացությունն ու կենսագործունեությունը, ինքնաիրացումն ու կայացումը։ Սակայն, կարծում եմ, մինչ այդ ամենին անցնելն ու կենսագործելը, նախ պետք է ստեղծենք դրա համար անհրաժեշտ պայմաններ, որը հնարավոր է Ազգային Պետության ու անվտանգության առկայության պայմաններում։ Իսկ վերջիններս էլ հնարավոր է, դարձյալ կրկնենք՝ հոգևոր-գաղափարական-ռազմական եռամիսանական ուժ-զորությունների ամբողջականացմամբ ու նպատակային գործադրման արդյունքում։ Թե ինչպես դրան հասնենք այսօրվա տարաբաժանված հասարակության ու քաոտիկ դրսևորումների պայմաններում, մեկ անգամ էլ եմ կրկնում՝ այդ քայլերի ճանապարհացույցի ռազմավարական փաթեթը կազմված է, մնում է դրա նախաձեռնման ու իրագործման առաջին համարձակ քայլերի մեկնարկը, որն այս պահին, կարծում եմ, պետք է մեկնարկի Հայոց եկեղեցին՝ որպես միակ լեգիտիմ մնացած ինստիտուցիոնալ կառույց մեր իրականության ու պետության մեջ։

Այնպես որ, աստվածային զորակցություն եւ առաջնորդություն մաղթենք Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աստվածազարմ ազգին հայոց՝ այս դժվարին ու պատասխանատու գործում, այս պատմական ժամանակներում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *