Քայլ արա` «տասովշիկից իշխանություն»

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությանը մասնակցում է 10 քաղաքական ուժ: Դրանց թվում է «Գյումրին կռնա» դաշինքը, որի համամասնական ցուցակի առաջին տեղում «Ազգային արժեք ակումբի» անդամ Վարդան Սրտաշյանն է։

  • Պարոն Սրտաշյան, մամուլում մի քանի օր է, ինչ լուրեր են պտտվում Գյումրիի ՏԻՄ ընտրություններում իշխանական ուժերի թեկնածուների կողմից վարչական լծակների կիրառման, թաղային հեղինակությունների, անգամ քրեական տարրերի ներգրավման ու այլ անթույլատրելի մեթոդների կիրառման մասին։ Ի՞նչ կասեք այս մասին։
  • Ես ինչ էլ ասեմ, մարդիկ ամեն ինչ առանց իմ ասելու էլ տեսնում են, չէ օր հենց հասարակ ժողովրդի քվեի համար է գնում այս պայքարը։ Շատերը վստահաբար արդեն հասցրել են զանգեր կամ  հանդիպման առաջարկներ ստանալ  բազմաթիվ անձանց կողմից՝ թաղային հեղինակությունների  կամ քրեական աշխարհի անձանց, ծանոթ , բարեկամի, հարևանի կամ խնամու կողմից։ Տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններում ձայն հավաքելու միակ մեխանիզմը մնացել է մարդկանց խնդրելը, տեղի ու անտեղի խոստումներ տալը, ծանոթ բանեցնելը կամ իշխանական լծակ կիրառելը։ Այս մասին հուշում է նաև գնացող ընտրապայքարը։ Դուք բացի քաղաքում շռայլորեն կախված բաներներից, պաստառներից, մի քանի մանր-մունր տեսահոլովակներից բացի այլ գործունեություն տեսնու՞մ եք։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է ընթանային դեբատներ, բանավեճեր, հեռուստատեսային եթերը պետք է լցված լիներ ոչ թե ոչինչ չասող, անբովանդակ տեսահոլովակներով, այլ ծրագրային, նորարարական լուծումների մասին պատմող տեսանյութերով։ Պետք է տպագրվեին լուրջ վերլուծական հոդվածներ, քննարկման դրվեին մասնակիցների ծրագրերը։ Ամեն ինչ ընթանում է անգամ առանց քննադատության, առանց սուր հարցերի և առանց ընտրություններին բնորոշ ինտրիգների։ Փոխարենը զանգեր, պայմանավորվածություններ, վարչական լծակ կիրառելու աներևույթ մեթոդներ․․․ մի խոսքով հանրապետական կոչված բարքերի վերադարձն ուղղակի ցավալի է։
  • Հանրապետական մեթոդ ասելով ի՞նչ ի նկատի ունեք։
  • Նկատի ունեմ այն, ինչ ժողովուրդը մերժեց 2018թ․-ին։ Իրականում 2018թ․-ին ժողովուրդը ընտրեց ոչ թե Նիկոլին, Նիկոլի ֆիգուրն այստեղ ընդհանրապես կարևոր չէր, այլ  մերժեց հներին։ Այդ հեղափոխություն կոչված գործընթացի անգամ կարգախոսն էր այդպես ընտրված՝ «Մերժիր սերժին»։ Սերժը ևս հավաքական կերպար էր՝ իր մեջ մարմնավորելով այն գարշելի երևույթները, որոնք տարիներ շարունակ մաշել էին թե մեր պետականությունը ու թե մեր հոգիները։ Ու մարդիկ, երբ մերժեցին այդ երևույթները, Նիկոլն ու իր թիմը եկան հներին փոխարինելու։ Քանի որ տրամաբանական էր՝ ով մերժելու է հներին, ինքը բերելու է նորը։ Այնինչ, ինչպես այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրություններն են ցույց տալիս, մերժված բարքերը ոչ միայն վերադարձել են, այլև գործում են նոր՝ ավելի կատարելագործված եղանակներով։ Թե նախկինում բացեիբաց կաշառք էր բաժանվում, այժմ կաշառքը կարծես օրինականացվել է ու տրվում է՝ ենթադրենք, վստահված անձ լինելու համար։ Մարդկանց շռայլվում են խոստումներ՝ պաշտոններ տալու, հետագայում ինչ որ հարցեր լուծելու և այլն։ Այնպես որ,հանրապետական բարքերի վերադարձ միգուցե և սխալ է ասել, ավելի ճիշտ կլինի օգտագործել վերածնունդ, վերազարթոնք բառերը։ Այն, ինչը մարդիկ մերժել էին 2018-ին, քիչ-քիչ հետ վերադարձավ նոր շուքով ու նոր ձևակերպումներով։ Շատերը այս պահին միգուցե դեռ չեն գիտակցում այս ամենը, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կդառնա։
  • Լավ, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում, ո՞րն է լուծումը։
  • 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թվում էր, թե գործող քաղաքական թիմը ևս մերժվելու է՝ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, տեղի ունեցավ շատերի համար անսպասելին։ Նախկին մերժվածների հետ գալու վտանգը տեսնելով, ժողովուրդն, ուղղակի ստիպված, ընտրեց ՔՊ-ին։ Շատերն ասում են, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլի ու իր թիմի վերարտադրությունը անտրամաբանական էին, սակայն ես դրա հետ համաձայն չեմ։ Ժողովուրդը իր ընտրությամբ մերժեց անցյալի արատավոր բարքերին վերադառնալու վտանգը՝ մերժեց նախկին արատավոր սկզբունքները։ Սակայն ինչ իմանար ժողովուրդը, որ այդ նույն բարքերը կենդանություն են ստանալու գործող, իր կողմից ընտրված իշխանությունների կողմից։ Գյումրիի ՏԻՄ ընտրությունները դրա վառ ապացույցն են։ Ու այժմ ես կարող եմ տալ՝ «ի՞նչ անել» հարցի պատասխանը։ Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ կար վտանգ, որ հետ կգան նախկին չինովնիկները, ապա այժմ, Գյումրիի ընտրություններում նման վտանգ բացարձակապես չկա։ Ու մարդիկ գոնե հիմա, խայտառակ կապիտուլյացիան հիշելով ու ներկայիս խայտառակ ընտրապայքարը տեսնելով, պետք է իրենց ձայնը տան այլ ուժերի։ Ես չեմ ասում, թե մեզ տան ձայները, ես ասում եմ, որ գործող իշխանությունները զգոնության ապտակ պետք է ստանան հենց Գյումրիում, Գյումրիում պարտվելով։ Ի դեպ գործող իշխանություն ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն ՔՊ-ին, այլև «Բալասանյան դաշինքին», որն, ամենայն հավանականությամբ, հետագայում, անհրաժեշտության դեպքում,  ծառայելու է ՔՊ-ի վերարտադրությանը։ Մարդիկ այս անգամ ևս պետք է մերժեն հին բարքերի վերադարձը՝ իրենց ձայնը չտալով հենց այդ հին բարքերը օգտագործող ներկայիս իշխանական ուժերին։ Ու նաև, բացի մերժելուց պետք է ընտրեն հանունի գաղափարը, պետք է տնտղեն մյուս մասնակիցներին ևգտնեն այն հանունը, որը պետք է գա փոխարինելու մերժվածներին ու մերժվածների արատավոր գործելաոճին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *