Հայաստանը՝ Չինաստանի կարևոր ռազմավարական գործընկեր:

Ռազմավարական բալանսը Կովկասյան տարածաշրջանում արագ փոփոխությունների է ենթարկվում: Արևմուտքը այս պահին Ռուսատանին դիտարկում է որպես՝ թուլացող պետություն: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ջանք չեն խնայում Վրաստանին իրենց <<բռի մեջ պահելու>> և Ռուսաստանից պաշտպանելու համար: Կովկասում ուժային վակումը լրացնելու համար Թուրքիան Արևմուտքի ամենահուսալի դաշնակիցն է: Պետք է նաև շեշտել, որ Ռուսատանը և Չինաստանը էլ ավելի են խորացնում համագործակցությունը:
Իրանը 400 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքելու Չինաստանի հետ, քանի որ երկրի տնտեսությունը ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների պատճառով բավականին տուժել է:
Իրանում կան ուժեր, որոնք ցանկանում են բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ մարդկանց շարքում է նաև երկրի նախագահ՝ Հասան Ռոհանին:
Կարող է տարօրինակ թվալ, բայց Թրամփի Իրանի նկատմամբ անհանդուժողական վերաբերմունքը՝ Իրանին մղել է դեպի ռուս-չինական համագործակցության դաշտ: Գրեթե հույս չկա, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Իրանի նկատմամբ կփոխվի եթե Ջո Բայդենը նախագահի ընտրություններում հաղթանակ տանի:
Հայաստանը հայտնվել է այս փոփոխությունների կիզակետում, նախկինում Ադրբեջանը Ղարաբաղյան հարցի պատճառով տարածաշրջանում բորբոքում էր կրքերը, իսկ այս պահին նրան փոխարինել է Թուրքիան: Անկարան շարունակում է իր ավանդական թշնամության սերմանումը Հայաստանի նկատմամբ, այս քայլով նա ցանկանում է Արևմուտքին բերել Կովկաս, միաժամանակ փորձելով կյանքի կոչել օսմանիզմի գաղափարները, իր ձեռքում կետնտրոնացնել՝ Հայաստանը և Միջին Ասիայի երկրները: Մոսկվան և Պեկինը խորապես անհանգստացած են Թուրքիայի վարած քաղաքականությունից:
Հայաստանում տեղի ունեցած <<թավշյա հեղափոխությունը>> սկզբնական շրջանում պետք է ներքին օրակարգերի վրա կենտրոնանար, բայց Նիկոլ Փաշինյանի՝ <<Իմ քայլը>> կուսակցության ներկայացուցիչներից որոշները տարբեր օրակարգեր էին մշակում, չնայած երկրում համաճարակի և ներքին անհնազանդության դրսևորումների առկայությանը: Նրանց քայլերը միտված էին Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից և Կովկասյան տարածաշրջանից:
Փաշինյանը արդեն գիտակցել է, որ նմանատիպ օրակարգ մշակելը այնքան էլ դյուրին չէ, քանի որ Հայսատանը ՌԴ-ից ռազմական կաղվածության մեջ է ինչպես նաև փորձում է խորացնել հայ-չինական հարաբերությունները: Չինաստանը նույնպես շահագրգռված է ռուսական զորքի ներկայությունից Կովկասյան տարածաշրջանում:
Հատկանշական է նշել, որ Չինաստանը մեծ խանդավառությամբ է դիմավորել իր երկիր այցելած ՀՀ ղեակավարներին:Թե՛ Նիկոլ Փաշինյանին,թե՛ Սերժ Սարգսյանին չինական կողմը մեծ խանդավառությամբ է հյուրընկալել և կարելի է փաստել Հայաստանի կարևորությունը չինական կողմի համար: Նման վերաբերմունքը զուգորդվել է Հայաստանում չինական դիվանագիտական ներկայությամբ:
Չինաստանը Մոսկվայից հետո երկրորդ ամենամեծ դեսպանատունն է կառուցել Երևանում: Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Չինաստանը պարփակված չէ իր գաղափարախոսության մեջ և անմիջապես հայտնվում է այն վայրում որտեղ համընկնում են իր շահերը:
Չինաստանը առևտրատնտեսական կապեր ունի նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ, բայց գիտակցում է, որ առաջինը կախված է՝ Թուրքիայից, իսկ երկրորդը՝ Արևմուտքից:
Չինասատանի համար Հայաստանը կարող է ավելի հուսալի գործընկեր դառնալ, եթե վերջինիս ղեկավարները հստակ պատկերացում կազմեն երկու երկրների ընդհանուր շահերի մասին:
Չինաստանը 75% հետաքրքրություն է ցուցաբերել Փոթիի ազատ արդյունաբերական գոտու նկատմամբ:
Անցած տարի, երբ Փաշինյանը այցելեց Չինաստան ականատես եղանք երկու երկրների ղեկավարների ջերմ և անկեղծ հանդիպմանը:
-Մեզ միավորում է համագործակցության ընդհանուր շահերը և քաղաքակրթական նպատակները, -նշում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նախագահը նաև հավելում է.
-Մենք քաջածանոթ ենք հայ ժողովրդի պատմության սև էջերին, հայ ժողովուրդը բազմիցս հալածվել է, բայց այն էլ երբեք չպետք է կրկնվի:
Չինաստանի նախագահը իր խոսքով ակնարկում էր հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանի հետ հարաբերություններում Չինաստանը նշում է, որ եթե Ադրբեջանը և Հայաստանը պետք է բարելավեն իրենց հարաբերությունները, ապա պարտավոր են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս ուղերձի ենթատեքստը նույնպես պարզ է (Չինաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, սա դիվանագիտական քայլ է):
Փաշինյանը նաև նշում է, որ երկու ժողովուրդները հին քաղաքակրթությունների ներկայացուցիչներ են և 5-րդ դարի հայկական ձեռագրերում հիշատակվել է երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները:
Չինաստանը առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, ինչպես նաև համարվում է Հայաստանի երկրորդ խոշորագոյւն առևտրային գործընկերը: 2018 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է՝ 29%-ով, հասնելով՝ 771 միլիոն դոլարի: Հայաստանի համար չինական ծրագրերը կարևոր են՝ հատկապես ենթակառուցվածքների արդիականացման համար:
Չինաստանը ընդգրկված է՝ Հայաստանի կարևոր մայրուղիների կառուցման աշխատանքների մեջ, բայց առավել կարևոր է մետաքսյա ճանապարհի կյանքի կոչելը, մինչդեռ Ադրբեջանը ակտիվ համագործակցում է Վրաստանի հետ, որպեսզի շրջանցի Հայաստանը:
Չինաստանը 12 միլիոն դոլար է հատկացրել հայ-չինական դպրոցի կառուցմանը, որտեղ այս պահին սովորում է 400 ուսանող:
Չինաստանը աշխարհի տարբեր անկյուններում << Հուավեյի խելացի քաղաքներ>> է կառուցում, Գերմանիայից մինչ Սինգապուր: Խոսակցություններ են եղել, որ նմանատիպ ծրագիր՝ 10 միլիարդ դոլար արժողությամբ իրականացվելու է նաև Հայաստանում, որը կխթանի Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին:
Քննարկվում է նաև մեկ այլ ծրագրի՝ <<Հորասիս Չինաստան 2020>> հանդիպումը, որը պետք է կայանար Երևանում, բայց համավարակի պատճառով հետաձգվեց և այն կկայանա 2021 թվականի՝ հոկտեմբերի 20-25-ը:
<<Horasis Vision Community>> կազմակերպության ավելի քան 300 անդամ, ովքեր մեծ հաջողություն են ունեցել բիզնեսում և կառավարական ոլորտում կմիանան այս ծրագրի իրագործմանը: Նշվում է , որ Horasis China-ն մեծ դեր է խաղալու Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման մեջ:
Տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի զարգացման համար կարևոր բաղադրիչ է, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի հարևանները մեկուսացման քաղաքականություն են վարում երկրի նկատմամբ: Հայաստանը նաև իր անվտագության հետ կապված լուրջ մարտահրավեևրների է բախվում, քանի որ Թուրքիան տարածաշրջանը ապակայունացնող քաղաքականություն է վարում:
Բարեբախտաբար պաշտոնական Երևանը հետևելով միջազգային զարգացումներին սկսեց էլ ավելի ամուր կեցվածք ընդունել:
Հայաստանը սկսեց բազմավեկտորային քաղաքականություն վարել, մասնավորապես սկսեց ակտիվ համագործակցել Հունաստանի և Կիպրոսի հետ, որոնք վերջին շրջանում թուրքական սպառնալիքի տակ են հայտնվել: Հայաստանի համար կարևոր գործընկեր է նաև Եգիպտոսը, քանի որ վերջինս Լիբիայի հետ կապված բազմաթիվ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ, միաժամանակ Թուրքիան ցանկանում է իսլամական սուննիների առաջնորդը դառնալ:
Վերջերս Զոհրապ Մնացականյանը այցելեց Եգիպտոս, որտեղ արտգործնախարարը հանդիպում ունեցավ Եգիպտոսի նախագահ՝ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ: Նախագահի և արտգործնախարարի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մյուս հանդիպումը երկու կողմերի միջև կկայանա Երևանում: Սա շատ կարևոր դիվանագիտական ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ այն կընդգրկվի Մերձավոր Արևելքի դիվանագիտական քարտեզում և կարևոր գործընկեր կդառնա այդ տարածաշրջանի երկրիների համար:
Գուցե այս դիվանագիտական հաջողությունները կարևոր են Հայաստանի համար, բայց չեն կարող փոխարինել գերտերության աջակցությունը, որը ըստ պաշտոնական Երևանի հենց Չինաստանն է: Ենթադրվում է, որ Չինաստանը ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, բայց այս մասին կարող է պաշտոնապես հայտարավել այն ժամանակ, երբ երկու երկրները կմասնակցեն Աստրախանում սեպտեմբերի 21-26-ը, Մոսկվայի նախաձեռնությամբ կայացվող՝<<Կովկաս 2020>> զինավարժություններին, որտեղ իրենց մասնակցությունը կունենան՝ Հայաստանը, Բելառուսը, Իրանը, Մյանմարը, Պակիստանը և Չինաստանը:
Ռուսաստանը և Չինաստանը հաստատել են՝ <<համապարփակ ռազմավարական գործընկերություն>> , համագործակցելով՝ ռազմական և դիվանագիտական հարցերում և նրանց գլխավոր նպատակն է հակազդել ամերիկյան ազդեցությանը իրենց հարևան երկրներում: Ռուսաստանը և Չինաստանը ակտիվ համագործակցում են նաև ՄԱԿ-ում, հատկապես Անվտանգության խորհրդի օրակարգերում ներառված ռազմական հարցերի վերաբերյալ:
Չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց այն Չինաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը խանգարում է Թուրքիային, որպեսզի այն կարողանա ուղղություն վերցնել դեպի Միջին Ասիա և միավորի թուրքական ժողովուրդներին: Չինաստանի համար Հայաստանը անվտանգության այն գոտին է, որը խանգարում է թուրքերին հայտնվել Միջին Ասիական երկրներում: Թուրքիան ջանք չի խնայում Չինաստանի Սինցզյան մարզում բնակվող ույղուրների մահմեդական փոքրամասնությանը ոտքի կանգնեցնելու և կենտրոնական կառավարության դեմ ապստամբելու համար: Չինաստանի կառավարությունը ամենակոշտ միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի երկրում նմանատիպ ծայրահեղական դրսևորումներ չլինեն և կառավարությունը բավականին արդյունավետ կերպով է ճնշումներ գործադրում նրանց վրա:
Հայաստանը կարող է ԱՄՆ-ից որոշ օգուտներ քաղել, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և տարածաշրջանում մեծ կարևորություն ունի ԱՄՆ-ի համար, ասյտեղից էլ կարող ենք հետևություն անել, որ Արևմուտքը չի կարող Հայաստանի անվտագության երաշխավորի դեր ստանձնել:
Հայաստանի և Չինաստանի շահերը համընկնում են, քանի որ Թուրքիայի դերը Կովկասում աճում է:
Հ.Գ Հոդվածը հրապարակվել է՝ 17.09.2020թ-ին: Բայդենը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իսկ Չինաստանը արդեն կնքել է 400 միլիարդ դոլարի պայմանագիրը Իրանի հետ։

Հոդվածի հեղինակ՝ Էդմոնդ Ազադիան:
Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը:
Խմբագրեց՝ Շուշան Ղազարյանը:

Աղբյուրը՝https://mirrorspectator.com/2020/09/17/the-confluence-of-armenian-chinese-interests/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *